Արծվիկ Մինասյանին ներկայացվել է պաշտոնական մեղադրանք

Հուլիսի 4-ին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես եկավ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Նրան ներկայացված մեղադրանքները ուղղակիորեն կապված են այն քրեական գործի հետ, որով մեղադրվում է նույն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Երկու գործերն էլ վերաբերում են Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքի ապօրինի զավթմանը և դրա օրինականացման փորձերին։

Մեղադրանքը վերաբերում է 2016–2018 թվականներին, երբ Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը։ Ըստ գլխավոր դատախազի՝ նա, լինելով այդ շրջանում գործող միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, ապօրինի կազմակերպել է պետական հողի վարձակալության մրցույթ։ Խոսքը վերաբերում է 10,526 քմ մակերեսով հողատարածքին, որի վրա արդեն կառուցվել էր առանձնատուն՝ առանց օրինական հիմքերի։

Մրցույթը, ըստ մեղադրանքի, տեղի է ունեցել 2016 թվականին և հողատարածքը 25 տարով հանձնվել է Բենիամին Ղալեչյանին՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի։ Դրա համար օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են մրցութային հանձնաժողովին՝ նշելով, թե տարածքը զերծ է որևէ շինությունից։ Այդ ձևով հնարավոր է դարձել թաքցնել արդեն իսկ գոյություն ունեցող ապօրինի շինությունը և ապահովել դրա հետագա շահագործումը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ Արծվիկ Մինասյանի գործողությունները եղել են միտումնավոր։ Նա ոչ միայն չի կանխել ապօրինությունները, այլև նպաստել է դրանց օրինականացմանը՝ վնաս հասցնելով պետական շահերին։ Մասնավորապես՝ «Սևան» ազգային պարկը զրկվել է տարածքի նպատակային նշանակությամբ օգտագործման հնարավորությունից, իսկ ապօրինի կառուցված առանձնատան օրինականացմամբ՝ թաքցվել է առանձնապես ծանր հանցագործություն։

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 2003 թ․ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ), որը համարժեք է 2022 թ․ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին։ Սահմանված է պատիժ՝ 2-ից 6 տարվա ազատազրկում՝ հնարավորությամբ մինչև 3 տարի որոշ պաշտոններ զբաղեցնելու արգելքով։

Scroll to Top