Աբու Դաբիում կայացած հանդիպումը, ի հեճուկս իշխանության ակնկալիքների, մեղմ ասած՝ հաջողված չէր։ Այս անգամ նույնիսկ իշխանամետ մեդիա դաշտն է պահպանում լռություն, թերևս գիտակցելով, որ անհարկի է հնչեցնել մեծաքանակ կեղծ ակնկալիքներ։ Նման կարծիքի է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսով՝ Փաշինյանն, ըստ ամենայնի, հույս ուներ, որ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ գնալու իր ջանքերը կգնահատվեն, որ Էրդողանի միջամտությունը դեր կխաղա, որ Վաշինգտոնը ճնշում կգործադրի, և Ալիևը կգա ոչ թե նոր պայմաններով, այլ արդեն ստացածը փաստաթղթավորելու նպատակով, սակայն իրականությունը ցույց տվեց հակառակը։
Ալիևի պահվածքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրա ախորժակն անսահման է, և նույնիսկ միջազգային ճնշումները նրան չեն կանգնեցնում, նշում է ադրբեջանագետը։ «Պատահական չէ, որ տարիներ առաջ նա հրաժարվեց ստորագրել ԼՂ կարգավորման առաջարկը Կազանում՝ փախչելով գրեթե համաձայնեցված փաստաթղթից։ Այսօր էլ նույն մոտեցումն է՝ առավել ինքնավստահությամբ։ Ալիևը հասկացել է, որ մինչև իր դեմ չեն կիրառվում հստակ գործիքներ, իսկ բոլոր միջազգային դերակատարները միայն փորձում են սիրաշահել նրան, ինքը պարտավոր չէ որևէ զիջման գնալ։ Խաղը նրա ձեռքում է», — համոզված է Հայրապետյանը։
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել այն փաստի վրա, որ Ալիևի վարչակազմի համար «թշնամու կերպարը» պետականության հիմք է։ «Նա դրանից չի հրաժարվի։ Ավելին՝ 2020-ից հետո Ադրբեջանում այդ քարոզը միայն ուժգնացել է։ Այդ ֆոնին որևէ իսկական հաշտեցման գործընթաց չկա։ Ադրբեջանում ձերբակալվում են խաղաղության մասին խոսող ակտիվիստները, իսկ միջազգային գործընկերները փորձում են գոնե «թղթի կտոր» ստանալ՝ այն էլ ապարդյուն։
Ես դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հանդիպման ժամանակ ասել եմ Փաշինյանին՝ պարտված ղեկավարն անկարող է արդյունավետ բանակցել։ Դա չէր ուղղված անձնական վիրավորանքի։ Դա իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հստակ մտահոգությունն էր։ Քանի որ երկրի շահը հնարավոր չէ լիարժեք ներկայացնել, երբ բանակցությունների սեղանի մյուս կողմում նստած է մեկնել, ով պարտվել է և զուրկ է վստահությունից», — եզրափակեց ադրբեջանագետը։

