Հայաստանում հուլիսի 7 անցկացված միջոցառումը իրական ընտրական գործընթաց չէր։ Նման կարծիքի է քաղաքական և հասարակական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ թե՛ իշխանության, թե՛ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության, եթե ոչ բոլորի գործողությունները վերածվել էին պետության շահերին դեմ քայլերի։ «Իրականում այս ամբողջ գործընթացը՝ թե իշխանության, թե մասնակից կուսակցությունների ճնշող մեծամասնության, եթե չասենք բոլորի կողմից, ընտրություններ չէին։ Դա գործընթաց էր Հայաստանի պետության դեմ»,- ասել է նա։
Շահնազարյանի համոզմամբ՝ տեղի ունեցածում էական չեն նույնիսկ այն առանձին դեպքերը կամ հնարավոր խախտումները, որոնց մասին կարող է խոսվել ընտրություններից հետո։ Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքական պայքարի ընթացքում պետությունը և պետականությունը որպես արժեք բացակայում էին բոլոր հիմնական դերակատարների օրակարգից։
«Եթե կարճ գնահատական տամ, հիմնական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը և մյուս երեք հիմնական ուժերը, ըստ էության լրիվ օլիգարխիկ ուժեր էին։ Եթե նայեք այդ ուժերին, դրանցից յուրաքանչյուրի հետևում մոտ մեկ միլիարդ դոլար կա, եթե ոչ ավելի»,- նշել է նա։ Նա պնդեց, որ ընդդիմադիր ուժերի զգալի մասը տարբեր աստիճաններով սերտաճած է իշխանության հետ։
«Ես բազմիցս ասել եմ, որ նրանք սերտաճած են եղել։ Նույնիսկ անվանել եմ սիամական երկվորյակներ։ Մեկն առանց մյուսի չի կարող, նրանք իրար կարիքն ունեն»,- հայտարարել է Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ հասարակության ավելի ու ավելի մեծ հատված է սկսում հասկանալ, որ այդ գնահատականը համապատասխանում է իրականությանը։
Շահնազարյանը հիշեցրել է նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ պնդելով, որ դրանք կազմակերպվել էին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնելու նպատակով։
Նրա խոսքով՝ սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին, ապա նշել, որ հասարակությունը չի ընդունում այդ տարբերակը, սակայն դրանից հետո հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեց պնդել, որ եթե ընտրություններ անցկացվեն, իր քաղաքական ուժը կմասնակցի և կհաղթի։
Շահնազարյանի համոզմամբ՝ հենց «Հայաստան» դաշինքն էր դարձել այդ ընտրական գործընթացի հիմնական նախաձեռնողներից մեկը, ընտրությունների, որոնք լեգիտիմություն տվեցին Փաշինյանին։ «Տիտղոսային ընդդիմությունն ընդունեց արդյունքները և շարունակեցին գործընթացը»,- ասել է նա։
Խոսելով ներկայիս քաղաքական իրավիճակի մասին՝ նա նշել է, որ այսօր գործընթացները գնալու են նույն սցենարով։ Նրա համոզմամբ՝ հնարավոր է, որ քաղաքական ուժերը դիմեն իրավական մեխանիզմների, այդ թվում՝ Սահմանադրական դատարան, սակայն մանդատներից հրաժարվելու տարբերակը չի էլ քննարկվի, իրական փողոցային պայքար նույնպես չի լինելու։

