Քաղաքական պայքարը չի սկսվում միայն ընդդիմության որոշմամբ կամ փողոց դուրս գալու պատրաստակամությամբ։ Դրա համար պետք է համընկնեն մի շարք հանգամանքներ՝ հասարակական տրամադրությունները, քաղաքական ուժերի պատրաստվածությունը, իշխանության ներսում առաջացող հակասությունները և աշխարհաքաղաքական շահերը։ Նման կարծիքի է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Փողոցային պայքարի համար պետք է համընկնեն մի շարք պայմաններ
Նա նշեց, որ ցանկացած պայքար ունի իր ժամանակը։ Դրա հաջողությունը պայմանավորված չէ միայն որևէ իրադարձությամբ, մարդկանց թվով կամ ուժային ռեսուրսներով։ Պետք է միաժամանակ համընկնեն մի շարք ներքին և արտաքին գործոններ։ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս իրավիճակում մեծ նշանակություն ունեն նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժերի շահերի համընկնումը։ Այդ հանգամանքը կարող է էական ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների զարգացման վրա։
Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ փողոց դուրս գալը չպետք է ինքնանպատակ լինի։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը վերջին վեց-յոթ տարիների իր փորձից պետք է համապատասխան դասեր քաղած լինի։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքական գործընթացներ հասարակության շրջանում սպասումներ են ձևավորել, որոնք հետագայում չեն իրականացել՝ առաջացնելով հիասթափություն նաև ընդդիմության կողմնակիցների շրջանում։
Քոչարյանի խոսքով՝ ընդդիմության զգուշավորությունը կարելի է հասկանալ նաև այս տեսանկյունից։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարել էր՝ փողոց դուրս կգա մեկ անգամ և վերջնականապես։ Քաղտեխնոլոգը նման մոտեցումը համարում է ադեկվատ և պրագմատիկ։ «Կարծում եմ՝ կգա համապատասխան պահը, երբ իմ ասած բոլոր աստղերը մի կետում կհատվեն, և փողոցային պայքար նույնպես կլինի»,– նշել է նա։
Իշխանության ներսում նույնպես կարող են ճաքեր առաջանալ
Նրա խոսքով՝ ցանկացած իշխանության ներսում վաղ թե ուշ առաջանում են ճաքեր, և ներկայիս իշխանությունը բացառություն չէ։
Թեև Նիկոլ Փաշինյանի կենտրոնացված կառավարման մասին գնահատականներում որոշակի ճշմարտություն կա, Քոչարյանի համոզմամբ՝ իշխանության ներսում տարբեր խմբավորումներ կան՝ իրենց նպատակներով, ազդեցության շրջանակներով, մարդկանցով և ֆինանսական ռեսուրսներով։
Նրա խոսքով՝ այդ խմբավորումների շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Մի մասը կարող է դժգոհ մնալ ազդեցության լծակները կորցնելու պատճառով, մինչդեռ մյուսները նոր լծակներ են ձեռք բերում։ Նման իրավիճակը, Քոչարյանի գնահատմամբ, կարող է ներքին դժգոհությունների աղբյուր դառնալ։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է հունվարի 1-ից նախատեսվող աշխատավարձերի բարձրացումը։ Քանի որ բարձրացումը չի վերաբերի բոլորին, դա կարող է դժգոհություններ առաջացնել նաև իշխանության ներսում։
Քոչարյանը նկատել է նաև, որ վերջին օրերին իշխանության որոշ ներկայացուցիչների հրապարակային ելույթներն ու պահվածքը սուր արձագանքներ են առաջացնում ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության կողմնակիցների շրջանում։
Նրա խոսքով՝ այդ արձագանքները նկատելի են նաև իշխանության ներսում։ Որոշ ՔՊ-ական գործիչների ելույթների վերաբերյալ քննադատական արձագանքներն ու ծաղրական հրապարակումները միայն ընդդիմության շրջանակում չեն տարածվում․ դրանց ակտիվորեն արձագանքում են նաև իշխանության համակիրները, իսկ որոշ դեպքերում՝ հենց իշխանության ներսում գտնվող մարդիկ։
Քաղաքական տեխնոլոգի գնահատմամբ՝ այսպիսի դրսևորումները ևս կարող են վկայել իշխանության ներսում կուտակվող դժգոհությունների մասին։
Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առաջնորդներին է ծնում
Ընդդիմության պայքարի կարևոր մաս է նաև առաջնորդի ընտրությունը։ Քոչարյանի գնահատմամբ՝ նախկին քաղաքական առաջնորդները կարող են կարևոր դեր ունենալ որպես խորհրդատուներ, սակայն այլևս չեն կարող լինել նոր գործընթացների առաջնորդները։
Քոչարյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առաջնորդներին է ծնում։ Նա կողմ է, որ նախկին և փորձառու քաղաքական գործիչները ներկա լինեն քաղաքական գործընթացներում, քանի որ նրանք ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, տեղեկատվություն և փորձ, որոնք նոր քաղաքական դերակատարները դեռ չունեն։ Սակայն, նրա համոզմամբ, դա չի նշանակում, որ նախկին առաջնորդները պետք է կրկին ստանձնեն առաջնորդի դերը։
«Նրանք կարող են լինել գլխավոր խորհրդականները, բայց նոր գործողությունների համար նոր դեմքեր են պետք»,– նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե ներկայումս շրջանառվող անուններից ով կարող է դառնալ իրական առաջնորդ։ Առաջնորդությունը, նրա խոսքով, ձևավորվում է պայքարի ընթացքում։ Կան մարդիկ, որոնցից մեծ սպասումներ են ունենում, բայց վճռական պահին նրանք չեն արդարացնում այդ սպասումները։ Միաժամանակ պատահում է, որ որևէ մեկից առաջնորդի դեր չեն ակնկալում, սակայն նա անսպասելիորեն դառնում է քաղաքական գործընթացի կենտրոնական դեմքը։

