Վերջին օրերին տեղի ունեցած բերման ենթարկումները և աղմկահարույց գործերը կրկին օրակարգ են բերել մարդու իրավունքների և արդարադատության հարցը։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ տեղի ունեցողը ոչ միայն իրավական, այլև համակարգային խնդիր է։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների բերման ենթարկմանը՝ նա նշեց, որ ամենամտահոգիչը ոչ թե մեղադրանքներն են, այլ դրանց ուղեկցող գործընթացները։ «Ամենաարտառոցն այն էր, որ փաստաբաններին թույլ չէին տալիս մուտք գործել իրենց մոտ, որևէ տեղեկություն չէին տալիս՝ ուր են տարել մարդկանց։ Սա նշանակում է՝ մարդկանց զրկել պաշտպանության իրավունքից», — ընդգծել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ նման գործելաոճը հակասում է իշխանությունների հնչեցրած արդարադատության մասին հայտարարություններին։ «Երեկ խոսում էին արդարադատությունից, նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած անօրինություններից, բայց իրականում հիմա իրենք անում են նույնը կամ նույնիսկ ավելի վատը։ Եթե այդ մարդկանց մեղքի ապացույցները կան, ինչո՞ւ են խոչընդոտում փաստաբանների աշխատանքը», — հարցադրում է արել նա։
Ալեքսանյանը նաև կասկածի տակ է դրել ընտրակաշառքի մեղադրանքներով նույնատիպ կրկնվող գործերի հիմնավորվածությունը՝ հիշեցնելով, որ նմանատիպ դեպքերով դատարանը արդեն մերժել է մեղադրանքները։ «Եթե ունեք ապացույց, տարեք դատարան, հաստատեք։ Բայց ինչո՞ւ եք խանգարում պաշտպանությանը», — նշել է նա։
Անդրադառնալով Գոհար Ղումաշյանի գործին՝ իրավապաշտպանը շեշտել է անմեղության կանխավարկածի խախտման խնդիրը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հանրությանը փորձում են համոզել մեղադրանքի մեջ՝ հրապարակելով ձայնագրություններ և դրանք ներկայացնելով որպես վերջնական ապացույց։ «Ձայնագրություն հրապարակելը դեռ չի նշանակում, որ մեղադրանքը ապացուցված է։ Պետք է լսվի նաև մյուս կողմը», — ասել է նա։
Միաժամանակ Ալեքսանյանը խիստ քննադատել է այն մոտեցումը, երբ հասարակական քննարկումները շեղվում են բուն խնդրից։ «Ուզում են, որ հանրությունը առաջնորդվի ոչ թե օրենքով, այլ իրենց ուզածով, — նշել է նա։
Ալեքսանյանի գնահատմամբ՝ իշխանությունները համակարգված կերպով խախտում են անմեղության կանխավարկածը՝ հատկապես աղմկահարույց գործերում։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն կոնկրետ դեպքերը չեն, այլ ընդհանուր մթնոլորտը, որտեղ իրավունքը երկրորդ պլան է մղվում։ «Երբ մարդը նորածին երեխա ունի, նրան ժամերով պահում են, առանց իրավական հստակության։ Սա ինչպե՞ս կարելի է ընդունել որպես նորմա», — ասել է Ալեքսանյանը։
Իրավապաշտպանը համոզված է՝ հասարակությունը պետք է պահանջի օրինականության պահպանում, այլապես նման պրակտիկան կարող է խորանալ։ «Ես չեմ ասում՝ մեղավոր է, թե ոչ։ Ես ասում եմ՝ պահեք օրենքը։ Սա է ամբողջ խնդիրը», — եզրափակել է նա։

