Թեև հիմնական վերադասավորումները ավանդաբար տեղի են ունենում քարոզարշավի վերջին փուլում, արդեն հիմա կարելի է ուրվագծել ուժերի մոտավոր դասավորությունը։ Այս մասին նշում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ առանցքային դերակատարը մնում է գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն այս փուլում, ըստ Քոչարյանի, իշխանության կողքին կամ նրա «արբանյակ» դաշտում գործող ուժերից որևէ մեկը դեռևս չի ցուցադրում այնպիսի ռեսուրս կամ աջակցություն, որը թույլ կտա իրական մրցակցություն ձևավորել հենց իշխանության ներսում։
Միևնույն ժամանակ, ընդդիմադիր դաշտում առանձնանում են մի քանի հիմնական կենտրոններ։ Քոչարյանը նշում է «Ուժեղ Հայաստան»-ը, Հայաստան դաշինքը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանը», որպես այն խաղացողներ, որոնք տեսականորեն կարող են պայքարել իշխանության դեմ։ Բացի այդ, նա չի բացառում նաև նոր ձևավորվող ուժերի մուտքը քաղաքական դաշտ՝ հատկապես ընտրություններից առաջ վերջին շաբաթներին, երբ հաճախ ի հայտ են գալիս նոր նախագծեր՝ նվազագույն արդյունք ապահովելու նպատակով։
Հետաքրքիր դերակատարում կարող է ունենալ Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունը։ Քոչարյանի կարծիքով՝ եթե այս ուժը կարողանա ճիշտ կառուցել իր քարոզչությունը և ձևակերպել այլընտրանքային «խաղաղության օրակարգ», որը կտարբերվի գործող իշխանության առաջարկածից, ապա կարող է հաղթահարել անցողիկ շեմը։ Նա հիշեցնում է, որ ներկայումս այդ շեմը 4% է, ինչը տեսականորեն լայնացնում է փոքր ուժերի հնարավորությունները։
Քաղտեխնոլոգը նաև ուշադրություն է հրավիրում ընտրողների մի կարևոր շերտի վրա՝ «բոլորին դեմ» տրամադրված քաղաքացիների։ Նրա խոսքով՝ այս մարդիկ սովորաբար չեն մասնակցում ընտրություններին, ինչի պատճառով նրանց պոտենցիալը չի արտահայտվում արդյունքներում։ Սակայն եթե որևէ մեխանիզմով հնարավոր լինի նրանց բերել ընտրատեղամասեր, «Բոլորին դեմ» շարժումը կարող է որոշակի տոկոս հավաքել և նույնիսկ հաղթահարել անցողիկ շեմը։
Առանձին թեմա է ձայների «փոշիացման» խնդիրը։ Քոչարյանը չի բացառում, որ որոշ քաղաքական ուժեր կարող են մտնել ընտրապայքարի մեջ, օգտագործել քարոզարշավը՝ իրենց ներկայությունն ապահովելու և իշխանությանը քննադատելու համար, սակայն արդեն վերջնամասում դուրս գալ մրցապայքարից՝ հասկանալով, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը։ Նրա գնահատմամբ՝ սա նույնպես հաշվարկված տեխնոլոգիա է, որը կարող է կիրառվել՝ ընդդիմադիր դաշտում ձայների կորստից խուսափելու համար։
Ընդհանուր առմամբ, Քոչարյանը շեշտում է, որ այս ընտրություններում վճռորոշ կարող են լինել ոչ այնքան ավանդական ուժերի ռեսուրսները, որքան մասնակցության մակարդակը։

