Քրեական հետապնդումներ ընդդիմադիր պատգամավորների դեմ. Սեյրան Օհանյանին ներկայացված մեղադրանքների մանրամասները

Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ նախաձեռնված քրեական գործընթացների շրջանակում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հանդես եկավ երեք ընդդիմադիր պատգամավորների, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ։ Դատախազության հաղորդմամբ՝ Օհանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հանցագործությունների՝ այդ թվում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու համար։

Ըստ քննչական մարմնի՝ Սեյրան Օհանյանը, ով 2008-2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, օգտագործելով իր դիրքը, 2010-2015 թվականներին ապօրինի կերպով զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող 10,526 քմ պետական հողատարածք, որը մտնում է «Սևան» ազգային պարկի բնության հատուկ պահպանվող գոտու մեջ։ Հողատարածքի վրա առանց օրենքով սահմանված թույլտվության կառուցվել է առանձնատուն՝ շուրջ 125 միլիոն դրամ գնահատված արժեքով։ Ըստ մեղադրանքի՝ շինարարությունը կատարվել է Պաշտպանության նախարարության ռեսուրսների միջոցով՝ նախարարի հանձնարարությամբ ներգրավվել են ինչպես նախարարության աշխատակիցներ, այնպես էլ կապալառու ընկերություններ։ Հատկանշական է, որ առանձնատան պահպանությունն իրականացրել են ռազմական ոստիկանության ծառայողները, որոնց աշխատավարձը՝ 13.12 միլիոն դրամ, վճարվել է պետբյուջեից։

Հետաքննության տվյալներով՝ 2016 թվականին Օհանյանը նախաձեռնել է, որ հողատարածքն օրինականացվի՝ կազմակերպելով մրցույթ, որի արդյունքում հողը 25 տարով վարձակալությամբ փոխանցվել է իր հետ կապ ունեցող անձին՝ Բենիամին Ղալեչյանին։ Մրցույթին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, որոնցում նշված է եղել, թե տարածքը զերծ է որևէ կառուցվածքից։ Ղալեչյանը, ով Օհանյանի վարորդի ազգականն է, ստացել է վարձակալության իրավունքը, ինչի արդյունքում առանձնատան փաստացի տիրապետումը շարունակվել է՝ առանց իրավական հետևանքների։

Բացի դրանից, Օհանյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Քննչական մարմինը պնդում է, որ նա ստանալով «Սիտտա Գրուպ» ընկերությունից 58 միլիոն դրամ կաշառք՝ ապահովել է այդ ընկերության շահերը պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պետական գնումների մրցույթներում։ Ըստ գործի նյութերի՝ ընկերությունը կատարել է առանձնատան վերանորոգման աշխատանքներ ընդհանուր 64.5 միլիոն դրամ արժեքով, սակայն նախարարի աշխատակազմի ներկայացուցչի՝ Աշոտ Գրիգորյանի միջոցով հրաժարվել է վճարել այդ գումարի մեծ մասը՝ համարելով այն «ատկատ»՝ ապագա արտոնությունների դիմաց։ Ընկերության ղեկավար Լևոն Բարսեղյանը, ըստ հետաքննության, վախենալով կորցնել նախարարության հետ պայմանագրերը և իր որդու պաշտոնը, չի բարձրացրել վճարման հարցը։

Մեղադրանքները ներառում են նաև այն, որ Օհանյանը, հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր 2021-2024 թվականներին, իր տարեկան գույքի և եկամուտների հայտարարագրերում չի նշել ոչ հողատարածքի, ոչ էլ առանձնատան մասին որևէ տեղեկություն։ Դատախազության գնահատմամբ՝ չհայտարարագրված գույքի արժեքը տարբեր տարիներին կազմել է 123.4-ից մինչև 166.4 միլիոն դրամ։

Սեյրան Օհանյանին առաջադրվել են մեղադրանքներ մի քանի հոդվածներով։ Դրանց թվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահումը՝ որը հանգեցրել է ծանր հետևանքների, առանձնապես խոշոր չափի կաշառակերությունը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացումը, ինչպես նաև կեղծ հայտարարագրերի ներկայացումը։ Յուրաքանչյուր մեղադրանք ունի իր պատժաչափը, որոնց շրջանակում Օհանյանը կարող է դատապարտվել ազատազրկման՝ երկուից մինչև տասներկու տարի ժամկետով՝ հնարավոր գույքի բռնագրավմամբ և պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկմամբ։

Գլխավոր դատախազության գնահատմամբ՝ Օհանյանի գործողությունները համակարգված բնույթ են կրել, նպատակ ունենալով ապօրինի կերպով ձեռք բերել և պահպանել արժեքավոր գույք՝ պետական ռեսուրսների և պաշտոնեական լծակների օգտագործմամբ։ Քրեական հետապնդման սկսման համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը՝ պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու նպատակով։ Քննարկումը ընթանում է ներկայիս օրենսդիր մարմնի շրջանակում՝ հնչող տարբեր կարծիքների և գնահատականների պայմաններում։

Scroll to Top