Ռուսաստանն ինքը փակեց Հայաստանում ռուսական ատոմակայան կառուցելու հեռանկարը 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի հայտարարությունը, թե Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի կառուցումը կարող է սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի և Հայաստանի հարևան պետությունների համար, ըստ էության, փակում է ռուսական ատոմակայանի կառուցման շուրջ քննարկումների թեման։ Այս մասին նշել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և նոր ներդրումային ծրագրերի հեռանկարներին։

Մեհրաբյանի խոսքով՝ Շևցովը հայտարարել է, որ Firebird AI-ի արհեստական բանականության կենտրոնը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից լրտեսական գործունեություն իրականացնելու համար։ Ի պատասխան՝ Firebird AI կորպորացիան հանդես է եկել հերքմամբ՝ կասկածի տակ դնելով նման պնդումների հիմնավորվածությունը և նշելով, որ դրանք վկայում են կենտրոնի գործունեության ու տեխնոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ թյուրըմբռնման մասին։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարևոր է նաև Հայաստանի էներգետիկ ապագայի տեսանկյունից։ Նա հիշեցրել է, որ արհեստական բանականության խոշոր կենտրոնները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են պահանջում, իսկ Հայաստանում նման ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները կապվում են նաև միջազգային ներդրումների, այդ թվում՝ Amazon-ի կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի հետ։

Մեհրաբյանի խոսքով՝ եթե Ռուսաստանը Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի կառուցումը դիտարկում է որպես սպառնալիք, ապա հարց է առաջանում, թե ինչպես կարող է ռուսական կողմը միաժամանակ առաջարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցել, եթե այդ կենտրոնի էլեկտրամատակարարումը կարող է հակասել իր իսկ հայտարարած անվտանգության մտահոգություններին։ «Եթե այդպիսի գործարանը սպառնալիք է համարվում, ապա ենթադրենք՝ ատոմակայանը կառուցվեց. էլեկտրաէներգիա չի՞ մատակարարվելու այդ կենտրոնին։ Այդ դեպքում ինչպե՞ս է այն կառուցվելու», — հարցադրում է անում քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ այս հայտարարությունից հետո անհիմն են դառնում նաև այն ենթադրությունները, թե Հայաստանը կարող է նոր ատոմակայանի կառուցման հարցում դիտարկել ռուսական առաջարկը՝ դրա դիմաց առաջարկելով այլ ակտիվների կամ իրավունքների փոխանակման տարբերակներ։ Մեհրաբյանը նման սցենարները բնութագրել է որպես ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրին բնորոշ ենթադրություններ։

Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ժամանակ է վերցրել մինչև հաջորդ տարվա վերջը՝ նոր ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու և այն հրապարակելու համար։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում անհրաժեշտ է գնահատել ոչ միայն առաջարկների տնտեսական և տեխնիկական իրատեսականությունը, այլև դրանց համատեղելիությունը Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ու տնտեսական զարգացման նպատակների հետ։


👉 Քաղաքականություն

Scroll to Top