Հայաստանին այս փուլում, ամենայն հավանականությամբ, չեն հեռացնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), սակայն կառույցի ներսում Երևանին շտապեցնում են՝ ակնկալելով, որ Հայաստանը հստակեցնի իր հետագա արտաքին-տնտեսական կողմնորոշումը։ Այս տեսակետն է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությանը։
Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանի իշխանությունները ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեին և չընդունեին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
«Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույց է, և հնարավոր էր հանգիստ բացատրել գործընկերներին, որ Հայաստանը տնտեսական առումով որևէ խնդիր չունի, պարզապես ցանկանում է որոշ ոլորտներում կիրառել եվրոպական փորձը՝ երկիրը ավելի ժամանակակից և մրցունակ դարձնելու համար», — նշել է Բալասանյանը։
Նրա կարծիքով՝ իրավիճակը սրվեց հենց այն բանից հետո, երբ ընդունվեց ԵՄ անդամակցության վերաբերյալ օրենքը, և դրան զուգահեռ հնչեցին հայտարարություններ այն մասին, թե Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, մինչև Եվրամիությունը պատրաստ չլինի ընդունել երկիրը իր կազմ։
Միջազգայնագետի խոսքով՝ միջազգային հարաբերությունների պրակտիկայում նման մոտեցուման նախադեպը չկար։ Որպես օրինակ նա նշել է Բրազիլիան, որը լինելով ԲՐԻԿՍ-ի անդամ, շարունակում է բնականոն տնտեսական հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների և ամերիկյան մայրցամաքի մյուս երկրների հետ՝ առանց իր անդամակցությունը տարբեր միջազգային միավորումներում հակադրելու։
Բալասանյանի համոզմամբ՝ պետք չէր սրել իրավիճակը և ստեղծել տպավորություն, թե Հայաստանը կանգնած է «կամ-կամ» ընտրության առաջ։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հեռացվել ԵԱՏՄ-ից, նա նշել է, որ նման որոշում կարող է ընդունվել միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմինների մակարդակով։ Սակայն նրա գնահատմամբ՝ այս փուլում գործընկերները նախընտրել են չգնալ հարաբերությունների հետագա սրման ճանապարհով և սահմանափակվել են քաղաքական զգուշացումներով։
«Հայաստանին ժամանակ տրվեց, բայց միաժամանակ հասկացվեց, որ այդ ժամանակը անսահման չէ և վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի հստակ որոշում կայացնել», — նշել է նա։
Միջազգայնագետը ընդգծել է, որ քաղաքական ցանկացած որոշման արդյունավետությունը պետք է գնահատվի քաղաքացիների շահերի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ եթե իրականացվող քաղաքականության արդյունքում տուժում են Հայաստանի քաղաքացիները, գյուղատնտեսությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները, ապա անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականության նպատակահարմարությունը։
Բալասանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը հատկապես զգայուն է դարձել այն պատճառով, որ համընկել է նախընտրական շրջանի և հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ամենաակտիվ սեզոնի հետ։
Նրա խոսքով՝ եթե նման զարգացումները տեղի ունենային տարվա այլ ժամանակահատվածում, հասարակական արձագանքը գուցե այդքան սուր չլիներ, սակայն այժմ խնդիրը անմիջականորեն անդրադառնում է հազարավոր գյուղացիական տնտեսությունների և արտահանողների վրա։

