Մինչև ընտրությունները հայ-ադրբեջանական գործընթացում բեկում չի լինի 

Մինչև ընտրությունները հայ-ադրբեջանական գործընթացում բեկում չի լինի 

Մինչև Հայաստանում սպասվող ընտրությունները դժվար է պատկերացնել որևէ լուրջ բեկումնային զարգացում հայ-ադրբեջանական գործընթացում։  Այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ խոսելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին։

Նրա խոսքով՝ հանդիպման մասին  պաշտոնական հաղորդագրությունները չեն բացահայտում հանդիպման բովանդակային մանրամասները և  չեն տալիս հստակ պատկերացում այն մասին, թե ինչ խորությամբ են քննարկվել կոնկրետ հարցերը։ Ընդգծվում է խաղաղության գործընթացի դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը, հետագա քայլերի կարևորությունը և ընդհանուր քաղաքական շփումների շարունակականությունը։

Մինասյանի գնահատմամբ՝ հանդիպման ընտրած ֆորմատը բավականին տրամաբանական էր՝ հաշվի առնելով ինչպես վայրի ընտրությունը, այնպես էլ միջոցառման հետ կապված առանձնահատկությունները։ Քաղաքագետը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել բանակցային գործընթացի նույնիսկ դեկլարատիվ բաղադրիչը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար սա առավել կարևոր է միջազգային հեղինակության և իմիջի որոշակի վերականգնման տեսանկյունից, հատկապես Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերություններում։ Այս համատեքստում, ըստ Մինասյանի, նման հայտարարությունների շարունակականությունը պետք է դիտարկել,  որպես քաղաքական հաշվարկի մաս։

Խոսելով հնարավոր առաջընթացի մասին՝ Մինասյանը նշում  է, որ ակնկալել կտրուկ զարգացումներ այս պահին  դժվար է։ Նա հիշեցրեց Ադրբեջանի կողմից հնչեցվող նախապայմաններ՝ նշելով, որ այս իրողությունները  անտեսել հնարավոր չէ։ Մինասյանի գնահատմամբ՝ մինչև Հայաստանում սպասվող ընտրությունները դժվար է պատկերացնել որևէ լուրջ բեկումնային զարգացում։ Այդուհանդերձ, նա չի բացառում, որ կարող են հնչել որոշ դրական մեսիջներ, որոնք առավելապես կապված կլինեն երրորդ կողմերի ներգրավվածության հետ։

Scroll to Top