Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելը պայմանավորված է տնտեսությունում առկա գնաճային ռիսկերով։ Այս մասին ասաց նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ լիովին համաձայն է ԿԲ-ի որոշման հետ և դեռ ամիսներ առաջ նշել էր, որ կենտրոնական բանկն անխուսափելիորեն պետք է գնա դրամավարկային պայմանների խստացման։
Գնաճի ներմուծում
Արամյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության վրա միաժամանակ ազդում են երկու տարբեր գնաճային գործընթացներ։ Առաջինը արտաքին աշխարհից գնաճի ներմուծումն է։ Միջազգային շուկաներում էներգակիրների և այլ ապրանքների գների աճը փոխանցվում է նաև Հայաստանի տնտեսությանը։ Բենզինի և դիզելային վառելիքի գները, օրինակ, կախված են արտաքին գործոններից, և Հայաստանը չի կարող դրանց վրա անմիջական ազդեցություն ունենալ։
Այս ֆոնին աշխարհում շարունակվող հակամարտությունները լրացուցիչ անորոշություն են ստեղծում էներգակիրների շուկաներում։ Նավթի գինը, Արամյանի խոսքով, արդեն անցել է 100 դոլարը, իսկ անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները կարող են կրճատել վերամշակման և վառելիքի արտադրության ծավալները՝ լրացուցիչ ճնշում ստեղծելով գների վրա։
Տնտեսագետի խոսքով՝ առաջարկի նման գնաճի դեպքում կենտրոնական բանկը չի կարող անմիջականորեն վերացնել դրա սկզբնաղբյուրը։ Եթե արտադրողի ծախսերը բարձրանում են, օրինակ՝ վառելիքի թանկացման պատճառով, նա ստիպված է դա որոշակիորեն արտացոլել իր ապրանքի գնի մեջ։ Սակայն ԿԲ-ն պետք է արձագանքի այն դեպքում, երբ արտաքինից եկող գնաճը սկսում է գնաճային սպասումներ ձևավորել և շղթայական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։
Հայաստանի տնտեսությունում փողի մեծ հոսք
Արամյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար մեկ այլ կարևոր գործոն է արտաքին աշխարհից եկող փողի մեծ հոսքը։ Նրա խոսքով՝ եթե տնտեսությունում փողի ծավալն արագ մեծանում է, իսկ ապրանքների և ծառայությունների առաջարկը նույն արագությամբ չի աճում, առաջանում է գնաճային ճնշում։ Դա վերաբերում է ոչ միայն սպառողական ապրանքներին ու ծառայություններին, այլև ակտիվների գներին։
Արամյանը որպես դրա ցուցիչներից մեկը նշել է անշարժ գույքի շուկան, որտեղ, նրա խոսքով, գները շատ արագ աճում են։ Այս պայմաններում ԿԲ-ի գործիքը դրամավարկային պայմանների խստացումն է, և հենց այդ տրամաբանությամբ էլ ընդունվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը։
Ազդակ ավելի կոշտ միջոցների դիմելու պատրաստակամության մասին
Արամյանի խոսքով՝ 0.25 տոկոսային կետով բարձրացումը չի նշանակում, որ բոլոր վարկերի տոկոսադրույքները նույն չափով կավելանան։ Դրա ազդեցությունն առաջին հերթին վերաբերում է լողացող տոկոսադրույքով վարկերին, այդ թվում՝ այն հիփոթեքներին, որոնց տոկոսադրույքը կապված է ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ։ Ֆիքսված տոկոսադրույքով վարկերի վրա ազդեցությունն այդքան անմիջական չէ։
Միաժամանակ ԿԲ-ի որոշումը, ըստ Արամյանի, ազդանշան է ֆինանսական շուկային, որ եթե ներկայիս գնաճային սցենարը շարունակվի, Կենտրոնական բանկը պատրաստ է գնալ նաև ավելի կոշտ քայլերի։ «Իրենք գնալու են ավելի կոշտ քայլերի, եթե նման սցենարը կշարունակվի»,– նշել է Արամյանը։
Միևնույն ժամանակ նա ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի վարկային պորտֆելի կառուցվածքը զգայուն է տոկոսադրույքների փոփոխությունների նկատմամբ։
Նրա պնդմամբ՝ հուլիսի դրությամբ բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմում է 8.8 տրիլիոն դրամ, որի 23 տոկոսը սպառողական վարկերն են։ Միևնույն ժամանակ արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը միասին բաժին է ընկնում ընդամենը 13 տոկոս։
«Սպառողական վարկերը անգամով գրեթե երկու անգամ ավել են»,– ասել է նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ հենց այս կառուցվածքով է պայմանավորված, որ նույնիսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի համեմատաբար փոքր՝ 0.25 տոկոսային կետով փոփոխությունը հասարակության համար կարող է զգալիորեն ավելի զգայուն լինել։

