Աբու-Դաբիում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպումը դժվար է դիտարկել որպես զուտ պատահական շփում՝ պայմանավորված կողմերի միաժամանակյա ներկայությամբ։ Թեև հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Միացյալ Արաբական Էմիրություններ էին ժամանել «Մարդկային եղբայրության» մրցանակաբաշխության առիթով՝ որպես հայ–ադրբեջանական խաղաղության գործընթացը առաջ մղելու համար արժանացած կողմեր, այնուամենայնիվ հանդիպման ձևաչափն ինքնին հուշում է այլ բան։
Հանդիպումը տեղի է ունեցել ոչ միայն առանձնազրույցի, այլև պատվիրակությունների մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Ազգային ժողովի փոխնախագահ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանի կողմից մասնակցել են Շահին Մուստաֆաևը՝ Մհեր Գրիգորյանի գործընկերը սահմանազատման, սահմանագծման և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերում, Ալիևի հայտնի օգնականներ Հիքմեթ Հաջիևը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այս կազմն ինքնին վկայում է, որ խոսքը չի կարող լինել ընդամենը ֆորմալ շփման մասին։
Պաշտոնական լռություն՝ կոնկրետ պայմանավորվածություններ
Թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկվել Աբու-Դաբիում, դժվար է եզրակացնել պաշտոնական հաղորդագրություններից։ Դրանք, ինչպես միշտ, սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով՝ արձանագրելով «առաջընթացի» առկայություն, տնտեսական հարաբերությունների վերականգնման միտումներ և նմանատիպ ընդհանրական բնորոշումներ։
Սակայն ամենաուշագրավ հանգամանքներից մեկը պաշտոնական հաղորդագրության մեջ կարևորագույն թեմայի՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի բացակայությունն է։ Սա այն դեպքում, երբ այդ գործընթացով զբաղվող հանձնաժողովների կանոնադրությունը հաստատված է դեռևս 2024 թվականին, իսկ գործընթացի ուղղությունը՝ հյուսիսից դեպի հարավ, համաձայնեցվել է 2025 թվականի հունվարին։ Այնուամենայնիվ, գործընթացը փաստացի չի մեկնարկում։
Թե ինչու է այդպես, հարցը բազմաշերտ է և պահանջում է խորքային վերլուծություն։ Բայց այն փաստը, որ Աբու-Դաբիի հանդիպման պաշտոնական ամփոփման մեջ այս թեմային որևէ անդրադարձ չկա, գործընթացին հաղորդում է խորհրդավոր բնույթ։
Միևնույն ժամանակ փորձը ցույց է տալիս, որ նման հանդիպումներից հետո կոնկրետ պայմանավորվածությունները հաճախ ի հայտ են գալիս արդեն փաստի առաջ կանգնեցնող իրողությունների տեսքով՝ որոշ ժամանակ անց։
ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին
Աբու-Դաբիի հանդիպումն առանձնակի նշանակություն է ստանում նաև մեկ այլ հանգամանքով, որին Հայաստանում, կարծես, բավարար ուշադրություն չի դարձվել։ Խոսքը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցի մասին է Հայաստան և Ադրբեջան։ Այդ այցը, ինչպես հայտարարվել է, նախատեսվում է փետրվարի երկրորդ կեսին։
Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են Աբու-Դաբիում հենց այդ այցից օրեր առաջ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում անցկացնում պատվիրակությունների մակարդակով։ Սա ակամա հիշեցնում է նախորդ տարվա զարգացումների շղթան։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախորդ տարի ևս հանդիպել էին Աբու-Դաբիում՝ հուլիսի 10-ին։ Այդ հանդիպումը տևել էր շուրջ հինգ ժամ, իսկ մոտ մեկ ամիս անց՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում արձանագրվեցին հայտնի համաձայնությունները։
Կրկնվող սցենա՞ր
2025 թվականի այդ հանդիպմանը նախորդել էին նաև Թուրքիայի հետ շփումները։ 2025 թվականի հունիսի 19-ին Թուրքիա էր այցելել Իլհամ Ալիևը՝ հանդիպելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել Նիկոլ Փաշինյանը՝ նույնպես հանդիպելով Էրդողանի հետ։ Այդ օրերին ակտիվորեն քննարկվում էր Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման հարցը Թուրքիայում, սակայն այն տեղի չունեցավ։ Փոխարենը մի քանի օր անց հայտարարվեց հուլիսի 10-ին Աբու-Դաբիում կայանալիք հանդիպման մասին։
Այսօր կրկին տեսնում ենք նույն տրամաբանությունը․ Աբու-Դաբիում հանդիպում՝ Վաշինգտոնյան շրջանակում սպասվող կարևոր իրադարձությունից առաջ։ Թեև այս անգամ խոսքը ֆիզիկական իմաստով Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպման մասին չէ, Ջեյ Դի Վենսի այցը ակնհայտորեն տեղավորվում է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունների ընդհանուր շրջանակում։
Ի՞նչ է «թխվում» Աբու-Դաբիում
Այս համատեքստում մեծ հավանականությամբ Աբու-Դաբիի հանդիպումը կարելի է դիտարկել որպես Ջեյ Դի Վենսի այցի նախապատրաստական փուլ։ Դա ենթադրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պատվիրակություններով հանդիպումը նշանակում է՝ մշակվում է որևէ կոնկրետ պայմանավորվածություն, որը ներկայացվելու է ԱՄՆ փոխնախագահին։
Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնը՝ այս դեպքում նկատի ունենալով ԱՄՆ վարչակազմը, արդեն իսկ որոշակի հարցադրումներ է արել Երևանին և Բաքվին՝ սպասվող այցի ընթացքում քննարկվելիք թեմաների և ակնկալվող քայլերի վերաբերյալ։
Հետևաբար Աբու-Դաբիում տեղի ունեցած հանդիպումը պահանջում է առավելագույն ուշադրություն։ Առաջիկա օրերին կամ շաբաթներին հնարավոր է, որ հայ–ադրբեջանական հարաբերություններում ի հայտ գան նոր, բավականին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց «խոհանոցը» հենց Աբու-Դաբին է եղել։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

