ԵԱԶԲ-ն 2026 թվականին ակնկալում է դրամի ամուր փոխարժեքի պահպանում՝ միջինը 376 դրամ/դոլար

ԵԱԶԲ-ն 2026-ին ակնկալում է դրամի ամուր փոխարժեքի պահպանում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականին ակնկալում է դրամի ամուր փոխարժեքի պահպանում՝ միջինը 376 դրամ/դոլար:

«Կանխատեսում ենք 2026 թվականին դրամի տարեկան միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ 376 մակարդակում։ Ընթացիկ տարում կգերակշռեն դրամի ավելի ամուր փոխարժեքի օգտին հանդես եկող գործոնները, օրինակ՝ արտահանման վերականգնումը և բարձր զբոսաշրջային ակտիվությունը:

Դրամական փոխանցումների մեծ ծավալները կաջակցեն դրամի փոխարժեքին: 2026 թվականի հունվար-ապրիլին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը՝ ընդլայնված սահմանմամբ¹, տարեկան կտրվածքով (տ/տ) աճել է 17,2%-ով՝ հասնելով 2,0 միլիարդ դոլարի: Միջնաժամկետ հեռանկարում ակնկալում ենք փոխանցումների ծավալի հետագա աճ՝ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի վերականգնման ֆոնին, ինչը կարող է աջակցել դրամի փոխարժեքին:

Միջազգային պահուստների բարձր մակարդակը և երկրի ռիսկի պրեմիայի նվազումը ամրապնդում են տնտեսության արտաքին կայունությունը և նվազեցնում փոխարժեքի կտրուկ տատանողականության հավանականությունը: Հայաստանի միջազգային պահուստները 2026 թվականի մարտին հասել են ռեկորդային՝ 5,5 միլիարդ դոլարի:

Տոկոսադրույքների բարձրացումը նույնպես կդառնա դրամին աջակցող գործոն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և Հայաստանի ֆինանսական շուկայի այլ դրույքաչափերի աճը կբարձրացնի ազգային արժույթով արտահայտված ակտիվների գրավչությունը և կաջակցի դրամի նկատմամբ պահանջարկին:

2027–2028 թվականներին տարեկան միջին փոխարժեքը կկազմի շուրջ 388 դրամ/դոլար: Դրամի փոխարժեքի չափավոր թուլացումը տեղի կունենա երկու հիմնական գործոնների ազդեցությամբ.

  1. պարենի և հումքի համաշխարհային գների բարձրացումը կավելացնի արտասահմանյան մատակարարումների արժեքը և, որպես հետևանք, արտարժույթի պահանջարկը.
  2. ներմուծման բարձր պահանջարկը կդառնա փոխարժեքի թուլացման լրացուցիչ գործոն: Սպառման և ներդրումային ակտիվության աճը կաջակցի ապրանքների և ծառայությունների ներմուծմանը, ինչը կմեծացնի տնտեսության կարիքն արտարժույթի նկատմամբ»,- նշվում է 2026–2028 թվականների համար ԵԱԶԲ-ի թարմ մակրոտնտեսական կանխատեսման մեջ:


https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top