Հայ հասարակությունը վերջին տարիներին ենթարկվում է հզոր տեղեկատվական ագրեսիայի, որի հիմնական նպատակը ժամանակակից հայի կերպարի վերափոխումն է։ Նման կարծիքի է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
Նրա խոսքով, այդ գործընթացը միտված է ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի աստիճանական փոփոխությանը։
«Մենք ենթարկվում ենք հզոր տեղեկատվական ագրեսիայի, որի նպատակը ժամանակակից հայի կերպարը վերաձևավորելն է։ Փորձում են փոխել նրա նախապատվությունները, նրան վերածել մի արարածի, որի միակ նպատակը համով ուտելն ու հետո տաք տեղում քնելն է։ Փորձում են, որ նա մոռանա իր պատմությունը, անցյալը, ազգային ինքնությունը»,– ասում է Միրզոյանը։
Նրա գնահատմամբ՝ հայ հասարակությունը ամեն օր տարբեր ուղղություններով ենթարկվում է նման ազդեցությունների, սակայն շատերը դրանք շարունակում են պատահականություն համարել։ «Եթե ոմանք կարծում են, որ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, չափազանց կասկածամիտ են կամ նույնիսկ խելագար, ապա բավական է նայել վերջին տարիների իրադարձություններին, և ամեն ինչ ակնհայտ է դառնում»,– նշում է նա։
Միրզոյանի կարծիքով՝ այդ գործընթացը դրսևորվում է հերթականությամբ։ Սկզբում հասարակությանը կոչ է արվում չխոսել Արցախի մասին, հետո՝ վերանայել ազգային պատմությունը և լռել սեփական իրավունքնորի մասին, իբր որ թշնամին նոր պահանջներ չներկայացնի։ Այդ մոտեցումը Միրզոյանը համեմատում է մանկական վարքագծի հետ։«Սա ինձ հիշեցնում է փոքր երեխաներին, որոնք պահմտոցի խաղալիս, փոխանակ թաքնվեն, պարզապես աչքերն են փակում և ասում՝ ես ձեզ չեմ տեսնում, ուրեմն դուք էլ ինձ չեք տեսնում։ Իհարկե, նման մոտեցումը որևէ քննադատության չի դիմանում»,– ասում է նա։
Միրզոյանը կտրուկ է գնահատում բռնի տեղահանված արցախահայության խնդրի շուրջ հնչող ի՛խանության մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակը պարզապես իրավական եզրույթ չէ, այլ մարդկային ողբերգություն։ Նրա համոզմամբ՝ արցախահայության հայրենազրկումը չի կարող մոռացվել, չի կարող համեմատվել որևէ այլ ողբերգության հետ և չի կարող համարվել փակված թեմա։
«Արցախահայության հարցը չի կարող փակվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն ասում է՝ այդ հարցը բարձրացնելով Բաքվին հնարավորություն է տրվում նոր պահանջներ ներկայացնել։ Դա նույնն է, ինչ մարդուն ասել՝ եթե չես ուզում, որ մյուսն իրեն վատ զգա, ուրեմն դու էլ պետք է քեզ լավ չզգաս»,– ընդգծում է Միրզոյանը։
Անդրադառնալով այն տեսակետներին, թե ապագայում հնարավոր է հասնել մի իրավիճակի, երբ Հայաստանի հարևանները տարածքային կամ քաղաքական պահանջներ չեն ունենա Հայաստանի նկատմամբ, նախկին արտգործնախարարը դրանք անվանում է զավեշտալի։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը և մասամբ Թուրքիան իրականացնում են բացահայտ քաղաքականություն, որի նպատակը Հայաստանի տարածքում իրենց ազդեցության կտրուկ մեծացումն է։
«Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Ադրբեջանի և մասամբ Թուրքիայի կողմից իրականացվում է քաղաքականություն, որի նպատակը Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության կրիտիկական աճն է։ Այդ նպատակի համար նրանք գնում են նաև Հայաստանում ադրբեջանական էթնիկ տարրի ավելացման ճանապարհով»,– ասում է նա։
Միրզոյանի խոսքով՝ խնդիրը վերաբնակեցվող մարդկանց քանակը չէ, այլ հենց այդ գործընթացի քաղաքական հետևանքները։ «Ասում են՝ 300 հազար մարդ չեն բերելու։ Բայց հարցը թվերի մեջ չէ։ Նույնիսկ մեկ վերաբնակչի ներկայությունը Հայաստանի տարածքում առաջացնելու է մի ամբողջ շարք պարտավորություններ։ Հայաստանը ստիպված կլինի ապահովել այդ մարդու անվտանգությունը, իրավունքները և բազմաթիվ այլ հարցեր։ Մինչդեռ հակառակ կողմը նման պարտավորություններ ստանձնելու որևէ մտադրություն չունի»,– նշում է նա։
Արցախի նախկին արտգործնախարարը նաև համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը բացառապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է։ «Մեզ մոտ հաճախ փորձում են ներկայացնել, թե սա Ալիևի անձնական նախագիծն է կամ ադրբեջանցիների ցանկությունը։ Իրականում ես համոզված եմ, որ սա ավելի շատ թուրքական ծրագիր է»,– հայտարարում է նա։ Միրզոյանը հիշեցնում է, որ դեռևս 2020-2021 թվականներին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, հենց Թուրքիայի տարածքում ստեղծվեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց հայտարարում էին, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգներ։
«Հիշենք նաև, որ հայտարարվեց նույնիսկ այսպես կոչված «Գեյչայի հանրապետության» ստեղծման մասին։ Այդ ամենը տեղի էր ունենում Թուրքիայի իշխանությունների հովանու և աջակցության ներքո։ Սա վկայում է, որ տվյալ հարցում գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ծրագրի հետ»,– ընդգծում է նա։ Միրզոյանի համոզմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են արձագանքում այս զարգացումներին, ծրագիրը շարունակելու է իրականացվել։ «Անկախ Հայաստանի իշխանությունների՝ ջայլամի քաղաքականություն վարելու փորձերից, գործ ունենք մի ծրագրի հետ, որը հետևողականորեն իրագործվելու է»,– եզրափակում է Արցախի նախկին արտգործնախարարը։

