Ռուսաստանը բավարար ռեսուրսներ չունի միաժամանակ Ուկրաինայում պատերազմը շարունակելու և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը պահպանելու համար։ Այս պայմաններում Մոսկվան ստիպված է լինելու առաջնահերթություններ սահմանել, Հարավային Կովկասում նրա դիրքերը կարող են թուլանալ։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը Հայաստանի համար լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ երկրի անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հարաբերություններից։
Բաղդասարյանի խոսքով՝ Ռուսաստանի հիմնական խնդիրն այն է, որ երկիրը խորացել է ուկրաինական պատերազմի մեջ և միաժամանակ փորձում է հասնել արևմտյան պատժամիջոցների թուլացմանը։ Սակայն Մոսկվայի ռեսուրսները բավարար չեն բոլոր ուղղություններով իր ներկայությունը նույն մակարդակով պահպանելու համար։ Մինչդեռ Կենտրոնական Ասիայում ակտիվանում է Չինաստանի ազդեցությունը, իսկ Հարավային Կովկասում զարգանում են նոր քաղաքական գործընթացներ։
Քաղաքագետը չի բացառում, որ այս պայմաններում Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցության մի մասը Հարավային Կովկասում։ Նա ուշադրություն է հրավիրում նաև Իրանի դերի մեծացման վրա՝ ընդգծելով, որ Թեհրանը կարող է բացասաբար ընկալել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարածաշրջանային պայմանավորվածությունները։
«Ինչպես Ուկրաինան էր դա գնահատում որպես թիկունքից հարված, նույն կերպ էլ Իրանը կարող է ընկալել։ Իրանը համարում է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն իր գոյաբանական թշնամիներն են, և այդ պայմաններում ինչպե՞ս պետք է գնահատի նրանց հետ կնքած նման գործարքը»,– ասում է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Իրանը դեռ չունի բավարար հնարավորություններ տարածաշրջանային լայնածավալ ծրագրերն ինքնուրույն իրականացնելու համար, սակայն կարող է խոչընդոտել այլ երկրների նախաձեռնություններին։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված նաև հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը։ Եթե Հայաստանի ապաշրջափակման ծրագրերի իրականացումը պայմանավորված է տարածաշրջանային համագործակցությամբ, ապա առանց Իրանի մասնակցության դրանց իրագործումը կարող է դժվարանալ։
Հայաստանին անհրաժեշտ է տարածաշրջանային ուժերի համաձայնություն
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի համար որն է ավելի մեծ ռիսկ՝ թուլացած Ռուսաստա՞նը, թե՞ ուժեղացած և վերադարձող Ռուսաստանը, Բաղդասարյանը շեշտում է, որ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանային կայունությունը։
Քաղաքագետի համոզմամբ՝ Հարավային Կովկասում կայունություն հնարավոր է ապահովել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համաձայնության պայմաններում։ Եթե այդ հավասարակշռությունը խախտվում է, տարածաշրջանում պատերազմի վտանգն աճում է, իսկ ամենածանր հետևանքները կրում է Հայաստանը՝ իր խոցելի դիրքի պատճառով։ «Իսկ երբ այստեղ պատերազմ է լինում, ամենաշատը մենք ենք տուժում, որովհետև ամենախոցելի վիճակում մենք ենք»,– նշում է նա։
Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանին ձեռնտու չէ Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կամ Թուրքիայի և Իրանի միջև թշնամանքի խորացումը։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանի անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն ընդհանուր համաձայնության միջոցով։
Քաղաքագետը կարծում է, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասի՝ բոլոր ռազմական դաշինքներից դուրս գտնվող և երկարատև խաղաղության պայմաններում գործող տարածք դառնալը դժվար իրագործելի նպատակ է։ Այդ պայմաններում նա Հայաստանի համար ավելի նախընտրելի է համարում տարածաշրջանի ընդգրկվածությունը ռուսական անվտանգության համակարգում, քան արևմտյան համակարգում, քանի որ, նրա գնահատմամբ, Արևմուտքի հիմնական տարածաշրջանային հենարանը Թուրքիան է։
Բաղդասարյանը նշում է, որ եթե Արևմուտքի հիմնական գործընկերը տարածաշրջանում լիներ, օրինակ, Ֆրանսիան կամ Լեհաստանը, Հայաստանի համար հաշվարկները կարող էին այլ լինել։
ԵՄ-ն ինչ կարող է առաջարկել Հայաստանին
Քաղաքագետն անդրադարձել է նաև Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների հարցին։ Նրա խոսքով՝ մինչև դեկտեմբեր իրավիճակի էական փոփոխություն կարող է չլինել, և շատ բան կախված կլինի նրանից, թե Եվրամիությունն ինչ առաջարկներ կներկայացնի Հայաստանին։
Բաղդասարյանը կասկածում է, որ ԵՄ-ն այդ ընթացքում Հայաստանին կկարողանա առաջարկել այնպիսի տնտեսական կամ քաղաքական աջակցություն, որը կփոխհատուցի Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման հնարավոր հետևանքները։ Նրա գնահատմամբ՝ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններից հետո Եվրամիությունը հայտնվել է բարդ իրավիճակում և դեռևս հստակ լուծումներ չունի սեփական խնդիրների համար։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները նման պայմաններում կարող են կանգնել երկու բարդ տարբերակի առաջ։ Առաջին դեպքում կառավարությունը կարող է շարունակել եվրոպական ուղղությունը՝ հասարակությանը բացատրելով, որ ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է դիմանալ հնարավոր սոցիալ-տնտեսական դժվարություններին։ Երկրորդ դեպքում Հայաստանը կարող է վերադառնալ Ռուսաստանի ազդեցության ներքո, ընդ որում՝ ավելի անբարենպաստ պայմաններով։
Այս հանգամանքները, Բաղդասարյանի գնահատմամբ, ավելի են բարդացնում Հայաստանի դիրքերը տարածաշրջանային և միջազգային վերադասավորումների պայմաններում։
Տարածաշրջանային համագործակցությունը՝ արտաքին ուժերի ներգրավման փոխարեն
Անդրադառնալով Հայաստանի համար նախատեսված հիմնական ուղերձին՝ Բաղդասարյանը նշում է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։
Նրա խոսքով՝ արտաքին ուժերի ներգրավումը կարող է ավելի սրել առկա հակասությունները, մինչդեռ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համաձայնության հասնելը հնարավորություն կտա պահպանել հարաբերական կայունությունը։
«Քարը փեշերիցդ թափեք, արտատարածաշրջանային ուժեր, մի՛ բերեք տարածաշրջան։ Տեսնում եք, որ այստեղ հնարավոր է այդ ամենը կարգավորել։ Գուցե ձեզ համար ամենալավ տարբերակը չլինի, բայց եթե դրսից ուժ բերեք, ավելի վատ է լինելու։ Ասում են՝ տեսեք, Կենտրոնական Ասիայում լուրջ համագործակցություն է՝ Իրանի, Թուրքիայի մասնակցությամբ։ Միայն մենք ենք փորձում դրսից ուժ բերել, որովհետև ամենախոցելին ենք։ Ասում են՝ մի՛ արեք»,– ամփոփում է քաղաքագետը։

