Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վարում է երկարաժամկետ և ռազմավարական քաղաքականություն, սակայն դրա հիմքում ընկած հաշվարկները արդյունավետ չեն։ Այս մասին նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարությունը տարածաշրջանի նկատմամբ ձևավորվել է դեռևս 2010 թվականից։ Ընդ որում, Հարավային Կովկասի երեք երկրների համատեքստում Հայաստանը Ռուսաստանի համար երբեք չի զբաղեցրել առաջնային դիրք։ Առաջին տեղում մշտապես եղել է Ադրբեջանը, որին հաջորդել է Վրաստանը, իսկ Հայաստանը Ռուսաստանի կարևորության սանդղակում հայտնվել է երրորդ հորիզոնականում։
Նա նշում է, որ Մոսկվան Ադրբեջանի հետ հարաբերություններում կարևորել է ոչ միայն երկրի ենթակառուցվածքային հնարավորությունները և տարածքային հասանելիությունը, այլև դրա աշխարհագրական և էթնիկ առանձնահատկությունները։
Հայաստանը թշնամական երկիր
Քաղաքագետի կարծիքով՝ ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը պարզապես ժամանակավոր քաղաքական խնդիր կամ հարաբերությունների «սենտիմենտալ» ճգնաժամ չէ, այլ տարիների ընթացքում վարած քաղաքականության դրսևորում։ Սիմոնյանի գնահատմամբ՝ Հայաստանը Մոսկվայի կողմից չի դիտարկվում որպես բարեկամական պետություն։ Ավելին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հնչած հայտարարություններում Հայաստանը ներկայացվում է որպես «Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն»։
«Որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում փոխվի այսօրվա դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, պետք է փոխվի իրենց կողմից որդեգրված և առաջ քաշվող ռազմավարությունը», — ընդգծում է նա։ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը չպետք է սպասի Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումների կամ շանտաժի ժամկետներին, այլ պետք է ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնի՝ իր իսկ քայլերով ստիպելով փոխել վերաբերմունքը իր նկատմամբ։
Պետք չէ սպասել Ռուսաստանի շանտաժին
Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի հիմնական խնդիրը պետք է լինի այնպիսի քաղաքականության իրականացումը, որը ցույց կտա, որ Ռուսաստանի կողմից 2010 թվականից որդեգրված ռազմավարությունը ոչ միայն արդյունք չի տվել, այլև կարող է վնասել հենց ՌԴ շահերին։
Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարում Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից՝ առանց սպասելու Մոսկվայի հնարավոր ճնշումների կամ վերջնագրերի։
Սիմոնյանը նաև առաջարկում է վերանայել Հայաստանում ռուսական լրատվամիջոցների գործունեության կարգավորումները՝ պնդելով, որ հայկական մուլտիպլեքսից պետք է դուրս բերվեն բոլոր ռուսական լրատվամիջոցները, որոնք նպաստում են ապակայունացնող քաղաքականության տարածմանը։
Բացի այդ, նա կարևորում է ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ հայկական վերահսկողության վերականգնումը։ Մասնավորապես, խոսքը Հարավկովկասյան երկաթուղու, խողովակաշարային տնտեսության և ատոմային էներգետիկայի ոլորտների մասին է։
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է փորձի վերականգնել վերահսկողությունը նաև ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների և մտավոր կապիտալի նկատմամբ։
Սիմոնյանի գնահատմամբ՝ միայն այսպիսի հետևողական և ինքնուրույն քաղաքականության միջոցով հնարավոր կլինի փոխել Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և ձևավորել հարաբերությունների նոր ռազմավարական հիմք։

