44-օրյա պատերազմից և հատկապես 2022 թվականից հետո Հայաստանը սկսեց ձևավորել անվտանգության և զսպման նոր բազմաշերտ համակարգ՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։ Այս մասին նշեց փորձագետ Դավիթ Պետրոսյան։
Նոր համակարգի առաջին բաղադրիչները
Նրա խոսքով՝ նախկինում գործող անվտանգության մեխանիզմները՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրերը, բավարար չեղան Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Դրա սահմանափակումները, ըստ Պետրոսյանի, առավել ակնհայտ դարձան 2022 թվականին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումների և հետագայում Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման ընթացքում։
Պետրոսյանի խոսքով՝ նոր զսպման համակարգի ձևավորման առաջին կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն էր, իսկ հաջորդ կարևոր քայլերը՝ օգոստոսի 8-ին TRIPP-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։
«Այսօր մեր զսպման համակարգը բազմաշերտ է»,– ասում է փորձագետը՝ առանձնացնելով նաև արհեստական բանականության ենթակառուցվածքների և ԱԲ գործարանների ստեղծումը։
ԱԲ ենթակառուցվածքները՝ որպես զսպման գործոն
Պետրոսյանի գնահատմամբ՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության նշանակություն։ Այստեղ, նրա խոսքով, կարևոր է նաև ամերիկյան տնտեսական շահի բաղադրիչը։ Նպատակն այն է, որ Հայաստանի վրա հնարավոր հարձակումը Ադրբեջանի համար ունենա հնարավորինս բարձր գին։
Ըստ փորձագետի՝ ցանկացած ռազմական հարձակում կարող է պարալիզացնել երկրի տնտեսական և տեխնոլոգիական համակարգերը, ինչը, իր հերթին, կարող է ազդել նաև Հայաստանի տարբեր գործընկերների շահերի վրա։ Հետևաբար, ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը կարող է դառնալ նաև Հայաստանի զսպման համակարգի բաղադրիչ։
Միևնույն ժամանակ, Պետրոսյանը շեշտում է, որ Հայաստանի զսպման համակարգի հիմնական և ամենակայուն բաղադրիչը շարունակում է մնալ բանակը։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս իրողությունները, հայկական բանակն այս փուլում, նրա գնահատմամբ, միայնակ չի կարող լիարժեք ապահովել երկրի անվտանգությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է բազմաշերտ զսպման համակարգ, որի բաղադրիչներից մեկը կարող են լինել նաև արհեստական բանականության ենթակառուցվածքները։
ԱԲ-ն և Հայաստանի բանակցային ռեսուրսը
Փորձագետի կարծիքով՝ ԱԲ ոլորտի նկատմամբ աճող ուշադրությունն ինքնին վկայում է դրա ռազմավարական նշանակության մասին։ Եթե այդ ենթակառուցվածքները չուժեղացնեին Հայաստանի ինքնիշխանությունը, տարածաշրջանում նրա դերը և, հետևաբար, տարբեր գործընկերների հետ բանակցելու կարողությունը, դրանք, նրա գնահատմամբ, այդքան մեծ ուշադրություն չէին գրավի։
Պետրոսյանը նաև ընդգծում է, որ այս գործընթացը կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հետ՝ նոր գործընկերներ և նոր շուկաներ գտնելու քաղաքականության շրջանակում։ Նրա խոսքով՝ նման ներդրումները հիմնականում գալիս են արևմտյան գործընկերներից, իսկ դրանց ակտիվացումը հնարավոր դարձավ Հայաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների խորացմանը զուգահեռ։

