Ռուսաստանը պատրաստ է վերանայել հարաբերությունները Հայաստանի 

Ռուսաստանը պատրաստ է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման հիմնական արդյունքը կարելի է համարել կողմերի համաձայնությունը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունների ներկայիս մոդելը։ Այս մասին նշել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։ 
Նրա խոսքով՝ հանդիպման հրապարակային հատվածում որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չի հայտարարվել, սակայն հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Երևանն ու Մոսկվան հասկանում են՝ նախկին հարաբերությունների ձևաչափն այլևս գոյություն չունի, իսկ նորը դեռևս չի ձևավորվել։ «Հին հարաբերությունների մոդալությունն արդեն չկա, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Հենց դրա մասին էր, ինչպես հասկանում եմ, փաստացի պայմանավորվածությունը՝ վերանայել ռազմավարական ոլորտներում տարբեր համագործակցությունները»,- ասել է Մելքոնյանը։

 Մելքոնյանի համոզմամբ՝ այժմ հիմնական հարցն այն է, թե հարաբերությունների վերանայումն ինչ բնույթ է ունենալու՝ կառուցողական, թե ապակառուցողական։

Մոսկվայի երկու հնարավոր մոտեցումը

Քաղաքագետը Ռուսաստանի հետագա քաղաքականության վերաբերյալ երկու հնարավոր սցենար է առանձնացնում։

Առաջին տարբերակի դեպքում Ռուսաստանը կարող է համակերպվել տարածաշրջանում իր դիրքերի փոփոխության հետ՝ հաշվի առնելով, որ նրա երկարաժամկետ առաջնահերթությունը շարունակում է մնալ Ուկրաինայի ուղղությունը։ Այդ դեպքում Մոսկվան կարող է աստիճանաբար դուրս գալ տարածաշրջանից՝ Հայաստանի հետ հարաբերություններում թողնելով նախկին ակտիվների մի մասը։

Երկրորդ տարբերակը դիմադրությունն է։ Այս դեպքում Ռուսաստանը կփորձի պահպանել իր երկարաժամկետ ռազմավարական շահերն ու ներկայությունը տարածաշրջանում։ Մելքոնյանի խոսքով՝ հատկապես երկաթուղու հարցում Մոսկվան առայժմ պատրաստ չէ միակողմանի զիջումների։

Միաժամանակ, հակասություն կա Ռուսաստանի վերաբերմունքում ռազմաբազայի և երկաթուղու նկատմամբ։ Եթե երկաթուղու դեպքում Մոսկվան փորձում է պահպանել իր ներկայությունը, ապա ռազմաբազայի հարցում ռուսական կողմի հռետորաբանությունը ավելի մեղմ է դարձել։

Մելքոնյանը դա բացատրում է մի քանի հանգամանքով։ Նախ՝ Ռուսաստանում կարող են դեռևս լուրջ չհամարել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կայացած լինելը։ Խաղաղության պայմանագիր դեռ չկա, մի շարք հարցեր մնում են չլուծված, իսկ Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքների հավանականությունը Մոսկվայում կարող է դեռևս բարձր գնահատվել։ Այս տրամաբանության դեպքում Ռուսաստանը ենթադրում է, որ Հայաստանը կարող է հետագայում կրկին դիմել իրեն անվտանգության հարցերով։

Մյուս կողմից՝ փոխվել է հենց ռուսական ռազմաբազաների ռազմավարական արժեքը։ Մելքոնյանի խոսքով՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության պայմաններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակությունը Ռուսաստանի համար կարող է նվազած լինել։ Եթե նախկինում Հայաստանը փաստացի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անմիջական շփման գոտի էր, ապա այսօր իրավիճակն այլ է․ հայ-թուրքական սահմանը միաժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարևոր հատվածն է, իսկ այդ հարաբերություններն իրենց հերթին ներառում են ինչպես համագործակցության, այնպես էլ հակամարտության տարրեր։

Այս պայմաններում Ռուսաստանը կարող է հաշվարկել, որ ռազմաբազան պահպանելու համար անհրաժեշտ քաղաքական գինը չափազանց բարձր է։

Հայաստանի և Ռուսաստանի միջև անվստահությունը շարունակում է խորանալ

Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այսօր առկա է վստահության լուրջ դեֆիցիտ։ Նույնիսկ եթե Հայաստանը հայտարարի, որ երկաթուղին ամբողջությամբ մնալու է հայկական վերահսկողության ներքո և որևէ այլ երկրի չի փոխանցվելու, Մոսկվայում դրան կարող են չհավատալ։ Ռուսաստանում Հայաստանի քաղաքականությունը, ըստ նրա, կարող է ընկալվել ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ որպես շրջադարձ դեպի «թշնամական Արևմուտք»։ «Եթե վստահության խնդիրը չլուծվի, յուրաքանչյուր քայլ, նույնիսկ այն քայլը, որը կառուցողական է, կարող է ընկալվել որպես թշնամական»,- ասել է նա։

Մելքոնյանը Հայաստանի կառավարության ծրագրում Ռուսաստանի՝ որպես առաջնահերթ ուղղության բացակայությունը դիտարկում է որպես կարևոր քաղաքական ազդանշան։ Նրա կարծիքով՝ դա կարող է նշանակել, որ Երևանն արդեն որոշում է կայացրել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Միաժամանակ, քաղաքագետը չի բացառում, որ Հայաստանը կարող է ունենալ որոշակի խոստումներ արևմտյան գործընկերներից՝ տնտեսական և ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Սակայն նա ընդգծում է, որ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում որևէ երկիր չի կարող Հայաստանին անվտանգության հարյուր տոկոսանոց երաշխիքներ տրամադրել։

Ռուսաստանը կարո՞ղ է ռազմական ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների սրման պայմաններում Մոսկվան կարող է դիմել ռազմական ճնշման՝ Մելքոնյանը նշել է, որ Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ, իհարկե, ունի։ Սակայն հիմնական հարցը ոչ թե ռազմական կարողությունն է, այլ դրա քաղաքական նպատակահարմարությունը։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ Հայաստանի անվտանգության  սպառնալիքները պետք չէ դիտարկել միայն Ռուսաստանի տեսանկյունից։ «Մենք ունենք երկու հարևան, որոնք դե ֆակտո և դե յուրե մեր դեմ պատերազմ են վարում»,- նշել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի  Հայաստանի նկատմամբ վարվող շրջափակման  քաղաքականությանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանում կարող են այն հաշվարկն ունենալ, որ նույնիսկ եթե Մոսկվան ամբողջությամբ դուրս գա Հայաստանից, Հայաստանի նկատմամբ ճնշումը կշարունակվի, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, իսկ Ադրբեջանի պահանջները չեն սահմանափակվել։ Սակայն այստեղ, ըստ քաղաքագետի, կա հակասություն․ ռուսական ներկայությունը նախկինում նույնպես չի կանխել Հայաստանի նկատմամբ ճնշման վերածումը ռազմական գործողությունների։

Անվտանգության նախկին երաշխիքների խնդիրը

Մելքոնյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, ըստ նրա, լավ հասկանում են, որ ռուսական անվտանգության երաշխիքները նախկինում չեն գործել այնպես, ինչպես ակնկալվում էր։  Նա առանձնացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունները՝ նշելով, որ այդ իրադարձությունները Հայաստանի համար կարմիր գիծ էին։ 

Միաժամանակ, քաղաքագետը ուշադրություն է դարձնում Ռուսաստանի կողմից բազմիցս հնչեցված այն պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ՀԱՊԿ-ի իրավասության ներքո չէր։  Ըստ Մելքոնյանի՝ եթե Ռուսաստանի ղեկավարությունը հետևողականորեն պնդում է, որ Ղարաբաղի իրադարձությունները կապ չունեին Հայաստանի Հանրապետության տարածքի և ՀԱՊԿ-ի պարտավորությունների հետ, ապա դա նշանակում է, որ Մոսկվայում սեպտեմբերյան իրադարձությունները հենց Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված գործողություն չեն դիտարկում։  Նրա գնահատմամբ՝ սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հաղորդակցության լուրջ խնդիր է Երևանի և Մոսկվայի միջև։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top