Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, որոնք այսօր արդարացիորեն կարելի է անվանել «բարդ-ռազմավարական», ավելի ու ավելի հաճախ ստիպում են փորձագետներին կանխատեսել ծանր ձմեռ և էներգետիկ փակուղի Հայաստանի համար։ Ուստի արդեն հիմա հնչում են մտահոգություններ գազի և ատոմակայանի վառելիքի մատակարարումների հնարավոր խնդիրների մասին, քննարկվում է ընդհուպ մատակարարումների դադարեցման սցենարը։
Այնուամենայնիվ, խոսքը դեռևս կարող է գնալ միայն այն համաձայնագրի պայմանների հնարավոր վերանայման մասին, որով Հայաստանին արտոնյալ պայմաններով բնական գազ, նավթամթերք և ալմաստներ են մատակարարվում: Ռուսաստանը միշտ էլ ունեցել է գնային լծակն օգտագործելու հնարավորություն: Եվ եթե հիմա «Գազպրոմը» որոշի հրաժարվել արտոնյալ դրույքաչափից (այսօր գինը կազմում է 177.5 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց), հայկական կողմը զգալիորեն կտուժի: Նույնիսկ եթե գազի գինը միանգամից չբարձրանա մինչև Եվրոպայի գների մակարդակը, այլ, ասենք, Հայաստանը գազը գնի այն գնով, որով «Գազպրոմը» այն վաճառում է Վրաստանին, դա միևնույն է լուրջ բեռ է վերջնական սպառողի բյուջեի համար: Սահմանին 177.5 դոլար գնի դեպքում վերջնական սպառողը գազի համար վճարում է 143.7 դրամ, ինչը, 1000 խորանարդ մետրի հաշվարկով, երկու անգամ գերազանցում է սկզբնական արժեքը: Այս ամենն այն պատճառով, որ գնագոյացման վրա ազդում են և՛ 20%-անոց ԱԱՀ-ն, և՛ գազատար ենթակառուցվածքի սպասարկման բարձր գները: Այսինքն՝ ցանկացած թանկացում լուրջ ճնշում է, ինչն ինքնին բավականին արդյունավետ լծակ է քաղաքական բանակցություններում:
Ուստի, գազի մատակարարման դադարեցումն աննպատակահարմար է և նույնիսկ անիմաստ: Մանավանդ որ Հայաստանի ներքին շուկայում գազաբաշխիչ ցանցի միակ օպերատորը և գլխավոր մատակարարը «Գազպրոմ Արմենիան» է (նախկին «ՀայՌուսգազարդ»-ը)՝ «Գազպրոմի» 100%-անոց դուստր ձեռնարկությունը: Մատակարարումները դադարեցնել նշանակում է զրկել քեզ սեփական ակտիվից ստացվող շահույթից: Սա հասկանում են նաև Հայաստանի ղեկավարությունում, ուստի պատրաստվում են գազի գնի հնարավոր թանկացմանը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Shant TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է ռուսական գազի գնի բարձրացման հնարավոր հետևանքները, թեև կոնկրետ թվեր չի նշել:
Գազի հետ կապված իրավիճակն այլ կլիներ, եթե Իրանից ստացվող գազը չհոսեր սահմանափակ թողունակությամբ խողովակով, կամ հնարավորություն լիներ Ադրբեջանից այլընտրանքային գազի մատակարարումներ կազմակերպել: Բայց վերջինիս համար անհրաժեշտ է նվազագույնը վերականգնված ենթակառուցվածք, իսկ առավելագույնը՝ վերջնական խաղաղության համաձայնագիր: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը դեռ չկան: Ուստի գոյություն ունեցող ստատուս քվոն պահպանվելու է, քանի որ Ռուսաստանին ձեռնտու չէ գազն «անջատելը», իսկ Հայաստանը չի կարող արագ փոխել մատակարարին:
Ինչ վերաբերում է Ատոմակայանին, ապա այստեղ նույնպես աղետ սպասել պետք չէ: Նախ՝ «Ռոսատոմը» և նրա բոլոր կառույցները չեն հեռանում կայանից, այլ ընդհակառակը՝ երկարաձգում են իրենց ներկայությունը: Դեռևս ապրիլի 1-ին երկրորդ էներգաբլոկը կանգնեցվել էր 153 օրով՝ մինչև սեպտեմբեր, շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի շրջանակներում պլանային աշխատանքներ իրականացնելու համար: Դա արվում էր նաև նրա համար, որպեսզի ձմռանը ոչ մի արտակարգ իրավիճակ չլինի:
Փորձագետների հոռետեսական սցենարները կառուցված են այն նախազգուշացումների շուրջ, որ ռուսական կողմը ինչ-որ պահի կհրաժարվի մատակարարել վառելիքի հերթական խմբաքանակը: Սակայն չպետք է մոռանալ, որ դեռևս 2017 թվականին «Ռոսատոմի» «ՏՎԵԼ» վառելիքային ընկերությունը Հայկական ԱԷԿ-ի տարածքում ապահովել է միջուկային վառելիքի երկու տարվա պաշար, և այդ պաշարը պարբերաբար համալրվում է:
Հանուն արդարության պետք է նշել, որ երկու տարվա պաշարը և ԱԷԿ-ի աշխատունակության երկարաձգումը մինչև 2036 թվականը հեռու են խնդրի լուծում լինելուց. դա այն հետաձգելու միջոց է: Այս իրավիճակը, միանշանակ, վերացնում է խուճապը, բայց ոչ կախվածությունը:
Այստեղից էլ խոսակցություններն այլ վառելիք փնտրելու անհրաժեշտության մասին: Սակայն խորհրդային տիպի ռեակտորի (ՎՎԷՌ-440) համար այլ արտադրողի վառելիքի անցնելը հնարավոր չէ իրականացնել հեշտ և արագ: Եթե վերցնենք նույն Ուկրաինան, ապա ուկրաինական ՎՎԷՌ-1000 ռեակտորների համար ամերիկյան Westinghouse վառելիքի ներդրման բանակցություններն ու գործընթացը տևեցին 8 տարի: Ուստի, նույնիսկ եթե այսօր Հայաստանը որոշի նվազեցնել կախվածությունը «Ռոսատոմից», ապա խոսքը տարիների մասին է, այլ ոչ թե այս ձմռանը պատրաստվելու:
Էներգետիկայի միակ ոլորտը, որտեղ դիվերսիֆիկացիան արդեն ոչ թե խոսակցություն է, այլ փաստ, նավթամթերքներն են: Այստեղ Երևանն ունի արդեն գործող այլընտրանք: Ադրբեջանը (Վրաստանով տարանցմամբ) մատակարարում է նավթամթերք, այդ թվում՝ դիզելային վառելիք, և մատակարարումների ծավալներն աճում են: Այնուամենայնիվ, Ռուսաստանը դեռևս գերիշխում է շուկայում:
Այս հանգամանքների հաշվառմամբ՝ Հայաստանում էներգետիկ բլեքաուտ չի լինի, բայց տնտեսության վրա ճնշումը կաճի: Գազի գնի աստիճանական բարձրացումը (բնական գազին բաժին է ընկնում երկրի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռի մոտ 58-60%-ը) մի կողմից ագրեսիա չի դիտվի, մյուս կողմից՝ թույլ տա տարբեր հարցերի շուրջ սակարկությունների տարածք թողնել:
Իրականում այդ սակարկությունն արդեն ընթանում է և բավականին ակտիվ: Ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը 2026–2031 թվականների համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների տրանսֆորմացիայի» մասին և հրաժարվեց «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք» տերմինից: Սակայն որոշ ժամանակ անց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ավելին է, քան «ռազմավարական գործընկերը»: Ընդ որում, այս հայտարարությունը հնչում է հայկական հեռուստատեսության եթերում Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրեին: Իսկ ինքը՝ Փաշինյանը, Բիշքեկում հավաստիացնում է Պուտինին, որ ինքը անձամբ և իր կառավարությունը շատ խնամքով են վերաբերվում հայ-ռուսական հարաբերություններին, և ինքը ցանկանում է խորացնել այդ հարաբերությունները: Պարզապես, նշեց Հայաստանի վարչապետը, ցանկացած պետության լեգիտիմ նպատակը պետք է լինի իր ժողովրդի համար այլընտրանք ստեղծելը: Այդ այլընտրանքն էլ նա ստեղծում է՝ ընդունելով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը: Նիկոլ Փաշինյանը խոստովանեց ռուսաստանցի նախագահին, որ հասկանում է, որ կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի կոնկրետ ընտրություն կատարել ԵՄ-ի և Եվրասիական միության միջև, բայց տվյալ պահին այդ ժամանակը չի եկել: «Երբ և եթե ստեղծվի այլընտրանք, այն ժամանակ էլ մենք ընտրություն կկատարենք», — ասաց հայ վարչապետը:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ Երևանն այլընտրանք է կառուցում ոչ թե Մոսկվայի հետ կապերը խզելու, այլ հավասարը հավասարի պես սակարկելու իրավունք ունենալու համար:
Դիանա Ներսիսյան

