ԱՄՆ-Իրան հակամարտությունը մտնում է նոր փուլ․ վտանգներ կան նաև ՀՀ-ի համար


Իրան–ԱՄՆ հակամարտության սրացումը նոր մտահոգությունների առիթ է դարձել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական և տնտեսական տեսանկյունից։ Փորձագետների գնահատմամբ՝ ռազմական գործողություններն աստիճանաբար վերածվում են ոչ միայն երկու երկրների դիմակայության, այլև համաշխարհային էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային կայունության վրա ազդող գործընթացի։ 
Իրանը փորձում է վերջնականապես ամրագրել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն իրանական կողմը փաստացի վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։

Նրա խոսքով՝ Իրանը, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ՝ պահպանելու համար այս կենսական նշանակություն ունեցող ջրային ուղու ամբողջական վերահսկողությունը, որը  իրանական կողմը չէր ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։ Ոսկանյանի խոսքով՝ իրանական կողմն իրականացրեց Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ ամենազանգվածային հարվածներից մեկը, իսկ Օմանի մայրաքաղաքի երկինքը ականատես է եղել իրանական հրթիռների աննախադեպ «հրավառությանը»։ Իրանագետի համոզմամբ՝ Թեհրանը կփորձի իր ամբողջ ներուժով վերջնականապես ամրագրել Հորմուզի նեղուցի նկատմամբ փաստացի լիարժեք վերահսկողությունը և այս հարցում որևէ զիջման պատրաստ չէ։

ԱՄՆ Իշխանությունները չունեն պատերազմից դուրս գալու ռազմավարություն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, հղում անելով The Economist-ի գնահատականներին, նշում է, որ Իրանի դեմ պատերազմը Դոնալդ Թրամփի համար վերածվել է ոչ միայն արտաքին քաղաքական փակուղու, այլև ծանր ներքաղաքական բեռի։ Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն տեսնում պատերազմի հստակ նպատակը, չափելի արդյունքը կամ դրանից դուրս գալու իրատեսական ճանապարհը։

Անանյանի գնահատմամբ՝ շարքային ամերիկացիներն արդեն գրեթե չեն քննարկում՝ պատերազմը կհանգեցնի՞ հաղթանակի, թե՞ պարտության։ Փոխարենը, նրանք առավելապես համոզված են, որ այն երկարատև է լինելու, իսկ իշխանությունը չունի դրանից դուրս գալու ռազմավարություն։ Նրա կարծիքով՝ սա հանրային անվստահության ավելի խոր դրսևորում է, քան պարզապես պատերազմին դեմ լինելը։

Երկարատև պատերազմը վտանգներ է ստեղծում նաև Հայաստանի համար

Անդրադառնալով Հայաստանի համար հնարավոր հետևանքներին՝ Անանյանը նշում է, որ երկարատև ամերիկա–իրանական պատերազմը մեծացնում է Իրանի ներքին ապակայունացման, հարավային հաղորդակցության խաթարման, փոխադրումների և վառելիքի թանկացման, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասում ուժային հավասարակշռության փոփոխության վտանգը։

Հայաստանի համար իրադարձությունների նման զարգացումն իսկապես առանձնահատուկ նշանակություն ունի։ Իրանը մնում է մեր երկրի այն սակավաթիվ հարևաններից մեկը, որի հետ պահպանվում է բաց ցամաքային սահման, հարավային ուղղությունը առանցքային դեր է խաղում արտաքին առևտրի և տրանսպորտային կապի ապահովման գործում։ Այս երթուղու աշխատանքում ցանկացած խափանում կանդրադառնա ապրանքների մատակարարման, լոգիստիկայի արժեքի և էներգակիրների գների վրա։

Բացի այդ, Իրանում տևական անկայունությունն անխուսափելիորեն ազդեցություն է ունենում ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Տարածաշրջանային առանցքային խաղացողներից մեկի թուլացումը կարող է հանգեցնել ուժերի ձևավորված հավասարակշռության փոփոխության, ազդեցության արտաքին կենտրոնների միջև մրցակցության սրմանը և տարածաշրջանի անվտանգության համար նոր մարտահրավերների ի հայտ գալուն։ Նման պայմաններում հակամարտության հետևանքներն այլևս չեն սահմանափակվում Վաշինգտոնի և Թեհրանի երկկողմ դիմակայությամբ, այլ ձեռք են բերում ավելի լայն աշխարհաքաղաքական ու տնտեսական մասշտաբ՝ շոշափելով հարևան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի շահերը։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top