ԿԸՀ-ն խախտել է ԸՕ պահանջը, պետք է նշանակվեն նոր ընտրություններ

ԿԸՀ-ն խախտել է ԸՕ իմպերատիվ պահանջը, պետք է նշանակվեն նոր ընտրություններ

Հայաստանում հետընտրական գործընթացը մտնում է նոր փուլ։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժ արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և ներկայացնելով իրենց առարկությունները։ Այս պայմաններում առանցքային հարց է դառնում, թե ինչ որոշում կարող է կայացնել Սահմանադրական դատարանը ներկայացված դիմումների հիման վրա և ինչ ազդեցություն կունենա այդ որոշումը երկրի քաղաքական ու իրավական գործընթացների վրա։ 

Ըստ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի՝ Սահմանադրական դատարանում քննարկման առանցքում պետք է լինեն ոչ թե ընտրությունների ընթացքում արձանագրված բոլոր խախտումները, այլ այն փաստերը, որոնք կարող էին ուղղակի ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Նրա խոսքով՝ արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ անհամապատասխանություններ։ Վերահաշվարկված մի շարք տեղամասերում ի հայտ են եկել էական տարբերություններ նախնական արձանագրությունների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների միջև։ Որոշ դեպքերում, ինչպես նշում է նա, տարբերությունները հասել են հարյուրավոր ձայների, ինչը դժվար է պատահական սխալի արդյունք համարել։

Միաժամանակ Թորոսյանը շեշտում է, որ ընտրախախտումների առկայությունը դեռ բավարար չէ ընտրությունների արդյունքները վերանայելու համար։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ անհրաժեշտ է ապացուցել՝ արդյոք տվյալ խախտումը ազդե՞լ է ընտրությունների արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ նույնիսկ լայն քննարկումների առարկա դարձած որոշ դեպքեր, օրինակ՝ ընտրություններից առաջ թոշակների բարձրացման խոստումները, իրավական գնահատականի տեսանկյունից դժվար է կապել կոնկրետ ընտրական արդյունքի հետ, քանի որ հնարավոր չէ հաշվարկել դրանց ազդեցության չափը քվեարկության վրա։

Փոխարենը, նախկին ԱԺ նախագահի կարծիքով, առավել կարևոր են այն փաստերը, որոնց ազդեցությունը հնարավոր է գնահատել թվաբանական հաշվարկներով։ Այդ համատեքստում նա առանձնացնում է «Բարգավաճ Հայաստանի» շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաշվարկների արդյունքում, ըստ նրա, պարզվել է, որ կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ, քան նախապես արձանագրվել էր, և այդ տարբերությունը գերազանցել է խորհրդարան անցնելու շեմից բաժանող ցուցանիշը։

Այնուհետև ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 3 տեղամասերի արդյունքները՝ հղում անելով արձանագրված խախտումներին։ Թորոսյանը պնդում է, որ երեք տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը հանգեցրել է «Բարգավաճ Հայաստանի» ձայների նվազեցման, ինչի հետևանքով փոխվել է մանդատների բաշխումը։ Նրա գնահատմամբ՝ դրանից շահել է իշխող քաղաքական ուժը, որը ստացել է ավելի մեծ ներկայացվածություն խորհրդարանում։ Այսինքն այս որոշումով աղավաղվել է ապագա խորհրդարանի ողջ պատկերը։

Թորոսյանը հիշեցնում է, որ Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածը նախատեսում է նոր քվեարկության անցկացում այն տեղամասերում, որտեղ արձանագրված խախտումները կամ արդյունքների անվավեր ճանաչումը կարող են ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Նրա համոզմամբ՝ ԿԸՀ-ն պարտավոր էր կիրառել այդ մեխանիզմը, սակայն չի արել դա։

Խոսելով Սահմանադրական դատարանի հնարավոր որոշումների մասին՝ Թորոսյանը նշում է, որ դատարանը չի կարող առանձին տեղամասերում նոր քվեարկություն նշանակել։ Այդպիսի լիազորություն ՍԴ-ն չունի։ Դատարանը կարող է կամ ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները, կամ արձանագրել, որ ընտրությունների վերջնական արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը, և առաջարկել նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։

Նրա կարծիքով՝ եթե ընտրությունների իրական արդյունքները վերականգնելն այլևս հնարավոր չէ, ապա միակ իրավական լուծումը նոր ընտրությունների անցկացումն է։ Այդ դեպքում գործընթացը կսկսվի զրոյից՝ նոր ժամկետներով, նոր առաջադրումներով և նոր ընտրական փուլով։

Թորոսյանը նաև ընդգծում է, որ նոր ընտրությունների անցկացումը չի նշանակում ավտոմատ առավելություն գործող իշխանության համար։ Ըստ նրա՝ ընդդիմությունը հնարավորություն կունենա հաշվի առնել նախկին ընտրությունների փորձը, շտկել բացթողումները և ավելի արդյունավետ կազմակերպել իր աշխատանքը։

Ամփոփելով՝ նախկին ԱԺ նախագահը տեղի ունեցածը գնահատում է որպես ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում։ Նրա համոզմամբ՝ եթե ԿԸՀ-ն իսկապես անտեսել է օրենքի պարտադիր պահանջը նոր քվեարկություն անցկացնելու վերաբերյալ, ապա այդ իրավիճակը կարող է շտկվել միայն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top