Իրանական ուղղությունը Հայաստանի համար կարող է կիրառվել ոչ միայն իրանական, այլև թուրքմենական գազի ներկրման նպատակով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ հնարավոր է կիրառել սվոփային մեխանիզմ, որի դեպքում Թուրքմենստանը գազը կմատակարարի Իրանի սահմանակից շրջաններին, իսկ Իրանը համապատասխան ծավալով գազ կտրամադրի Հայաստանին։
«Այսինքն՝ երկու մոտեցումն էլ կարող ենք նայել»,– նշել է Պարսյանը՝ ընդգծելով, որ նման սխեմաների գործարկումը կախված է համապատասխան պայմանավորվածություններից և փոխադարձ շահերից։
Որոշ պայմաններում իրանական գազը կարող է դառնալ ավելի նախընտրելի
Տնտեսագետը նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչ գնով կարող է Հայաստանին հասնել իրանական գազը։ Նրա հաշվարկով՝ ներկայում Իրանից ստացվող գազի դիմաց կիրառվող «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեման, եթե էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկվի մեծածախ գներով և վերածվի դոլարային արտահայտության, գազի արժեքը մոտեցնում է 250 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։
Պարսյանը նշել է, որ այս գինը բարձր է ռուսական գազի գործող՝ մոտ 177 դոլար սակագնից, սակայն էականորեն ցածր է այն գներից, որոնցով Իրանը գազ է վաճառում որոշ այլ երկրներին։ Նրա խոսքով՝ Իրանի հետ Հայաստանի ներկայիս պայմանավորվածությունն արդեն իսկ որոշակի արտոնյալ պայման է ենթադրում, և քաղաքական պայմանավորվածությունների առկայության դեպքում հնարավոր է քննարկել նաև ավելի ցածր գին։
«Օրինակ՝ եթե ռուսական կողմը հրաժարվի այս 177-ից, ապա 2013 թվականի ռուս-հայկական պայմանագրի արդյունքում գինը կարող է դառնալ 275 դոլար։ Եթե նույն իրավիճակում Իրանը 250-ով առաջարկի, բնականաբար իրանականը կդառնա ավելի նախընտրելի»,– նշել է տնտեսագետը։
Միաժամանակ, Պարսյանի գնահատմամբ, գազի գնի շուրջ բանակցությունները չեն կարող դիտարկվել միայն տնտեսական հարթության վրա։ Քաղաքական և տնտեսական գործընթացները պետք է ընթանան զուգահեռ, քանի որ հենց դրանց համադրումը կարող է հնարավորություն տալ Հայաստանին ստանալ ավելի շահավետ պայմաններ։
Գործող խողովակաշարը կարող է ապահովել Հայաստանի գազի սպառման մինչև 60-70%-ը
Իրանական գազի հնարավոր ներկրման դեպքում նոր խողովակաշարի կառուցումը, ըստ Պարսյանի, պարտադիր պայման չէ։ Նրա խոսքով՝ իրանական կողմը մինչև Հայաստանի սահման արդեն կառուցել է 1000 մմ տրամագծով խողովակ, մինչդեռ Հայաստանի տարածքում օգտագործվում է 700 մմ տրամագծով խողովակ։
Պարսյանը նշել է, որ գործող ենթակառուցվածքը որոշակի տեխնիկական վերազինումներից և ներդրումներից հետո կարող է ապահովել տարեկան մինչև 2.2 մլրդ խորանարդ մետր իրանական գազի ներկրում։ «Դա կարող է ապահովել մեր գազի մոտավորապես ներքին սպառման 60-70 տոկոսը»,– ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի տարեկան գազի սպառումը մոտ 3 մլրդ խորանարդ մետր է։
Այսպիսով, իրանական ուղղության ընդլայնման համար պարտադիր չէ ամբողջությամբ նոր ենթակառուցվածք ստեղծել։ Ըստ Պարսյանի՝ գործող խողովակաշարի տեխնիկական հնարավորությունների ընդլայնումը կարող է կազմակերպվել համեմատաբար կարճ ժամկետում՝ նույնիսկ մի քանի ամսվա ընթացքում։
Եթե Հայաստանը նպատակ դնի ամբողջությամբ անցնել իրանական գազի, ապա այդ դեպքում ևս հնարավոր է լուծում՝ գործող խողովակաշարին զուգահեռ նոր խողովակաշարի կառուցմամբ։ Պարսյանի խոսքով՝ քանի որ մեկ խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ հողային աշխատանքների զգալի մասը արդեն իրականացվել է, զուգահեռ խողովակաշարի կառուցումը ֆինանսական և տեխնիկական առումով էապես ավելի հեշտ և էժան կլինի։
Նպատակը չպետք է լինի ռուսական գազից ամբողջական հրաժարումը
Միաժամանակ տնտեսագետը շեշտել է, որ Հայաստանի էներգետիկ քաղաքականության նպատակը չպետք է լինի ռուսական գազից ամբողջական հրաժարումն ու դրա ամբողջական փոխարինումը իրանական գազով։
«Մեր նպատակը չպետք է դառնա հակառուսականությունը, այսինքն՝ ամբողջությամբ հրաժարվենք ռուսականից, անցնենք ամբողջական իրանական։ Սա է մեր տրամաբանությունը՝ անվտանգության հիմնասյունը, և պետք է փորձենք երկուսի հետ էլ աշխատել փոխշահավետ սկզբունքների հիման վրա»,– ասել է Պարսյանը։
Նրա գնահատմամբ՝ ներկայիս խողովակաշարի տեխնիկական վերազինումից հետո հնարավոր է իրանական ուղղությամբ ապահովել մինչև 2 մլրդ խորանարդ մետրից ավելի գազի ներկրում, և այդ ծավալների ապահովումը, նրա խոսքով, տեխնիկական առումով մեծ խնդիր չի ներկայացնում։

