«Դղյակ»-ում՝ ազատազրկման ռեժիմով․ ինչպես էին ապրում Արցախում մնացած հայերը

Արցախում մնացած հայերի՝ Հայաստան տեղափոխման շուրջ տարածված պաշտոնական տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ծառայել է քաղաքական ու քարոզչական նպատակների։ Այս մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա գնահատմամբ՝ այն ձևակերպումը, թե այդ անձինք սեփական խնդրանքով են տեղափոխվել Հայաստան, իրականության  հետ որևէ առնչություն չունի։

Ստեփանյանի խոսքով՝ առաջին պաշտոնական տեղեկությունը տարածվել է սոցիապ նախարարի ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ նշվել էր, թե մի խումբ անձինք դիմել են Հայաստանի Հանրապետությանը՝ խնդրելով կազմակերպել իրենց տեղափոխությունը Հայաստան։ Սակայն դրանից հետո իրականացված շփումները տվյալ անձանց հարազատների հետ և փաստերի ուսումնասիրությունը ցույց են տվել, որ իրականում որևէ խնդրանք չի եղել։

Տեղափոխություն առանց տեղեկացվածության

Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ տեղափոխված անձինք անգամ չեն իմացել, թե ուր և ինչ նպատակով են տեղափոխվում։ Նրանց պարզապես առավոտյան ասել են նստել մեքենաները, առանց որևէ բացատրության։ Միայն այն պահին, երբ նրանք հասել են Հակարի կամրջի անցակետ և իջեցվել են մեքենաներից՝ փաստաթղթեր ստորագրելու համար, պարզ է դարձել, որ տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։

Ստեփանյանի խոսքով՝ այդ պահին նրանցից առնվազն մեկը՝ հանրահայտ Միշիկը, որը նախկինում ակտիվորեն օգտագործվել էր ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից և հաճախ հանդես էր եկել ադրբեջանական դատարաններում ու լրատվամիջոցներում, հրաժարվել է տեղափոխությունից և հայտնել, որ ցանկանում է մնալ իր տանը։

Տեղափոխությունից հետո անձանց մի մասը տեղավորվել է խնամքի կենտրոններում, մյուս մասը՝ միացել ընտանիքներին։ Այս պահին ամբողջական տեղեկատվություն դեռևս չկա, սակայն Ստեփանյանը նախատեսում է հետագայում անձնական հանդիպումներ անցկացնել՝ պարզելու համար Արցախում նրանց գտնվելու իրական պայմաններն ու հատկապես իրավիճակը 2023 թվականի հոկտեմբերից հետո, երբ այնտեղ այլևս հայ բնակչություն գրեթե չէր մնացել։

Քարոզչությունից մինչև մեկուսացում

Ստեփանյանի դիտարկմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում այդ անձանց նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը էապես փոխվել է։ Սկզբնական շրջանում նրանց ներկայությունն ակտիվորեն օգտագործվել է Բաքվի կողմից միջազգային հանրությանը ներկայացնելու համար, թե իբր Արցախում բռնի տեղահանություն չի եղել, և 120 հազար հայերը սեփական կամքով են լքել իրենց տները։

Այդ փուլում փորձ է արվել ցույց տալ «նորմալ» վերաբերմունք՝ թե՛ միջազգային պատվիրակություններին, թե՛ արտաքին դերակատարներին համոզելու նպատակով, որ հայերը կարող են մնալ և ապրել Արցախում։ Սակայն խաղաղության գործընթացում տեղի ունեցած զարգացումներից հետո, մասնավորապես օգոստոսի 8-ից և դրան հաջորդած փուլում, այդ քարոզչական շղարշը այլևս անհրաժեշտ չի եղել։

Ստեփանյանի տեղեկություններով՝ սեպտեմբերից սկսած վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ կտրուկ վատթարացել է։ Եթե մինչ այդ նրանք կարող էին պարբերաբար կապ պահպանել ընտանիքի անդամների հետ, այդ թվում՝ Կարմիր խաչի աջակցությամբ, ապա սեպտեմբերից այդ հնարավորությունը գրեթե ամբողջությամբ վերացել է։ Բոլոր անձինք կենտրոնացվել են մեկ վայրում՝ Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում, որը, ըստ Ստեփանյանի, փաստացի վերածվել է ազատ ռեժիմով գործող կալանավայրի։

Այստեղ ապրելու ընթացքում անձինք գտնվել են մշտական վերահսկողության ներքո, դուրս գալը հնարավոր է եղել միայն թույլտվությամբ կամ ուղեկցությամբ։ Ստեփանյանի գնահատմամբ՝ երբ այդ մարդկանց ներկայությունն այլևս անհրաժեշտ չի եղել որևէ մեկին որևէ բան ապացուցելու կամ բացատրելու համար, ադրբեջանական կողմը, հավանաբար, որոշել է ազատվել այդ բեռից՝ համաձայնեցնելով նրանց տեղափոխությունը հայկական կողմի հետ։

Վիճահարույց գրառման իրական նպատակը

Արցախի ՄԻՊ-ը հատուկ ընդգծում է, որ հասարակական զայրույթը սոցիալական պաշտպանության նախարարի գրառման ձևակերպման շուրջ լիովին հասկանալի է, սակայն խնդիրը միայն բառերի մեջ չէ։ Նրա համոզմամբ՝ այդ գրառումն ունեցել է հստակ նպատակ՝ արձանագրել, թե Ադրբեջանը այս մարդկանց չի վտարել, այլ նրանք իբր սեփական խնդրանքով են տեղափոխվել։

Ստեփանյանը չի բացառում, որ նման ձևակերպմամբ գրառման պատվերը կարող էր գալ հենց ադրբեջանական կողմից։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, դժվար է բացատրել, թե ինչու այդ հայտարարությունը արվել է ոչ թե արտաքին քաղաքական գերատեսչության, այլ սոցիալական ոլորտի նախարարի կողմից՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նման ձևակերպումը կարող է վիրավորել տեղահանված անձանց։

«Երբ պարզ դարձավ, որ այդ մարդիկ բնավ իրենց խնդրանքով չեն տեղափոխվել, այլ որոշում է կայացվել նրանց փոխարեն, ակնհայտ դարձավ նաև այդ հայտարարության խորքային նպատակը՝ ևս մեկ անգամ ֆիքսել, որ տեղի ունեցածը բռնի տեղահանություն չէ»,— նշում է Ստեփանյանը։

Scroll to Top