Անկլավների հարցում ցանկացած լուծում, որը չի ենթադրում ներկայիս իրավիճակի պահպանման տարբերակը բերելու է Հայաստանում ներքին լարվածության աճի։Այս մասին նշում է քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը։
«Ես պատկերացնում եմ լարվածության ուժեղացում, եթե անկլավների թեման ի վերջո որպես լուծում չընտրեն՝ ոչ մի բան չփոխել։ Ցանկացած այլ սցենար, ցանկացած այլ զարգացում ենթադրելու է լուրջ թեժ գործողություններ»,– ասաց Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ Տիգրանաշենի պարագայում արդեն կարելի է տեսնել այդ գործընթացի դրսևորումները։ Ընդ որում, նրա գնահատմամբ, անկլավների թեմայի ակտիվացումը պարտադիր չէ, որ որևէ մեկը հատուկ նախաձեռնած լինի։
«Տիգրանաշենի պարագայում մենք արդեն տեսնում ենք դրա դրսևորումները։«Ուժեղ Հայաստանը» արդեն գնում է այդ ուղղությամբ, և պարտադիր չէ, որ այդ թեման որևէ ակտիվացնող լինի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ դա ներքաղաքական իրավիճակի սրման պատճառ կարող է լինել»,– նշեց քաղաքական մեկնաբանը։
Բնակչության տեղաշարժը կարող է նոր սոցիալական լարվածություն առաջացնել
Նավասարդյանը կարծում է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև այս հարցում կա փոխըմբռնում, ապա այժմ առաջին հերթին պետք է փնտրել այնպիսի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան պահպանել առկա իրավիճակը։
«Եթե այդ հարցերի շուրջ կա փոխըմբռնում Հայաստանում և Ադրբեջանում, ապա պետք է առաջին հերթին այսօր կենտրոնանան իրավական հիմքեր փնտրելու, որպեսզի ոչ մի բան չփոխեն»,– ասաց նա։ Նրա խոսքով՝ «ոչինչ չփոխել» ասելով՝ ինքը նկատի ունի առաջին հերթին բնակչության տեղաշարժը բացառելը։
« Բնակչության տեղաշարժը միշտ սոցիալական, հասարակական լարվածություն է առաջացնելու»,– ընդգծեց Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ եթե տարածքային հարցի հետ կապված կան տարբերություններ, հնարավոր է դրանց լուծումը գտնել սահմանի մեկ այլ հատվածում, որտեղ հարցն այդքան սկզբունքային նշանակություն չունի։
Բնակիչների միջավայրի փոփոխությունը կարող է ամենաբարդ հետևանքներն ունենալ
Նավասարդյանի խոսքով՝ առավել զգայուն խնդիրը ոչ թե տարածքային տարբերությունների տեխնիկական կարգավորումն է, այլ բնակիչներին իրենց սոցիալական և տնտեսական միջավայրից դուրս բերելը։ «Ցանկացած բան, ինչ վերաբերում է բնակիչներին՝ իրենց սոցիալ-տնտեսական միջավայրի, միջավայրի գործունեության հետ կապված, դա շատ բարդ է»,– ասաց նա։
Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում պետք է բավարար պատկերացում ունենան նման որոշումների հնարավոր հետևանքների մասին։ «Ես կարծում եմ, որ բավարար կյանքից հասկացություն ունեն և՛ Բաքվում, և՛ Երևանում, որպեսզի դա հասկանան»,– նշեց Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ եթե կողմերը գիտակցում են ռիսկերը, սակայն չեն փորձում գտնել բնակչության տեղաշարժը բացառող լուծում, ապա դա կարող է վկայել շատ բացասական իրավիճակի մասին։ «Եթե հասկանալով՝ ամեն դեպքում չեն գնում օպտիմալ լուծման, դա նշանակում է, որ պատրաստակամությունը լավագույն լուծում գտնելու բավարար մակարդակի չի»,– եզրափակեց նա։

