ՀՀ-ի հետ հարաբերությունների հետագա սրման դեպքում  Մոսկվան կդիմի էլ ավելի կոշտ քայլերի

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը կարող է ունենալ ավելի խորքային և երկարաժամկետ հետևանքներ, եթե կողմերի միջև առկա հակասությունները շարունակեն խորանալ։ Այս կարծիքն է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակին և Մոսկվայից հնչող վերջին հայտարարություններին։

Հակոբյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ արդեն իսկ  կիրառվող տնտեսական սահմանափակումները երկկողմ հարաբերությունների ճգնաժամի վառ դրսևորում է։

«Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս աննորմալ վիճակը և այն, որ գործը հասել է փաստացի տնտեսական սանկցիաների, չեմ բացառում, որ եթե Ռուսաստանում պետական ամենաբարձր մակարդակով որոշեն խորացնել այս հակամարտությունը, կարող են գնալ ավելի սուր քայլերի», – նշել է նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ հատկապես զգայուն են այն սահմանափակումները, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի արտահանման վրա։ Նրա կարծիքով՝ նման որոշումները չեն կարող լինել ստորին օղակների նախաձեռնություն և, ամենայն հավանականությամբ, ընդունվել են քաղաքական բարձր մակարդակում՝ երկար քննարկումներից հետո։

«Փաստացի արտահանման վրա ազդող սահմանափակումները բավականին ծանր որոշումներ են, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն ու Հայաստանը ֆորմալ առումով շարունակում են համարվել ռազմավարական դաշնակիցներ, անդամակցում են նույն տնտեսական և անվտանգության կառույցներին։ Այդպիսի որոշումները, իմ համոզմամբ, ընդունվում են բարձր մակարդակով և լուրջ քաղաքական հաշվարկների արդյունքում», – ասել է Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ հետագա զարգացումները մեծապես կախված կլինեն այն հանգամանքից, թե Մոսկվայում ինչպես կընկալեն Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքը։ Հակոբյանը նշում է, որ ռուսական քաղաքական և պաշտոնական հռետորաբանության մեջ վերջին շրջանում ավելի հաճախ են հնչում մտահոգություններ Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ։

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ ռուսական ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, բազմիցս հայտարարել են, որ Եվրոպական միությունն իրենց ընկալմամբ վերածվում է թշնամական միավորման։

«Եթե Ռուսաստանում գան այն եզրակացության, որ Հայաստանը տեղափոխվում է իրենց հակառակորդների ճամբար, իրավիճակը կարող է էապես փոխվել։ Ռուսական քաղաքական համակարգն առանձնանում է նրանով, որ որոշումների կայացման գործընթացը հաճախ երկար է տևում, սակայն որոշումը կայացնելուց հետո գործողությունները լինում են արագընթաց և շատ կոշտ», – նշել է նա։

Հակոբյանը զգուշացնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրումը կարող է անդրադառնալ ոչ միայն պետական մակարդակի համագործակցության, այլև քաղաքացիների վրա տեղաշարժի և վիզային ռեժիմների առումով։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ներկայիս իրավիճակում կարևոր է ուշադիր հետևել թե՛ պաշտոնական հայտարարություններին, թե՛ գործնական քայլերին, քանի որ հենց դրանք ցույց կտան, թե ինչ ուղղությամբ են զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները առաջիկա ամիսներին։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top