Միացյալ Նահանգները ներկայումս ժամանակ են ձգում՝ պատրաստվելով Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։ Նման կարծիքի է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին։
Նրա գնահատմամբ՝ Պակիստանն իրեն սպառել է որպես միջնորդ։ «Հանդիպումը Իսլամաբադում ավարտվեց անարդյունք։ Իրանը չի գնա կրկին պակիստանյան միջնորդության։ Ամենաշատը՝ Պակիստանը կարող է շարունակել տեղեկատվություն փոխանցել, բայց ոչ միջնորդություն իրականացնել», — նշեց նա։
Բալասանյանը թերահավատությամբ է մոտենում այն գնահատականներին, թե Պակիստանի միջնորդությունը կարող է հանգեցնել զինադադարի երկարաձգման և առավել ևս խաղաղության։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ նախագահի հրահանգը՝ շրջափակել Հորմուզի նեղուցը, ընդհանրապես չի խոսում պատերազմը շուտափույթ ավարտելու ցանկության մասին։
Ավելին՝ նրա կարծիքով, Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լիբանան-Իսրայել բանակցություններում արդեն իսկ ցույց է տալիս, որ խնդիրը Լիբանանի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելը չէ։ «Որպես այդպիսին՝ Լիբանանի և Իսրայելի միջև որևէ խնդիր չկա։ Խնդիրը Հեզբոլահի և Իսրայելի միջև է, և ակնհայտ է, որ այստեղ որևէ միջնորդական առաքելության մասին խոսք լինել չի կարող», — ասաց նա։
Բալասանյանի գնահատմամբ՝ Լիբանանը, Իսրայելը և Միացյալ Նահանգները հավաքվել են մեկ հարկի տակ՝ հասկանալու, թե ինչպես են լուծելու Հեզբոլահի հարցը։ Միջազգայնագետը շեշտեց, որ Հեզբոլահը դիմադրության առանցքի կարևոր մաս է և Իրանի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում։
«Հեզբոլահի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը նշանակում է ռազմական գործողություններ վերսկսել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այդ իսկ պատճառով ես այս ամենը դիտարկում եմ որպես ժամացույցների սլաքների ուղղում՝ ապագա համատեղ գործողությունների համար», — ասաց Բալասանյանը։
Նա չի բացառում, որ Լիբանանի բանակում կարող են հայտնվել իսրայելցի գեներալներ, որոնք կկազմակերպեն գործողություններ Հեզբոլահի դեմ՝ գործելով լիբանանյան բանակի համազգեստով և «ուրիշի դրոշի ներքո»։
Բալասանյանը նաև զուգահեռներ անցկացրեց Արցախի հետ։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բացահայտեց իրական պլանները՝ Հարավային Լիբանանը ամբողջությամբ «մաքրելու» և այնտեղի շիական բնակչությանը (Հեզբոլահի հիմնական աջակիցներին) չթողնելու վերադառնալ իրենց տները։ Սա շատ նման է Ադրբեջանի ձեռագրին Արցախի հարցում»։

