Հորիզոնում նոր ուժ. Կհամախմբվի՞ արդյոք ընդդիմությունը Սամվել Կարապետյանի շուրջ

Հայաստանում քաղաքական այս տարվա թեժ ամառը կրկին սրել է հարցը՝ հնարավո՞ր է արդյոք իրական այլընտրանք գործող իշխանություններին։ Հավանական պատասխանը, կարծես, ձևավորվում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական նախաձեռնության շուրջ, որը նա ներկայացրել է կալանավայրից՝ հայտարարելով «սկզբունքորեն նոր ուժ» ստեղծելու և ընդդիմադիր դաշտը դրա շուրջ համախմբելու մտադրության մասին։

Վերլուծաբանների կարծիքով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սուրբ պայքար» շարժման փոխարեն կարող է ի հայտ գալ ավելի հզոր քաղաքական միավորում՝ նպատակ ունենալով ազդել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

Ո՞վ կգլխավորի շարժումը

Լինելով ՌԴ քաղաքացի՝ Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետի պածտոնին։ Այդ իսկ պատճառով փորձագիտական շրջանակներում ավելի շատ քննարկվում են մի քանի այլ անուններ, այդ թվում՝ նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Վիլհելմի Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը (Սամվել Կարապետյանի եղբայրը) չունի հասարակական լայն ճանաչում կամ քաղաքական խարիզմա։ Եթե նա դառնա նոր ուժի դեմքը, ապա հիմնականում ընկալվելու է որպես եղբոր՝ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ, այսինքն ունենալու է ավելի անգլիական թագուհու կարգավիճակ։ 

Կարեն Վ. Կարապետյանը, իր հերթին, թվում է առավել խոստումնալից թեկնածու։ Նա կրթված է, խարիզմատիկ և ընկալվում է որպես պրագմատիկ գործիչ, որն ունակ է գրավելու չեզոք ընտրողների որոշակի հատված։ Սակայն նրա անցյալը՝ Սերժ Սարգսյանի կառավարության անդամ, բարեկամական կապերը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ, կարող են որոշակի բացասական ազդեցություն ունենալ։ 

Ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ Կարեն Վ. Կարապետյանը ասոցացվում են Ռուսաստանի հետ, ինչը նույնպես կարող է խոչընդոտել հասարակական լայն համախմբումը, քանի որ ըստ հարցումների  ՌԴ-ի նկատմամբ վստահությունը ՀՀ-ում զգալիւրեն նվազել է։ Այս անձանց քաղաքական ակտիվությունը հայաստանյան որոշ շրջանակներ կարող են ընկալել կոմ առնվազը ներկայացնել, որպես ՌԴ միջամտություն, շարժման ինքնուրույնության բացակայության։

Ռիսկերն ու հնարավորությունները

Կարևոր է նաև, թե ովքեր կդառնան շարժման դաշնակիցները։ Եթե նրան միանան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ապա դա, մեծ հավանականությամբ, կարող է չեզոք  հատվածների մոտ առաջացնել բացասական արձագանք։ Երկու նախկին նախագահներն էլ ունեն բարձր հակառեյտինգ և մարմնավորում են այն «հին համակարգը», որի դեմ, ըստ հարցումների, հանդես է գալիս հասարակության զգալի հատվածը։ Ավելին՝ նրանց միջև առկա է ներքին լարվածություն, որը կարող է խաթարել ընդդիմադիր համախմբման ցանկացած փորձ։ Հետևաբար, նրանց իրական աջակցությունը կարող է արտահայտվել այն դեպքում, եթե նրանք հայտարարեն քաղաքականությունից հեռանալու մասին՝ միաժամանակ կոչ անելով իրենց կողմնակիցներին միանալ նոր ձևավորվող ուժին։

Այսպիով՝ նոր ուժը ունի ժամանակ և հնարավորություն, սակայն կան նաև լուրջ ռիսկեր և խոչընդոտներ, որոնց անհրաժեշտ է հաշվի առնել ռազմավարությունը մշակելիս։ Հասարակության վստահությունը շահելու համար անհրաժեշտ է ավելին, քան պարզապես կապիտալ կամ խարիզմա։ Պետք է նոր տեսլական, որը խոստանում է այլընտրանք ոչ միայն ներկա իշխանությանը, այլև նախկին համակարգերին ու գաղափարազուրկ ընդդիմությանը։

Scroll to Top