Հայաստանը փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Անկարա

Հայաստանը հայտնվել է անվտանգության վակուումում. ՀՀ կորցրել է իր անվտանգային ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, իսկ այլընտրանք չի գտնվել։ Այս մասին հայտարարել է միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձել են զարգացնել անվտանգության համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, սակայն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո բոլոր ջանքերը զրոյացվե է։ Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև Եվրամիության հետ հարաբերություններում. Ռուսաստանին որպես անվտանգության գործընկեր փոխարինելու առումով որևէ շոշափելի արդյունք չի գրանցվել։

«Արդյունքում մենք տեսնում ենք արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն՝ շարժում դեպի Անկարա», — նշում է փորձագետ Արմեն Մանվելյանը։ «Գործող կառավարությունը փորձում է Հայաստանը մերձեցնել Թուրքիային։ Այս համատեքստում մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ղեկավարությունը զիջումների կգնա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարել է, թե հայկական կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերում այս հարցի շուրջ բանակցություններում»։

Մանվելյանի կարծիքով՝ Թուրքիային հաջողվել է Զանգեզուրի միջանցքի նախագիծը որոշակիորեն «վաճառել» Արևմուտքին, մասնավորապես՝ համոզելով Միացյալ Նահանգներին դրա անհրաժեշտության մեջ։ Այս համատեքստում է փորձագետը դիտարկում մամուլում տարածված տեղեկությունները, թե ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել երաշխավորել երթուղու անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները, օգտագործելով այլ ձևակերպումներ, փորձում են հանրությանը համոզել, որ այս քայլը նպաստելու է տնտեսության զարգացմանը։ Սակայն, Մանվելյանի կարծիքով, միջանցքի բացումը այնպիսի սցենարով, որի դեպքում Հայաստանը չի վերահսկում իր տարածքում մուտքն ու ելքը, հանգեցնելու է ինքնիշխանության կորստի։ «Այս զիջումը, ամենայն հավանականությամբ, վերջինը չի լինի», — հավելում է նա։

Փորձագետը նշում է, որ Ադրբեջանը դիտավորյալ ձգձգում է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ խուսափելով Հայաստանի համար վերջնական կարգավիճակ սահմանող իրավիճակից։ «Ադրբեջանը կշարունակի հետաձգել գործընթացը՝ Հայաստանը հնարավորինս թուլացնելու և անդառնալի գործընթացներ սկսելու համար», — պնդում է Մանվելյանը։ Նրա կարծիքով, այս համատեքստում նույնիսկ Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը չի կարող էականորեն ազդել երկրի ռազմավարական դիրքի վրա։

Scroll to Top