Իսրայելի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունն աստիճանաբար խորանում է

Իսրայելի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունն աստիճանաբար խորանում է

Տասնամյակներ շարունակ Թել Ավիվի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մնացել է անփոփոխ. պրագմատիկ աշխարհաքաղաքական հաշվարկն ու Թուրքիայի՝ տարածաշրջանում մուսուլմանական գլխավոր դաշնակցի կարգավիճակը Իսրայելի ղեկավարությանը ստիպում էին կա՛մ մերժել, կա՛մ սառեցնել այս գործընթացը։ Սակայն այսօր Մերձավոր Արևելքում սկզբունքորեն այլ սցենար է ծավալվում։ Իսրայելի կառավարության քայլը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որն այժմ սպասում է Կնեսետի վերջնական վավերացմանը, փորձագետներին ստիպում է խոսել տարածաշրջանային քաղաքականության մեջ տեկտոնական տեղաշարժերի մասին։Ի՞նչ է թաքնված այս որոշման հետևում՝ պարզաբանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա գնահատմամբ՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին վերադառնալը պայմանավորված է ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների աննախադեպ սրմամբ, այլև Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողություններով։  Սաֆրաստյանը նշեց, որ գործընթացը պետք է դիտարկել միաժամանակ մի քանի հարթության վրա։

Ըստ նրա ՝ քաղաքական առումով Իսրայելը փորձում է պատասխան քայլ կատարել Թուրքիայի վերջին շրջանի կոշտ հակաիսրայելական հռետորաբանությանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման այս համատեքստում դառնում է քաղաքական ազդեցության գործիք, որով Իսրայելը հակազդում է Անկարայի հրապարակային մեղադրանքներին։

Սակայն, ըստ Սաֆրաստյանի, խնդիրը շատ ավելի խորքային է։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքը մտել է անորոշության փուլ, որտեղ տեղի են ունենում արագ զարգացող աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Չի բացառվում, որ առաջիկայում ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում կնվազի, ինչի արդյունքում կառաջանա ուժային վակուում, որի լրացման համար մրցակցում են տարածաշրջանի հիմնական դերակատարները։

«Այս պայմաններում թե՛ Իսրայելը, թե՛ Թուրքիան ունեն տարածաշրջանային առաջնորդության հավակնություններ։ Իսրայելը հենվում է իր աննախադեպ հզոր ռազմական ներուժի վրա, իսկ Թուրքիան արագ տեմպերով արդիականացնում է իր զինված ուժերը և ձգտում ընդլայնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Այս երկու ուժային կենտրոնների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունն աստիճանաբար խորանում է»,– նշում է նա։

Նրա գնահատմամբ՝ վերլուծական շրջանակներում արդեն քննարկվում է նույնիսկ հեռավոր, բայց տեսականորեն հնարավոր ռազմական առճակատման սցենարը Թուրքիայի և Իսրայելի միջև։ Այդ վտանգի հիմնական պատճառը Սիրիայում հակասող շահերն ու ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցությունն են։ 

Սաֆրաստյանի կարծիքով՝ Իսրայելի այս քայլը, ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը՞ չի փոխի Թուրքիայի վարքագիծը, սակայն կդառնա լրացուցիչ փաստարկ Իսրայելի քաղաքական և տեղեկատվական հռետորաբանության մեջ։ Նրա խոսքով՝ Անկարայի հետ հարաբերություններն արդեն իսկ գտնվում են այնքան սրված վիճակում, որ Իսրայելը այլևս զգալի կորուստներ չի ակնկալում դրանց հետագա վատթարացումից։

Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին՝ նա նշում է, որ այն համեմատաբար զուսպ էր։ Ըստ նրա՝ թուրքական հայտարարություններում գրեթե չկային այն կոշտ ժխտողական ձևակերպումները, որոնք սովորաբար օգտագործվում են Հայոց ցեղասպանության թեմայով։ Փոխարենը հայտարարությունների հիմնական թիրախը հենց Իսրայելն էր։

Ադրբեջանի արձագանքը նույնպես սպասվածից ավելի մեղմ էր։ Սաֆրաստյանը չի ակնկալում, որ Ադրբեջանը հետագայում կգնա ավելի կոշտ քայլերի։ Նա նշում է, որ շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ Իսրայելը դեռ որոշման հրապարակումից առաջ իրազեկել էր Բաքվին սպասվող նախաձեռնության մասին։ Թեև այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա դա վկայում է, թե որքան կարևոր է Ադրբեջանը Իսրայելի ռազմավարության համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Իսրայելի համար կարևոր նշանակություն ունի առաջին հերթին Իրանի ուղղությամբ իրականացվող քաղաքականության և անվտանգության հաշվարկների տեսանկյունից։ Բացի այդ, մեծ նշանակություն ունի նաև էներգետիկ համագործակցությունը. ադրբեջանական նավթը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարով հասնում է թուրքական Ջեյհան նավահանգիստ, որտեղից մատակարարվում է Իսրայել։

«Հենց այդ պատճառով Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ հնարավորինս բարձր մակարդակի հարաբերությունների պահպանմամբ։ Մի կողմից՝ նա հռետորաբանության մակարդակում հակազդում է Թուրքիային, մյուս կողմից՝ ամեն ինչ անում է, որպեսզի Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը չվնասվի»,– նշում է նա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top