Հայաստանի՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության և հետազոտությունների ֆինանսավորման մեջ էական փոփոխություններ նախատեսված չեն, իսկ ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ շարունակում է նվազել։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ սա հակասում է կառավարության ընդունած ռազմավարական նպատակներին, որոնցով նախատեսվում է գիտության ֆինանսավորումը մինչև 2030-2031 թվականները հասցնել ՀՆԱ-ի 1%-ին։
Գիտության ֆինանսավորման մասնաբաժինը շարունակում է նվազել
Շահվերդյանի խոսքով՝ 2027 թվականի բյուջեի նախագիծը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել, սակայն կառավարության կողմից դրա ընդունելի համարվելը հիմք է տալիս գնահատելու, թե ինչ առաջնահերթություններ են դրված այս պահին։
«Եթե նայենք, թե որքան է պլանավորվում հատկացնել գիտությանը և տեխնոլոգիաներին կամ հետազոտություններին ու մշակումներին, ապա ՀՆԱ-ի նկատմամբ դա 2027 թվականին մոտավորապես 0.25% է կազմում։ 2024 թվականից այս կողմ այդ ցուցանիշը նվազում է։ 2024 թվականին մենք հատկացնում էինք 0.38%-ը»,- նշել է նա։
Նրա ներկայացմամբ՝ վերջին երկու տարիներին գիտության ֆինանսավորումը բացարձակ թվերով նույնպես նվազել է՝ ընդհանուր առմամբ շուրջ 18%-ով։ 2027 թվականին նախատեսվում է որոշակի անվանական աճ միայն գիտության ֆինանսավորման մասով, մինչդեռ հետազոտությունների և մշակումների՝ ՀՆԱ-ի նկատմամբ մասնաբաժինը շարունակում է նվազել։
Եթե 2026 թվականին այդ ցուցանիշը մոտ 0.27% է, ապա 2027 թվականի համար նախատեսվում է շուրջ 0.25%։ Այսինքն՝ ֆինանսավորման որոշակի բացարձակ աճը չի ապահովում գիտության ծախսերի հարաբերակցության բարձրացում տնտեսության նկատմամբ։
Կառավարությունը խոստացել է գիտության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 1%-ին
Շահվերդյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է, քանի որ այս տարվա սկզբին ընդունված գիտության զարգացման ռազմավարական ծրագրով սահմանվել էր մինչև 2030 թվականը գիտության ծախսերը ՀՆԱ-ի 1%-ին հասցնելու թիրախը։ Այդ ծավալի 0.75 տոկոսային կետը պետք է ապահովվեր պետական ֆինանսավորմամբ։
Նա նշել է, որ նույն նպատակը վերահաստատվել է նաև կառավարության նոր՝ հնգամյա ծրագրում, որտեղ նախատեսվում է մինչև 2031 թվականը գիտության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 1%-ին։ Թեև նոր ծրագրում թիրախային ցուցանիշի բաշխումը հստակ ներկայացված չէ, Շահվերդյանի գնահատմամբ՝ հիմքեր կան ենթադրելու, որ նախորդ ռազմավարական նպատակը չի չեղարկվել, այլ մեկ տարով հետաձգվել է։
«Եթե նախորդ տարիների ֆինանսավորման նվազումը կարող էինք ինչ-որ տեղ բացատրել նրանով, որ ռազմավարական ծրագիր չկար, թեև դա էլ անհասկանալի էր, ապա հիմա հարց է առաջանում։ Կառավարությունն ընդունել է ծրագիր, որով պետք է ավելացնի ֆինանսավորումը, բայց հաջորդ տարվա համար նախատեսում է այս տարվանից ավելի քիչ ծախս՝ ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշով»,- ասել է Շահվերդյանը։
Անհրաժեշտ է տարեկան մոտ 40% աճ
Շահվերդյանի հաշվարկով՝ եթե կառավարությունը ցանկանում է իրականացնել իր իսկ սահմանած թիրախը և պետական ֆինանսավորմամբ գիտության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 0.75%-ին, ապա անհրաժեշտ է առաջիկա տարիներին ապահովել ֆինանսավորման կտրուկ և շարունակական աճ։
Նրա խոսքով՝ ներկայիս՝ մոտ 0.27% ցուցանիշից մինչև 2030 թվականը 0.75%-ին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան միջինում շուրջ 40%-ով ավելացնել պետական ծախսերը՝ հաշվի առնելով նաև ՀՆԱ-ի աճը։
«Դա պատկերացնո՞ւմ եք։ Ես նույնիսկ հաշվել եմ և կարող եմ ասել, որ ստացվում է՝ եթե այս տարի սկսենք, ապա ամեն տարի միջինում մոտ 40%-ով պետք է ավելացնենք, որպեսզի 2030 թվականին հասնենք իրենց ուզած մակարդակին»,- նշել է նա։
Շահվերդյանի խոսքով՝ կառավարության երկու ծրագրերով արդեն ամրագրված է գիտության ֆինանսավորման բարձրացման նպատակը, սակայն 2027 թվականի բյուջեի նախագծում նախատեսված ծախսերը չեն համապատասխանում այդ թիրախին հասնելու համար անհրաժեշտ ընթացքին։
«Մենք կառավարության կողմից ունենք այդ թիրախը՝ ամրագրված երկու ծրագրերում, և հաջորդ տարի նախատեսում ենք ավելի քիչ ծախս, քան այս տարի»,- ընդգծել է «Գիտուժ» նախաձեռնության անդամը։
Աջակցության կրճատումը կարող է հանգեցնել գիտական կադրերի կորստի
CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանի խոսքով՝ գիտության ոլորտում գործող մեխանիզմները կարող են այլևս բավարար չլինել առաջադրված նպատակներին հասնելու համար։ Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է երիտասարդ հետազոտողների աջակցության հնարավոր կրճատումը, քանի որ նրանք իրենց մասնագիտական ապագան կապում են պետական ռազմավարության և նախատեսված ֆինանսավորման հետ։
Գրիգորյանի գնահատմամբ՝ աջակցության կտրուկ վերանայումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար։ Եթե երիտասարդ մասնագետներն այլևս չկարողանան աշխատել գիտության ոլորտում, ստիպված կլինեն եկամտի այլ աղբյուրներ փնտրել։ Մրցունակ գիտնականները, նրա խոսքով, երկար չեն մնա առանց աշխատանքի, քանի որ որակավորված մասնագետների պահանջարկ կա ամբողջ աշխարհում։
Գիտնականը նաև զգուշացնում է, որ ծրագրերի սառեցումը կարող է խաթարել վերջին տարիներին ձևավորված գիտական ենթակառուցվածքների աշխատանքը։ Գիտական հաստատությունները ստացել են ժամանակակից սարքավորումներ, իսկ տարբեր ինստիտուտների միջև ձևավորվել են դրանք համատեղ օգտագործելու մեխանիզմներ։ Ծրագրերի դադարեցման հետևանքով թանկարժեք սարքավորումները կարող են չօգտագործվել։
Գրիգորյանի խոսքով՝ սեփական գիտական և տեխնոլոգիական ներուժը Հայաստանի համար հատկապես կարևոր է արհեստական բանականության, տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում։ Այդ ուղղություններով արտաքին մասնագետների ներգրավումը կարող է թանկացնել նախագծերը և նվազեցնել դրանց մրցունակությունը։
Ծրագրերի սառեցումը կարող է խաթարել գիտական սերունդների հաջորդականությունը
Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Հայկ Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին բազային ֆինանսավորման հաշվին աշխատավարձերի բարձրացումը և դրամաշնորհային ծրագրերը նպաստել են երիտասարդ մասնագետների ներգրավմանը գիտության ոլորտ։
Նրա խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն են ունեցել հետդոկտորական ծրագրերը և առաջադեմ հետազոտությունների հնգամյա դրամաշնորհները։ Դրանք հնարավորություն են տվել ստեղծել հետազոտական խմբեր, ներգրավել երիտասարդ գիտնականների, ձևավորել լաբորատորիաներ և երկարաժամկետ պլանավորել աշխատանքը։
Ծրագրերի հնարավոր սառեցումն արդեն անորոշություն է առաջացրել այն մասնագետների շրջանում, որոնք արտասահմանյան գործընկերների հետ պայմանավորվել էին Հայաստան տեղափոխվելու և այստեղ աշխատելու մասին։ Սարգսյանի գնահատմամբ՝ նման իրավիճակը լուրջ հարված է երկրի հեղինակությանը և կարող է նվազեցնել ապագա գիտական ծրագրերի նկատմամբ վստահությունը։
Գիտնականը զգուշացնում է նաև կադրային ճգնաժամի կրկնության վտանգի մասին։ Նախկինում մասնագետների արտահոսքի հետևանքով հայկական գիտության մեջ սերունդների միջև բաց էր առաջացել։ Վերջին տարիների ծրագրերը հնարավորություն էին տվել աստիճանաբար լրացնել այդ բացը, սակայն երիտասարդ հետազոտողների զանգվածային հեռացումը կարող է կրկին խաթարել գիտական սերունդների հաջորդականությունը։
Սարգսյանի խոսքով՝ գիտության արդյունքները միշտ չէ, որ արագ տնտեսական վերադարձ են ապահովում։ Այդ պատճառով պետությունը պետք է հետևողականորեն ֆինանսավորի ռազմավարական նշանակության հետազոտությունները՝ անկախ իշխանությունների փոփոխությունից և քաղաքական առաջնահերթություններից։ Գիտությունը, նրա գնահատմամբ, տեխնոլոգիական զարգացման, տնտեսության և անվտանգության ամրապնդման հիմքն է։

