Շուտով Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում է «Թրամփի ուղղու» ընկերության ստեղծում, ինչպես նաև էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտներում համաձայնագրերի և պայմանագրերի կնքում։ Ի՞նչպես կարելի է գնահատել այս այցը, ի՞նչ նշանակություն ունի այն, ի՞նչ նպատակներով է իրականացվում և ի՞նչ ընդհանուր քաղաքական ու տարածաշրջանային շրջանակում է տեղի ունենում։ Այս ամենի մասին իր կարծիքն է հայտնում քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան ունի ոչ միայն գործնական, այլև ընդգծված խորհրդանշական նշանակություն։ Նրա խոսքով՝ նման մակարդակի ամերիկացի պաշտոնյա Հայաստան դեռևս չէր այցելել։ Վենսի այցը, ըստ վերլուծաբանի, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությանը։
Գործնական օրակարգ և հնարավոր «սյուրպրիզներ»
Նավասարդյանի խոսքով՝ այցի հիմնական օրակարգը հայտնի է․ այն ներառում է արհեստական բանականության զարգացում, տվյալների կենտրոնների ստեղծում, էներգետիկ ոլորտում ներդրումներ, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Այս ուղղությունները վկայում են, որ խոսքը միայն քաղաքական ժեստի մասին չէ, այլ երկարաժամկետ հետաքրքրության և համագործակցության հստակ ծրագրերի։
Միևնույն ժամանակ Նավասարդյանը չի բացառում, որ նման բարձր մակարդակի այցերը սովորաբար ուղեկցվում են նաև անակնկալ որոշումներով։ Նրա գնահատմամբ՝ այդ հնարավոր «սյուրպրիզները» կարող են լինել դրական և ընդլայնել հայ-ամերիկյան համագործակցության շրջանակը։ Վերլուծաբանը նաև նշում է, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը խաղաղության կողմնակից է, և այդ համատեքստում չի բացառվում, որ Վենսի այցը կարող է ունենալ Հայաստանի համար նաև ներքաղաքական ենթատեքստ՝ նպաստելով կառավարություն-Եկեղեցի լարվածությունների մեղմացմանը։
ԱՄՆ դերակատարությունը հայ-ադրբեջանական գործընթացում
Խոսելով TRIPP-ի նշանակության մասին՝ Նավասարդյանի նշեց,որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տարիներ շարունակ ձևավորված կարծրատիպերն ու կոշտ մտածելակերպը լուրջ խոչընդոտ էին փոխադարձ շահերի գիտակցման և փոխզիջումների հասնելու ճանապարհին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որոշ քաղաքական ու փորձագիտական շրջանակներ հասկանում էին 2 երկրների միջև համագործակցության հնարավոր օգուտները, գոյություն ունեցող հոգեբանական և քաղաքական սահմանափակումները դժվար էր հաղթահարել։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ ինչպես մինչև 44-օրյա պատերազմը, այնպես էլ դրանից հետո կողմերի միջև առկա էր խոր վստահության պակաս, որը փաստացի արգելակում էր կոնֆլիկտի լուծման գործընթացը։ Այդ իրավիճակում անհրաժեշտ էր արտաքին գործոն, որը կկարողանար կողմերին բերել մի դաշտ, որտեղ նախկին արգելակները այլևս չէին գործի։ Նավասարդյանի խոսքով՝ այդ գործոնը դարձավ ԱՄՆ նախաձեռնությունը և անձամբ Դոնալդ Թրամփի՝ հարցերը արագ և վճռական լուծելու ձգտումը։
Թեև ԱՄՆ գործունեությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարող է տարբեր գնահատականների արժանանալ, Նավասարդյանը համոզված է, որ տվյալ դեպքում Վաշինգտոնի դերակատարությունը Հայաստանի համար եղել է դրական և կարևոր։ Առանց այդ միջամտության, ըստ նրա, մեծ էր հավանականությունը, որ տարածաշրջանը դեռ երկար ժամանակ կմնար առճակատման ռեժիմում։
Իրանի գործոնը և հաղորդակցությունների ապաշրջափակումը
Վերլուծաբանը անդրադառնում է նաև այն մտահոգություններին, թե ԱՄՆ ակտիվությունը Հայաստանի տարածքում կարող է դիտարկվել որպես սպառնալիք Իրանի համար։ Նրա կարծիքով՝ այդ պնդումները չափազանցված են, հատկապես հաշվի առնելով հայ-իրանական սահմանի 43 կիլոմետրանոց հատվածը։
Նրա խոսքով՝ ձևավորվող ամերիկա-հայկական տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցությունը հիմնականում ուղղված է հաղորդակցությունների զարգացմանն ու տնտեսական խնդիրների լուծմանը և չի պարունակում Իրանի համար իրական անվտանգային սպառնալիքներ։ Ընդհակառակը, հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել՝ ներգրավելու Հայաստանի տարբեր գործընկերներին տարածաշրջանային ծրագրերում։
Նավասարդյանը նշում է, որ բացի հայ-իրանական սահմանային հատվածից, դեռևս կան այլ չլուծված ենթակառուցվածքային հարցեր՝ Նախիջևանով անցնող երկաթուղու վերականգնումը, Հայաստանի հյուսիսային հաղորդակցությունների զարգացումը, որոնք սպասում են ներդրումների և շահագործման։ Նրա համոզմամբ՝ եթե գործընկերները պատրաստ են ներդրումներ կատարել և աջակցել հաղորդակցությունների զարգացմանը, Երևանը պատրաստ կլինի համագործակցության։

