Հայաստանը տոտալիտար ռեժիմի ձևավորման ճանապարհին

Նիկոլ Փաշինյանի նպանակները պարզ են՝ տոտալիտար կառավարման ձևավորում և այսպես կոչված «Իրական Հայաստան» կոնցեպտի առաջմղումը, որը քողարկում է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վասալային կախվածությունը։ Այս մասին նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ինչպես նշում է Սուրենյանցը, մինչև 2020 թվականը Հայաստանում գործում էր ընդգծված ավտորիտար ռեժիմ։ Այդուհանդերձ, ներկայում Փաշինյանի կառավարումը, վերլուծաբանի կարծիքով, անցում է կատարում դեպի տոտալիտարիզմ։ «Տոտալիտար ռեժիմը տարբերվում է ավտորիտարիզմից նրանով, որ այն ձգտում է վերահսկել հասարակական կյանքի բոլոր ոլորտները», — ընդգծում է նա։

Սուրենյանցը բացատրում է, որ Փաշինյանի նպատակն է վերացնել դեմոկրատիայի հիմնական սկզբունքները՝ հաշվետվողականությունը և քաղաքական պատասխանատվությունը։ Թեև ընտրությունների ինստիտուտը ձևականորեն գործում է, այն զուրկ է բովանդակությունից։

Նա համողված է, որ Փաշինյանը ձգտում է 2026 թվականի ընտրությունները վերածել ձևական միջոցառման՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը։ Օրինակ, դատարանները կամ նախաքննության մարմինները կարող են արգելել որոշ անձանց զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «Փաշինյանի նպատակն է, որ ընտրություններում իր հիմնական մրցակիցները լինեն, օրինակ, Լևոն Շիրինյանի նման գործիչներ կամ Արման Բաբաջանյանի հետ գաղափարական դաշինք կազմող ուժեր», — նշում է վերլուծաբանը։

Վերլուծաբանը կանխատեսում է, որ Հայաստանում սպասվում են լուրջ ցնցումներ, որոնց արագացմանը նպաստում է հենց Փաշինյանի քաղաքականությունը։ Նա ընդգծում է, որ վարչապետը 2026 թվականի ընտրություններից առաջ բացահայտ ազդանշան է տալիս, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարող են հայտնվել բանտում, իսկ մյուսները ստիպված կլինեն խաղալ իրենց հաշվարկված դերերը։ «Բոլոր ողջամիտ մարդիկ, ովքեր հույս ունեին, որ Փաշինյանը 2026 թվականի ընտրությունները կօգտագործի քաղաքակիրթ կերպով հեռանալու համար, այժմ հիասթափված են։ Ակնհայտ է, որ նա մսխում է իր վերջին հնարավորությունը», — եզրակացնում է Սուրենյանցը։

Երկրորդ կարևոր խնդիրը, որին անդրադառնում է Սուրենյանցը, «Իրական Հայաստան» կոնցեպտն է, որը նա համարում է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վասալային կախվածության քողարկված ձևակերպում։ Նրա խոսքով՝ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը ենթադրում է ազգային և քաղաքակրթական արժեքների, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու և այլ ինստիտուտների դեմ հետևողական պայքար։ «Այդ կոնցեպտին հակասում է հայկական ազգային ինստիտուտների գոյությունը, քանի որ դրանք չեն կարող գործել Թուրքիայից և Ադրբեջանից կախվածության պայմաններում», — պնդում է նա։

Սուրենյանցը նշում է, որ Փաշինյանի անվտանգության երաշխիքները կախված են բացառապես Թուրքիայից, ինչը նա համարում է «պարզ և պրիմիտիվ» հաշվարկ։ Այդուհանդերձ, այդ ռազմավարությունը երաշխավորված հաջողություն չի խոստանում։ Նա ընդգծում է, որ Փաշինյանը նպատակաուղղված աշխատում է վերացնել դիմադրության կենտրոնները, սակայն դրանց կենսունակությունը պահպանելու համար անհրաժեշտ են զգալի ջանքեր, հաշվի առնելով վերջին տարիների ավերիչ ազդեցությունը։

Scroll to Top