ԿԸՀ որոշման հետևանքով մանդատները բաշխվելու են ապօրինի

ԿԸՀ որոշման հետևանքով մանդատները բաշխվելու են ապօրինի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ վերաքվեարկություն չնշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքները ճանաչվել էին անվավեր, կբերի մանդատների ապօրինի բաշխման։ Նման կարծիքի է  քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ 

Երեսպաշտություն և  հանցագործություն

Նա հօշեցրոց, որ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ԿԸՀ-ն շատ կարճ հայտարարեց, որ այդ տեղամասերում վերաքվեարկություն չի անցկացվելու։ Ավելի ուշ հանձնաժողովը հրապարակեց նաև այս որոշման հիմնավորում ներկայացնող հայտարարություն, որը, Թորոսյանի գնահատմամբ, իրավական առումով անհիմն է։

«Փորձ է արվում հիմնավորել, թե ինչու չպետք է այդ տեղամասերում վերաքվեարկություն անցկացվեր։ Ընդ որում՝ հիշատակվում են անգամ Սահմանադրական դատարանն ու Վենետիկի հանձնաժողովը։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։ Սա բարոյական առումով երեսպաշտություն է, իրավական առումով՝ հանցագործություն», — հայտարարել է նա։

Հղում ընտրական օրենսգրքին

Թորոսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ պետք է տեղի ունենա, եթե որևէ տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր։

Նրա մեկնաբանմամբ՝ եթե անվավեր ճանաչված ձայները կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա, ապա պարտադիր պետք է անցկացվի նոր քվեարկություն, որպեսզի վերացվեն խախտումների հետևանքները։

Թորոսյանի համոզմամբ՝ ԿԸՀ-ն խնդիրը ներկայացնում է այնպես, կարծես վերաքվեարկությունն ընդհանրապես հնարավոր չէ, մինչդեռ օրենքը քննարկում է միայն մեկ հարց՝ արդյոք տվյալ դեպքում այն պարտադիր է, թե ոչ։

«Օրենսգիրքը շատ հստակ ասում է՝ եթե այդ ձայները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա պետք է վերաքվեարկություն անցկացվի։ Ուստի մնում է պարզել միայն՝ ինչ է համարվում ընտրության արդյունք», — նշել է նա։

Թորոսյանը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է ընտրությունների արդյունքների բովանդակությունը։ Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի արդյունք են համարվում երկու հիմնական հանգամանք՝ ընտրությունների կայացած լինելը և մանդատների բաշխումը։

Նրա գնահատմամբ՝ հենց մանդատների բաշխման փուլում է տեղի ունեցել խախտումը։«Եթե մանդատների բաշխումը կատարվում է օրենքի խախտմամբ, ապա արդեն իսկ խաթարված են ընտրությունների արդյունքները», — նշել է նա։

«Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել անցողիկ շեմը

Թորոսյանի ներկայացմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ 159 ձայն էր պակասում 4 տոկոսի ընտրական շեմը հաղթահարելու համար։

Միաժամանակ, նրա տվյալներով, վերոհիշյալ երեք տեղամասերում քվեարկել էր շուրջ 3600 ընտրող։  «Ակնհայտ է, որ 3600-ից 159 ձայն ստանալը որևէ դժվարություն չէր ներկայացնում։ Ավելին, նախորդ քվեարկության ընթացքում այդ տեղամասերից երկուսում կուսակցությունը ստացել էր մոտ 100 և մոտ 130 ձայն։ Եթե նույնիսկ նույն արդյունքներն էին կրկնվելու, «Բարգավաճ Հայաստանը» հաղթահարում էր անցողիկ շեմը», — ասել է նա։

Թորոսյանի համոզմամբ՝ այս հանգամանքը բավարար է փաստելու համար, որ այդ 3 տեղամասերի ձայները կարող էին անմիջական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

ԿԸՀ-ի տվյալների շուրջ հարցադրումներ

Նախկին ԱԺ նախագահը նաև անդրադարձել է ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկներին՝ պնդելով, որ բողոքների քննությունից հետո պարզվել են լուրջ անհամապատասխանություններ։

Նրա խոսքով՝ սկզբում հայտարարվել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» շատ փոքր տարբերությամբ չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն հետագայում պարզվել է, որ կուսակցության օգտին տրված մի շարք ձայներ հաշվառված չեն եղել։

«Պարզվեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասերից ստացած արձանագրությունների հիման վրա որոշ դեպքերում ավելի քիչ ձայներ էր մուտքագրել վերջնական հաշվարկի համար։ Վերանայումից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ կուսակցությունն անցնում է խորհրդարան», — նշել է նա։

«Տուժել է միայն մեկ քաղաքական ուժ»

Թորոսյանի գնահատմամբ՝ վիճահարույց որոշման հետևանքները գործնականում ազդել են միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա։

Նրա խոսքով՝ մյուս քաղաքական ուժերի համար այդ տեղամասերի արդյունքները որևէ էական ազդեցություն չէին ունենա մանդատների բաշխման տեսանկյունից, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանի» դեպքում որոշիչ էին։

«Արդյունքում հենց այդ կուսակցությունն է զրկվել խորհրդարանական մանդատներ ստանալու հնարավորությունից։ Այսինքն՝ մանդատների բաշխումը տեղի է ունեցել ապօրինի ձևով», — հայտարարել է նա։

Թորոսյանը պնդել է, որ Ընտրական օրենսգրքի դրույթները տվյալ իրավիճակում միանշանակ պարտավորեցնում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նշանակել վերաքվեարկություն, քանի որ անվավեր ճանաչված տեղամասերի արդյունքները կարող էին փոխել խորհրդարանի վերջնական պատկերը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top