Հայաստանի տնտեսության աճի զգալի մասը վերջին տարիներին պայմանավորված է ոչ թե արտադրության ծավալների ավելացմամբ, այլ ազգային արժույթի արժևորմամբ, գների աճով և երկիր մարդկանց ու ֆինանսական միջոցների ներհոսքով։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ արտաքին առևտրի մեծ շրջանառությունը դեռևս չի նշանակում Հայաստանի տնտեսությունում ստեղծվող ավելացված արժեքի համարժեք աճ։
Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը մեծ է, սակայն դրան համապատասխանող ավելացված արժեքը՝ համեմատաբար փոքր։ «Եթե 2026 թվականին ունենանք արտաքին առևտրի շրջանառության նվազում, բայց ավելացված արժեքի աճ, դա նշանակում է, որ արտաքին առևտրի հոսքերը շատ քիչ են կապված Հայաստանի տնտեսությունում ստեղծվող արդյունքի հետ, և դրանք հիմնականում սպասարկում են որոշակի հոսքեր, որոնք կապված են վերաարտահանման կամ այլ նպատակների հետ», — նշել է Գաբրիելյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության անվանական ծավալների աճի զգալի մասը պայմանավորված է վերագնահատմամբ։ Եթե տնտեսության ծավալը մոտ 14 միլիարդից հասել է 30 միլիարդի, ապա այդ աճի մի զգալի մասը կապված է ազգային արժույթի արժևորման և գների բարձրացման հետ, այլ ոչ թե միայն արտադրանքի ծավալների ավելացման։ Գաբրիելյանն ընդգծել է, որ խոսքը տնտեսության իրական աճի բացակայության մասին չէ։ Խնդիրն այն է, թե ընդհանուր աճի որ մասն է պայմանավորված իրական տնտեսական զարգացմամբ, և որը՝ արժեքային վերագնահատմամբ։
Նա նաև ուշադրություն է հրավիրել 2022 թվականից հետո Հայաստանի տնտեսական վիճակագրության փոփոխված պատկերի վրա։ Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում տնտեսական աճի վրա էական ազդեցություն են ունեցել Հայաստան ավելի մեծ թվով մարդկանց և ֆինանսական միջոցների ներհոսքը։ Նախկին փոխվարչապետի գնահատմամբ՝ եթե այդ հոսքերի նվազումը պայմանավորված լինի տնտեսական գործոններով, ապա այն պարտադիր չէ, որ մեծ հարված հասցնի տնտեսությանը։ «Որպես կանոն, եթե գործընթացները տեղի են ունենում տնտեսական տրամաբանությամբ, այդ ներհոսքերը միանգամից չեն կտրվում։ Իրենք կտրվում են կամաց-կամաց։ Եթե դա լինում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, տնտեսությունը ստանում է որոշակի հնարավորություն հարմարվելու նոր պայմաններին, բնականաբար ինչ-որ չափով էլ կորուստ ունենում», — նշեց նա։
Միաժամանակ, եթե այդ հոսքերի դադարեցումը պայմանավորված լինի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշումներով, իրավիճակը կարող է բոլորովին այլ լինել։ «Եթե որոշվի, որ, օրինակ՝ ռուսաստանցի զբոսաշրջիկներն այլևս Հայաստան չեն գալիս, կամ որոշ ապրանքներ այլևս Հայաստանի տարածքով չեն տեղափոխվում, ապա գումարների ներհոսքի դադարեցումը կտրուկ է տեղի ունենում», — նշել է Գաբրիելյանը։ Այս պարագայում տնտեսության վրա ազդեցությունը մեծանում է։
Քաղաքական որոշումների տնտեսության վրա ազդեցության հարցի համատեքստում, Գաբրիելյանը անդրադարձավ հայկական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների։ Նրա խոսքով՝ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել, և այդ միտումը կարող է շարունակվել։
Բանկերի, կառավարության և Կենտրոնական բանկի ջանքերով որոշակիորեն սառեցվել են ռուսական շուկայում խնդիրների բախված ընկերությունների, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունների վարկային տույժերն ու տուգանքները։ Սակայն Գաբրիելյանի խոսքով՝ սա ժամանակավոր լուծում է, քանի որ խնդիրը հնարավոր չէ անորոշ ժամանակով սառեցված պահել։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտության դեպքում պետք է սուբսիդավորել տնտեսության տուժած հատվածը, հակառակ դեպքում խնդիրը պարզապես տեղափոխվում է մի ոլորտից մյուսը։
«Բանկերի համար դա շատ վտանգավոր է, որովհետև եթե բանկերն ունենան խնդիրներ, ապա այն այլևս չի սահմանափակվի մեկ կոնկրետ ոլորտով, այլ կտարածվի ամբողջ տնտեսության վրա, քանի որ բանկերը սպասարկում են տնտեսության բոլոր հատվածները», — նշել է նա։
Գաբրիելյանի խոսքով՝ խնդրի կարգավորման համար ներկայումս կիրառվող ժամանակավոր լուծումը շուտով ավարտվելու է։ «Եթե ճիշտ եմ հիշում, սահմանված ժամկետը մինչև 2027 թվականն է։ Դրանից հետո իրավիճակի զարգացումը կախված կլինի նրանից, թե արդյոք ընկերությունները կկարողանան շարունակել իրենց արտահանումը, թե ոչ», — նշեց նա։

