Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունների հարցը վերապատվիրակել է Բաքվին

Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանը շարունակում է փակ պահելու պատճառները պետք է փնտրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում Բաքվի աճող ազդեցության մեջ։  Նման կարծիքի է պատմաբան և դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը։ 

Նրա խոսքով՝ եթե նախկինում Ադրբեջանն էր կախված Թուրքիայից, ապա այժմ իրավիճակը որոշ չափով փոխվել է, և Անկարան ինքն է տնտեսական առումով կախվածություն ձեռք բերել Բաքվից։ Լիպարիտյանի համոզմամբ՝ Թուրքիայի տնտեսության ոչ այնքան բարենպաստ վիճակի պայմաններում Ադրբեջանի ներդրումները կարևոր նշանակություն ունեն Անկարայի համար։ Ադրբեջանը դեռևս ունի ֆինանսական միջոցներ, և նրա ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ կարևոր գործոն են դարձել։

«Ես վերջերս հանդիպել եմ թուրք դիվանագետների հետ և նրանց ասել, որ Անկարան փաստացի  Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը Բաքվին է արտապատվիրակել։ Նրանք ասում են՝ ոչ, այնքան էլ այդպես չէ, բայց փաստորեն այդպես է»,– նշել է Լիպարիտյանը։

Ալիևն օգտվում է բոլոր ստեղծված հնարավորություններից 

Պատմաբանի կարծիքով՝ Բաքուն, իր հերթին, ձգտում է առավելագույնս շահարկել Արևմունքի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ իր խաղաղության գործընթացում։ Նա որպես օրինակ մատնանշել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը պատրաստ էր, սակայն գործընթացը երկար ժամանակ առաջ չէր շարժվում։

Լիպարիտյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավոր մտահոգություններից մեկը Բայդենի վարչակազմի օրոք իր երկրի հասցեին հնչող քննադատությունն էր՝ կապված մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Ալիևը, ըստ նրա, ցանկանում էր փոխել այդ վերաբերմունքը և հասնել Սպիտակ տանը ընդունելության։

Պատմաբանի գնահատմամբ՝ ստեղծված հնարավորությունից Ալիևն օգտվեց՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գործընթացը կապելով Թրամփի հետ հանդիպման և միջազգային լեգիտիմության ամրապնդման հետ։ Միաժամանակ, Լիպարիտյանի կարծիքով, Ադրբեջանի համար կարևոր էր նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում իր ակնկալիքների առաջմղումը։

Նա ընդգծել է, որ Ալիևի հավակնությունները չեն սահմանափակվում միայն տարածաշրջանային դերակատարությամբ։ Ադրբեջանի նախագահը ցանկանում է, որ իր երկիրը միջազգային ասպարեզում ընկալվի ոչ թե որպես փոքր, այլ որպես միջին կարգի պետություն, իսկ ինքն ավելի լայն շրջանակներում ճանաչված և ազդեցիկ առաջնորդ դառնա։

Ինչո՞ւ է Արևմուտքին անհրաժեշտ հայ-ադրբեջանական խաղաղությունը

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Արևմուտքը շահագրգռված հայ-ադրբեջանական խաղաղությամբ և ինչու պետք է դրա դիմաց քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերի Բաքվին՝ Լիպարիտյանը նշել է էներգետիկ և հաղորդակցային գործոնների կարևորությունը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի համար պայմանավորված է ոչ այնքան այդ երկրի սեփական էներգետիկ պաշարներով, որքան Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի և գազի արտահանման հնարավորություններով։ «Դա շատ կարևոր է նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա ապրանքափոխանակության տեսանկյունից։ Նրանք պատկերացնում են, որ Ադրբեջանը պետք է լինի այդ ամենի ամենակարևոր օղակը»,– նշել է դիվանագետը։

Լիպարիտյանի խոսքով՝ Արևմուտքի համար հայ-ադրբեջանական խաղաղության նշանակությունը պայմանավորված է նաև հաղորդակցությունների այլընտրանքային ուղիներ ունենալու անհրաժեշտությամբ։ Նա նշել է, որ Վրաստանը այս պահին Արևմուտքի համար այնքան էլ վստահելի գործընկեր չէ, իսկ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարող է ավելի ուղիղ կապ ապահովել։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու այդ հաղորդակցությունները չեն կարող ամբողջությամբ զարգանալ Վրաստանի տարածքով, Լիպարիտյանը հիշատակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, ըստ որի՝ TRIPP նախագիծը Թբիլիսին չի դիտարկում որպես մրցակից։

«Նա ասել է, որ այնքան ապրանքափոխադրում պետք է լինի, որ այլ ճանապարհներ էլ են անհրաժեշտ։ Դա շատ հետաքրքիր հայտարարություն էր, որովհետև տարբերվում է ռուսական մոտեցումից»,– եզրափակել է Լիպարիտյանը։


👉 Տարածաշրջան

Scroll to Top