Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ ԱՄՆ-ի կոշտ հայտարարություններն ու ռազմական ուժի ցուցադրումը զուգահեռվում են բանակցությունների մասին խոստումներով։ Ո՞րն է Վաշինգտոնի իրական նպատակը, ո՞րն է Թեհրանի կարմիր գիծը, և ո՞ւր է տանում այս վտանգավոր խաղը։
Իրանի դեմ սահմանափակ, բարձր ճշգրտության ռազմական գործողություններ
Իրանագետ Տիգրան Դավուդյանի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ձգտում լայնածավալ պատերազմի։ Նրա հիմնական նպատակն է աշխարհին ներկայանալ որպես խաղաղասեր նախագահ։
«Ինքը բազմիցս հայտարարել է, որ ութ պատերազմ է ավարտել, որ ցանկանում էր արժանանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի, որը իրեն չտրվեց, և հույս ունի, որ ապագայում կստանա»,– նշում է Դավուդյանը։
Սակայն, նրա խոսքով, սա չի նշանակում, որ Թրամփը բացառում է ուժի կիրառումը։ Ընդհակառակը, նա կողմնակից է սահմանափակ, բարձր ճշգրտության ռազմական գործողություններին։ Դավուդյանը որպես օրինակ հիշեցնում է Իրանի միջուկային կենտրոնների ռմբակոծումը, ինչպես նաև Վենեսուելայի նախագահի առևանգման գործողությունը՝ որպես նման ոճի դրսևորումներ։
ԱՄՆ-ի ծրագիրն ու Իրանի «կարմիր գիծը»
Դավուդյանի խոսքով՝ այսօր գրեթե բոլոր վերլուծաբաններն այն համոզման են, որ ԱՄՆ-ն ունի մշակված ծրագիր թիրախային հարվածների համար, եթե Իրանը չընդունի բանակցային օրակարգի երեք հիմնական կետերը։
Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար առաջնահերթ և անշրջանցելի հարցը վարչակարգի պահպանությունն է։
«Դա բազմիցս ասել են թե՛ ներկա առաջնորդը, թե՛ հիմնադիր առաջնորդը։ Իրանի կարմիր գիծը հենց վարչակարգի պահպանությունն է»,– ասում է Դավուդյանը։
Նրա գնահատմամբ՝ հենց այս պատճառով էլ Իրանը պատրաստ է գնալ զիջումների։ Սակայն այդ զիջումները ուղեկցվում են և ուղեկցվելու են ժամանակ շահելու քաղաքականությամբ։ Իրանը, ըստ իրանագետի, ունի դիվանագիտական խորամանկություն և մշտապես փորձում է ձգձգել գործընթացները։
Դավուդյանը հիշեցնում է, որ նախորդ անգամ իրանական կողմը ձգձգեց բանակցությունները մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Դեմոկրատ նախագահի օրոք հարաբերությունները որոշ չափով նորմալացան։ Այժմ, երբ Թրամփը կրկին նախագահ է, Իրանը կրկին կիրառում է նույն մարտավարությունը։
Ինչ զիջման կարող է գնալ Թեհրանը
Տիգրան Դավուդյանի գնահատմամբ՝ Իրանը կարող է զիջել հարստացված ուրանի հարցում։ Մասնավորապես խոսքը վերաբերում է շուրջ 440 կիլոգրամ՝ 60 տոկոսով հարստացված ուրանի փոխանցմանը երրորդ երկրի։ Նրա խոսքով՝ ամենահավանական սցենարը այդ նյութի փոխանցումն է Ռուսաստանին։
Անդրադառնալով Թեհրանի հայտարարություններին, թե ԱՄՆ-ի կողմից անգամ մեկ կրակոցը կհանգեցնի զանգվածային պատասխանին, Դավուդյանը համոզված է, որ սա ևս չի նշանակում լայնամասշտաբ պատերազմ։
Նրա խոսքով՝ Իրանը չի համարձակվի ուղղակիորեն ռմբակոծել ամերիկյան ռազմաբազաները։ Նա հիշեցնում է նախորդ դեպքը, երբ Իրաքում գտնվող ամերիկյան բազան ռմբակոծվեց միայն այն բանից հետո, երբ իրանական կողմը նախապես տեղեկացրել էր՝ Իրաքի վարչապետի միջոցով, իսկ ամերիկյան զինվորականները հասցրել էին դուրս բերել անձնակազմը։
Այսօր էլ, ըստ Դավուդյանի, նմանատիպ իրավիճակ է ստեղծվում Քաթարում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների շուրջ։ ԱՄՆ-ն այդ երկրներում զորքերը ժամանակավորապես դուրս է բերում, իսկ միևնույն ժամանակ այդ տարածքներ են տեղափոխվում մեծ քանակությամբ հրթիռներ և պաշտպանական համակարգեր։
Թուրքիայի շահերը Իրանի շուրջ
Անկարան, նրա խոսքով, չի ցանկանում Իրանում իշխանության վակուում կամ վարչակարգի տապալում, քանի որ դա կհանգեցնի մի շարք վտանգավոր հետևանքների հենց Թուրքիայի համար։
Դավուդյանը ընդգծում է, որ Թուրքիայի հիմնական մտահոգությունները Իրանի հարցում մի քանիսն են, և դրանք ռազմավարական բնույթ ունեն։
Առաջինը քրդական հարցն է։ Իրանի ներսում և նրա շուրջ տեղի ունեցող ցանկացած խոշոր ցնցում անմիջապես անդրադառնում է քրդական գործոնի վրա։ Թուրքիան չի ցանկանում, որ Իրանում առաջանա իրավիճակ, որը կարող է խթանել քրդական շարժումները կամ ստեղծել նոր հնարավորություններ քրդական ինքնավարության կամ անկախության օրակարգերի համար։
Երկրորդ և ոչ պակաս կարևոր հանգամանքը Իսրայելի գործոնն է։ Դավուդյանի խոսքով՝ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալվի և իշխանության գան արևմտամետ ուժեր, ապա Իսրայելը կրկին կարող է հաստատվել Իրանում՝ ինչպես դա եղել է 47 տարի առաջ՝ շահական Իրանի ժամանակաշրջանում։ Այդ դեպքում Իսրայելի ներկայությունը Թուրքիայի անմիջական հարևանությամբ կդառնա լուրջ ռազմավարական մարտահրավեր Անկարայի համար։
«Այսօր մենք տեսնում ենք, որ արաբական աշխարհում, հատկապես Պաղեստինյան և Գազայի հարցում, Իսրայելը և Թուրքիան փաստացի ախոյաններ են»,– նշում է Դավուդյանը։ Այդ պայմաններում Թուրքիան չի ցանկանում, որ իր հիմնական մրցակիցներից մեկը հայտնվի իր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Իրանում։
Դավուդյանի գնահատմամբ՝ եթե Իսրայելը ամրապնդվի Իրանում, ապա հաջորդ փուլում վտանգի տակ կարող է հայտնվել հենց Թուրքիան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային ուժային բալանսի փոփոխությունը կարող է ուղղակիորեն հարվածել Թուրքիայի դիրքերին, իսկ երկարաժամկետ հեռանկարում ստեղծել ճնշման նոր լծակներ Անկարայի նկատմամբ։
Թուրքիային մտահոգում է նաև գաղթականների հոսքի հնարավորությունը։ Իրանում խոշոր ճգնաժամի կամ վարչակարգի փլուզման դեպքում Թուրքիան կարող է բախվել նոր միգրացիոն ալիքի, ինչը սոցիալական, տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրներ կստեղծի երկրի ներսում։
Վերջապես, տնտեսական գործոնը։ Դավուդյանը նշում է, որ Թուրքիայի վերջին շրջանի տնտեսական ակտիվությունն ու որոշակի աճը մասամբ պայմանավորված են հենց Իրանի մեկուսացմամբ և պատժամիջոցներով։ Իրանի սահմանափակված հնարավորությունները թույլ են տվել Թուրքիային զբաղեցնել որոշ տնտեսական հնարավորություններ և օգտվել իրավիճակից։
Այս բոլոր գործոնների համադրությամբ Թուրքիան, ըստ Դավուդյանի, կողմնակից է Իրանի ներկայիս համակարգի հարատև գոյատևմանը։
Բաքուն նույնպես չի ցանկանում մեծ փոփոխություններ Իրանում
Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի շուրջ, ըստ Դավուդյանի, նույնպես հիմնված է ոչ թե գաղափարական, այլ խիստ պրագմատիկ տնտեսական հաշվարկներով։
Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանը կարևոր դեր ունի Իսրայելի էներգետիկ անվտանգության հարցում։ Իսրայելի նավթի պահանջարկի շուրջ 60 տոկոսը ապահովվում է ադրբեջանական նավթով, որը Թուրքիայով անցնող խողովակաշարով հասնում է Իսրայել։
Այս իրավիճակը Բաքվին տալիս է ռազմավարական նշանակություն թե՛ Իսրայելի, թե՛ արևմտյան երկրների համար։ Սակայն այդ դիրքը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը գտնվում է մեկուսացման և պատժամիջոցների տակ։
Եթե ԱՄՆ-ն և արևմտյան երկրները վերադառնան Իրանի շուկա, իսկ Իսրայելը հնարավորություն ստանա անմիջապես գնել իրանական նավթ, ապա Ադրբեջանի դերը կտրուկ կթուլանա։ Այդ դեպքում Իսրայելը այլևս կարիք չի ունենա ադրբեջանական նավթի, քանի որ իրանական նավթը կլինի թե՛ ավելի մատչելի, թե՛ լոգիստիկ առումով ավելի հարմար։
«Այդ դեպքում Ադրբեջանը կկորցնի իր կարևորությունը»,– ընդգծում է Դավուդյանը։
Այս պատճառով Բաքուն շահագրգռված չէ Իրանում արմատական փոփոխություններով կամ վարչակարգի փլուզմամբ։ Իրանի վերադարձը համաշխարհային էներգետիկ շուկա նշանակում է մրցակցություն, որի պայմաններում Ադրբեջանը կորցնում է իր բացառիկ դիրքը։

