Ռուսաստանը կարող է կիրառել նոր սահմանափակումներ․ Ի՞նչ գործիքներ կան

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կարող է կիրառել լրացուցիչ տնտեսական սահմանափակումներ՝ փորձելով առավելագույնս բարդացնել սոցիալական իրավիճակը և հրահրել լուրջ դժգոհության ալիք։ Նման կարծիքի է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

Նրա գնահատմամբ՝ այդ գործիքներից մեկը կարող է լինել Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ որոշակի քայլերի իրականացումը՝ ընդհուպ մինչև նրանց վտարման  հարցի բարձրացումը։  Բադալյանը նշել է, որ խոսքը կարող է գնալ  Ռուսաստանում բնակվող մոտ 800 հազար ՀՀ քաղաքացիների մասին։

Քաղտեխնոլոգը ընդգծել է, որ եթե Ռուսաստանից մեծ թվով հայ քաղաքացիներ ստիպված վերադառնան Հայաստան, դա կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական հետևանքներ։

«Պատկերացրեք՝ մոտ 300 հազար, 250 հազար կամ նույնիսկ 200 հազար մարդ եկավ Հայաստան։ Այդ դեպքում կարող են տեղի ունենալ որոշակի սոցիալական շարժումներ, որոնց հետևանքները անկանխատեսելի են»,– նշել է նա։ Բադալյանը նշել է, որ Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայեր այնտեղ ունեն բնակարաններ, բիզնեսներ կամ այլ ունեցվածք, սակայն հաճախ չունեն Ռուսաստանի քաղաքացիություն։

«Եթե այդ մարդկանց վտարեն, և նա զայրացած գա Հայաստան, նա արդեն չի մտածի՝ ոստիկան կա իր դիմաց, թե չկա։ Նա իր զայրույթը փորձելու է ուղղել այն սուբյեկտի դեմ, որի պատճառով, իր պատկերացմամբ, զրկվեց ունեցվածքից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իշխանության դեմ»,– ասել է նա։

Միաժամանակ Բադալյանը նշել է, որ առանց զանգվածային վերադարձի նման զարգացումները քիչ հավանական են։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում առկա են բազմաթիվ փոքր սոցիալական խնդիրներ, որոնք մեծ ճգնաժամ չեն առաջացնի, քանի որ բիզնեսը կփորձի գտնել այլընտրանքներ։

«Սակայն, եթե մեծ դժգոհ զանգվածը բերվի Հայաստան, այո, կարող է խնդիր լինել։ Եթե ոչ, ապա այս պահին կասկածելի է, որ կարող են լուրջ սոցիալական շարժումներ առաջանալ»,– նշել է նա։

Անդրադառնալով հնարավոր այլ սահմանափակումներին՝ քաղտեխնոլոգը նշել է, որ Ռուսաստանը կարող է նաև ազդել աշխատանքային միգրացիայի և ֆինանսական փոխանցումների վրա։

Նրա խոսքով՝ միաժամանակ կարող են փակվել նաև Հայաստան գումար ուղարկելու հնարավորությունները։

«Եթե Ռուսաստանը ևս մի քանի քայլի դիմի՝ սահմանափակումներ կիրառի տնտեսության տարբեր ճյուղերի նկատմամբ, իսկ հետո նաև փակի այն ուղիները, որոնց միջոցով աշխատանքային միգրանտները գումար են ուղարկում Հայաստան, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ»,– եզրափակել է Բադալյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top