ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկակի խաղ վարելու, խոստումներ տալու, ապա դրանցից հրաժարվելու մարտավարությունն այլևս չի աշխատի։ Մոսկվան, ըստ էության, Հայաստանի առաջ պայմանների ամբողջական փաթեթ է դրել, և Երևանը ստիպված է լինելու ընտրություն կատարել։ Եթե այդ պայմանները չկատարվեն, ռուսական կողմը կարող է անցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս մղելու քաղաքականությանը՝ դրանից բխող տնտեսական և սոցիալական ծանր հետևանքներով։ Նման գնահատական է հնչեցրել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում խոշոր պետությունների հետ հարաբերություններում կոնֆորմիզմը, երկդիմի քաղաքականությունն ու բոլոր կողմերին հաճոյանալու փորձերն այլևս արդյունք չեն տալիս։ Խոշոր պետությունների հետ նման խաղերը չեն ներվում, և կորցրած վստահությունը վերականգնելն այլևս հեշտ չի լինելու։
Քոչարյանը հիշեցնում է, թե ինչպես էր Փաշինյանը նախկինում փորձում Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ խոստումների միջոցով։ Նա ռուսական կողմին առաջարկում էր օրինակ՝ Հայաստանում չորս ռուսական դպրոց բացել, Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Մոսկվան դրական էր արձագանքում այդ առաջարկներին, իսկ ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարում էին, որ աշխատում են Փաշինյանի հետ և ընդդիմության հետ հանդիպելու անհրաժեշտություն չեն տեսնում։
Սակայն 2021 թվականի ընտրություններից հետո, երբ ռուսական կողմը փորձել է վերադառնալ այդ պայմանավորվածություններին, պարզվել է, որ Երևանը պատրաստ չէ դրանք կյանքի կոչել։ Հայաստանում օտարերկրյա դպրոցներ բացելու հարցում խոչընդոտներ են առաջացել, իսկ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցն այդպես էլ չի լուծվել։
«Նրանք արդեն հոգնել են»,— ասում է Քոչարյանը՝ նկատի ունենալով Մոսկվայի վերաբերմունքը Փաշինյանի նման գործելակերպի նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն այլևս չի պատրաստվում բավարարվել հերթական խոստումներով։ Այս անգամ խոսքը ոչ թե առանձին հարցերի շուրջ պայմանավորվածությունների, այլ ամբողջական փաթեթի մասին է. եթե Հայաստանը համաձայնի, օրինակ, ատոմակայանի հարցում Ռուսաստանի առաջարկին, դա դեռ չի նշանակում, որ մյուս հարցերը փակված են։ Պետք է կատարվեն նաև փաթեթի մյուս պահանջները։
Քոչարյանի գնահատմամբ՝ Փաշինյանի փորձերը՝ որոշ հարցերում զիջումների գնալ, մյուսներում խուսափել պարտավորություններից և այդ կերպ շարունակել մանևրել, այլևս չեն աշխատի։ Մոսկվայի դիրքորոշումը, նրա նկարագրությամբ, հստակ է՝ կա՛մ Երևանն ընդունում է պայմանների ամբողջ փաթեթը, կա՛մ Ռուսաստանը կոշտացնում է իր քաղաքականությունը՝ ընդհուպ պատժամիջոցների և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս մղման հնարավորությամբ։
Մեդիափորձագետը զգուշացնում է, որ նման զարգացումների հետևանքները իշխանությունների ներկայացրածից շատ ավելի ծանր են լինելու։ Նա քննադատում է այն հայտարարությունները, թե Ռուսաստանից գազի գնի բարձրացումը կամ տնտեսական կապերի թուլացումը էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա։
Քոչարյանի խոսքով՝ գազի թանկացումը չի սահմանափակվելու միայն բնակչության կոմունալ ծախսերի ավելացմամբ։ Այն անդրադառնալու է արտադրության գրեթե բոլոր ոլորտներին՝ հացի արտադրությունից մինչև էլեկտրաէներգիայի արժեք և այլ ապրանքների գներ։ Եթե գազը թանկանա, դրան հաջորդելու է ապրանքների ու ծառայությունների շղթայական թանկացում։ Նա ընդգծում է, որ նույնիսկ տնտեսական ցուցանիշների համեմատաբար փոքր անկումն արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, որն առանց այդ էլ գյուղատնտեսության ոլորտում դժվարություններ ունի։
Մեդիափորձագետի կարծիքով՝ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե հնարավոր տնտեսական ցնցումները կառավարելի են, սակայն իրականությունն այլ է։ Նա նկատում է, որ մարդկանց շրջանում արդեն իսկ անհանգստություն կա, հատկապես ձմռան նախաշեմին։
Խնդիրը, Քոչարյանի համոզմամբ, միայն գազի կամ այլ ապրանքների թանկացումը չէ։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է զրկել Հայաստանի քաղաքացիներին նաև աշխատանքային միգրացիայի կարևոր ուղղությունից։ Նա հիշեցնում է, որ նախկինում տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանից մեկնած շատ մարդիկ կարողանում էին աշխատանք գտնել Ռուսաստանում և այնտեղից գումար ուղարկել իրենց ընտանիքներին։
Եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցության հետ կապված արտոնությունները, իրավիճակը կփոխվի։ Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիներին կարող են սկսել դիտարկել որպես սովորական աշխատանքային միգրանտների, ինչն առաջ կբերի լուրջ վարչական խոչընդոտներ։ Միգրանտների համար որոշ մասնագիտություններ հասանելի չեն լինի, իսկ աշխատանքի և բնակության հետ կապված փաստաթղթային ընթացակարգերը կբարդանան։
Միաժամանակ, Ռուսաստանից վերադարձող քաղաքացիների համար այլընտրանքային աշխատանքային ուղղություններ գտնելը հեշտ չի լինելու։ Քոչարյանը նշում է, որ Ուկրաինան այս առումով գործնական տարբերակ չէ, իսկ եվրոպական երկրները չեն պատրաստվում ընդունել 200-300 հազար հայաստանցու։ Լեզվական գիտելիքների և աշխատանքի շուկա մուտք գործելու հնարավորությունների սահմանափակումներն ավելի են խորացնելու խնդիրը։

