ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս բացահայտ խոստովանում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է, և փորձում է այդ հարցը դարձնել ներքաղաքական ճնշման գործիք։ Նման կարծիքի է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա համոզմամբ՝ վարչապետի ընտրած ճանապարհը ոչ թե քաղաքական լուծումների, այլ ռեպրեսիաների խորացման և քաղաքացիական բախումների է հանգեցնելու։
Քաղաքագետը նշում է, որ վերջին օրերին Փաշինյանը բազմիցս անդրադարձել է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը՝ այն կապելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ։ Եթե խորհրդարանական ընտրություններից առաջ այդ կապը ներկայացվում էր անուղղակիորեն, ապա այժմ վարչապետն արդեն բացահայտ ընդունում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը բխում է Ադրբեջանի պահանջներից։
Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյանն անտեսում է մի կարևոր քաղաքական իրողություն. խորհրդարանական ընտրությունները նոր են ավարտվել, և դրանց արդյունքներով հասարակությունը նրան տվել է կառավարություն ձևավորելու իրավունք, բայց չի տվել սահմանադրությունը միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուժերով փոխելու մանդատ։
Քաղաքագետը հիշեցնում է, որ նախընտրական շրջանում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ երկու երրորդի աջակցությունը ներկայացրել էր որպես կենսական պայման՝ նույնիսկ սպառնալով, թե հակառակ դեպքում սեպտեմբերին պատերազմ կլինի։ Այդուհանդերձ, անկախ ընտրությունների արդյունքների շուրջ առկա կեղծիքների վերաբերյալ պնդումներից, պաշտոնական արդյունքներով հասարակությունը Փաշինյանին չի տվել սահմանադրական փոփոխություններ միանձնյա իրականացնելու իրավունք։
Սուրենյանցի գնահատմամբ՝ նման պայմաններում Փաշինյանը կարող էր ընտրությունների արդյունքները վերածեր արտաքին քաղաքական կապիտալի և Ադրբեջանի հետ բանակցեր այնպես, որ Սահմանադրության հարցը դուրս բերվեր հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից։ Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի մտահոգությունները փարատելու այլ ճանապարհներ կային, սակայն վարչապետը գնացել է հակառակ ուղղությամբ՝ արտաքին ճնշումը վերածելով ներքին շանտաժի։
Այժմ, ըստ Սուրենյանցի, Փաշինյանը Ալիևից կփորձի որոշակի լուծում ստանալ, այնուհետև այդ լուծումը կօգտագործի ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Վարչապետի հաշվարկն, ըստ քաղաքագետի, ընդդիմության վրա հանրային ճնշում բանեցնելն է՝ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ վեց կամ յոթ լրացուցիչ ձայները ստանալու նպատակով։ Սակայն ընդդիմադիր երկու խմբակցություններն արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում ենթարկվել այդ շանտաժին և չեն քվեարկելու Ալիևի պահանջած սահմանադրական փոփոխությունների օգտին։
Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանի կփորձի կրկին կիրառել 2018 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների սցենարը, երբ վարչապետը, օգտվելով հասարակական բարձր աջակցությունից, մարդկանց բերեց Ազգային Ժողովի բակ և ստիպեց խորհրդարանին գնալ արտահերթ ընտրությունների։ Սակայն, քաղաքագետի համոզմամբ, վեց տարի անց իրավիճակը էապես փոխվել է, և այդ նախադեպի կրկնության համար անհրաժեշտ պայմաններն այլևս չկան։
Նա առանձնացնում է երեք հանգամանք։
Առաջին՝ Փաշինյանն այլևս չունի այն հասարակական աջակցությունը, որն ուներ 2018 թվականին։ Սուրենյանցի խոսքով՝ այն ժամանակ վարչապետի հասարակական բարձր վարկանիշը թույլ էր տալիս նույնիսկ քաղաքական շանտաժը լեգիտիմացնել կամ փոխհատուցել հանրային աջակցության միջոցով։ Այժմ այդ ռեսուրսը չկա։ Քաղաքագետը նշում է, որ նույնիսկ եթե ընդունենք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական պատկերը, Փաշինյանը հասարակության 50 տոկոսի աջակցությունը չունի։
Երկրորդ՝ Սուրենյանցի համոզմամբ՝ պետականություն ունեցող հասարակությունը չի կարող համախմբվել թշնամական պետության օրակարգի շուրջ։ Նա ընդգծում է, որ Հայաստանը պետությունից հրաժարվելու մտադրություն չունի, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էլ ցույց են տվել, որ հասարակության մեջ առկա է արտաքին ճնշմանը դիմադրելու տրամադրվածություն։ Հետևաբար, Ադրբեջանի առաջ քաշած պահանջների շուրջ հասարակական համախմբում ակնկալել հնարավոր չէ։
Երրորդ՝ քաղաքագետը մատնանշում է հասարակության խոր բևեռացվածությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանում կա Փաշինյանի համակիրների որոշակի հատված, որի վրա նա հենվում է, ինչպես նաև բավականին մոտիվացված ընդդիմադիր հատված։ Սուրենյանցը նշում է, որ այս համակիրների ձևավորման պատճառները կարող են տարբեր լինել՝ ճնշումներից ու պաշտոնը կորցնելու վախից մինչև եկամուտների պահպանման շահագրգռվածություն, սակայն դա չի փոխում հասարակության բևեռացված լինելու փաստը։
«Բևեռացված հասարակություններում կոնսոլիդացիա տեղի չի ունենում»,— ընդգծում է քաղաքագետը։ Սուրենյանցի գնահատմամբ՝ եթե Փաշինյանը փորձի իրականացնել ընդդիմության նկատմամբ իր հայտարարած ճնշման քաղաքականությունը, դա չի հանգեցնի քաղաքական հանգուցալուծման։ Ընդհակառակը՝ բևեռացված հասարակության պայմաններում այդ քայլերը կարող են վերածվել քաղաքացիական բախումների, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։ Քաղաքագետը կարծում է, որ վարչապետի ընտրած ուղին հանգեցնելու է ռեպրեսիաների խորացմանը, իսկ դրանց դեմ հակազդեցությունը կարող է երկիրը կանգնեցնել ներքին բախումների վտանգի առաջ։

