Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունները իրականում քաղաքական հռետորաբանություն են, ոչ թե իրատեսական հեռանկար։ Այս մասին նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այս պահին ոչ միայն ընդլայնման հստակ օրակարգ չունի, այլև ինքն է կանգնած լուրջ ներքին խնդիրների առաջ։
«Հայաստանի հայտարարությունները ԵՄ-ին անդամակցելու մասին բարձր ծիծաղ ենթադրող թեզ է», — ասել է Ղևոնդյանը՝ նշելով, որ Եվրամիության ներսում առկա են լուրջ տարաձայնություններ՝ ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ Ուկրաինայի պատերազմի շուրջ։
Եվրոպան ինքն է կանգնած լուրջ փոփոխությունների առաջ
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև ԵՄ առաջատար երկրների ներքաղաքական գործընթացների վրա։ Նրա խոսքով՝ եվրոպական մի շարք երկրներում սպասվում են իշխանության փոփոխություններ, որոնք կարող են էապես ազդել միության քաղաքականության վրա։
Որպես օրինակ նա մատնանշում է Ֆրանսիան, որտեղ, ըստ նրա, առաջիկա քաղաքական զարգացումները կարող են հանգեցնել իշխանության փոփոխության։ Ղևոնդյանը նաև անդրադառնում է Գերմանիայի տնտեսական խնդիրներին և եվրոպական տնտեսության ընդհանուր վիճակին։
Նրա գնահատմամբ՝ Գերմանիայի դիրքերը զգալիորեն թուլացել են, մինչդեռ Լեհաստանը վերջին շրջանում ավելի ինքնավստահ դերակատարություն է ստանձնում տարածաշրջանային և եվրոպական քաղաքականության մեջ։ Քաղաքագետի խոսքով՝ Վարշավայի և Բեռլինի միջև ձևավորվող նոր հարաբերակցությունը վկայում է այն մասին, որ Եվրոպայում ուժերի նախկին դասավորությունը փոփոխվում է։
Ղևոնյանը նաև չի բացառում Ուկրաինայում պատերազմի հետագա սրացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակման հավանականությունը ցածր է, քանի որ ժամանակակից Ռուսաստանն իր ազդեցության և ռեսուրսների ծավալով համադրելի չէ Խորհրդային Միության հետ։
«Ռուսաստանը այն ազդեցությունը չունի ժամանակակից աշխարհում, ինչ որ ուներ Խորհրդային Միությունը», — նշել է քաղաքագետը՝ ընդգծելով նաև ռեսուրսների, կառավարման համակարգի և քաղաքական էլիտայի փոփոխությունը։
Ռուսաստանին պետք է, որ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն տեղի ունենա
Ղևոնյանը պնդում է, որ Հայաստանի ԵՄ անդամակցության հայտարարությունները իրականում «ֆեյք են», և դա հասկանում են նաև ռուսական կողմում։ Սակայն Ռուսաստանը շարունակում է պնդել ԵՄ անդամակցության մասին հանրաքվե անցկացնելու իր պահանջը, քանի որ շահագրգռված է Հայաստանում նման ակտի իրականացման մեջ։ Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ հանրաքվեի առկայության դեպքում Մոսկվան հետագայի իր հնարավոր գործողությունները կներկայացնի որպես Հայաստանի քաղաքացիների կատարած ընտրության պատասխան։
«Ռուսաստանին պետք է, որ ԵՄ անդամակցության հանրաքվեի ակտը լինի, որպեսզի իրենց հետագա գործողությունները լինեն լեգիտիմ», — ասել է Ղևոնյանը։
Նրա խոսքով՝ այդ տրամաբանության դեպքում Ռուսաստանը կարող է հայտարարել, որ Հայաստանը գիտակցված որոշում է ընդունել շարժվել դեպի Եվրամիություն, և հետևաբար Մոսկվայի արձագանքը պետք է դիտարկել այդ ընտրության համատեքստում։
Միաժամանակ նա այս գործընթացը համարում է վտանգավոր՝ Հայաստանի համար հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքների տեսանկյունից
Քաղաքագետը չի բացառում Հայաստանի «բաժանման» վտանգը
Ղևոնյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական լարվածության խորացման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել տարբեր ուժերի շահերի բախման կենտրոնում։
Նա զգուշացնում է, որ եթե գործընթացը դուրս գա վերահսկողությունից և Հայաստանը հայտնվի լուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ, տարբեր դերակատարներ կարող են փորձել օգտվել ստեղծված իրավիճակից։
Հայաստանի հնարավոր «մասնատման» կամ «աջարաֆիկացման» վտանգով, երբ տարբեր արտաքին դերակատարներ կարող են փորձել իրենց համար առանձնացնել ազդեցության գոտիներ Հայաստանի տարածքում։
Ղևոնյանի գնահատմամբ՝ հենց այդ պատճառով Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները պետք է գնահատել ոչ միայն դրանց ներկա քաղաքական ազդեցության, այլև հնարավոր երկարաժամկետ հետևանքների տեսանկյունից։

