ՀՀ իշխանության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի աստիճանական դուրսբերումն է ռուսական ուղղությունից։ Դա խիստ ռիսկային և արկածախնդիր քաղաքականություն է, որը, սակայն, կարող է բախվել իրագործման լուրջ սահմանափակումների։ Այս մասին նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե տեսական միտումների մասին է, այլ իրական գործընթացների, որոնք արդեն իսկ ազդում են Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունների վրա։
Գլոբալ համաձայնությունների հնարավոր ազդեցությունը
Քաղաքագետը կարևորում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր գլոբալ պայմանավորվածությունները՝ որպես տարածաշրջանային ու ներքին քաղաքական զարգացումների վրա ազդող առանցքային գործոն։ Նրա խոսքով՝ այսօր, Ուկրաինայի շուրջ ընթացող պատերազմին զուգահեռ, գործում են նաև բանակցային հարթակներ, ինչը վկայում է այն մասին, որ դիվանագիտական լուծումների որոնումը չի դադարել։
Եթե միջազգային մակարդակում ձևավորվի ռուս-ամերիկյան որոշակի կոնսենսուս, ապա, Սուրենյանցի համոզմամբ, կփոխվի նաև այն քաղաքական միջավայրը, որի վրա ներկայիս իշխանությունը կառուցել է իր արտաքին քաղաքականությունը։ Այդ դեպքում «Արևմուտք–Ռուսաստան» կոշտ հակադրության վրա հիմնված քաղաքական մոդելները կարող են կորցնել իրենց պահանջարկը։
Նոր աշխարհակարգ և Հայաստանի տեղը
Սուրենյանցի գնահատմամբ՝ աշխարհը գտնվում է հին աշխարհակարգի փլուզման փուլում, իսկ նոր համակարգը դեռևս ձևավորման ճանապարհին է։ Այդ գործընթացը ուղեկցվում է բարձր տուրբուլենտությամբ, սակայն այն, նրա համոզմամբ, չի կարող անվերջ շարունակվել։
Քաղաքագետը հիշեցնում է, որ նույնիսկ Սառը պատերազմի տարիներին, չնայած խոր հակասություններին, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև գոյություն ուներ որոշակի կանոնների վրա հիմնված հարաբերությունների համակարգ։ Նույն տրամաբանությամբ՝ այսօր էլ, նույնիսկ առանց բարեկամական հարաբերությունների, մեծ տերությունների միջև ժամանակի ընթացքում կձևավորվի փոխհարաբերությունների նոր կառուցվածք։
Այս պայմաններում Հայաստանը, որպես փոքր պետություն, անխուսափելիորեն պետք է հարմարվի ձևավորվող նոր համաշխարհային կարգին։ Սուրենյանցի խոսքով՝ նոր խաղի կանոնների հստակեցման հետ գլոբալ տուրբուլենտությունը աստիճանաբար կնահանջի, և պետությունները ստիպված կլինեն գործել այդ կանոնների շրջանակում՝ անկախ սեփական ցանկություններից կամ քաղաքական նախընտրություններից։

