Հեռացող խորհրդարանը հարյուր հազարավոր հայրենակիցների զրկում է ձայնի իրավունքից 

Հայաստանի քաղաքական կյանքում հերթական աննախադեպ սցենար է ծավալվում։ Կառավարությունը նախաձեռնել է իր լիազորությունների ժամկետն ավարտող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի գումարում։ Այս գումարման խորհրդարանը պետք է երկու ընթերցմամբ (ինչը նշանակում է քննարկման արագացված՝ 24-ժամյա ռեժիմի կիրառում), ընդունի սահմանադրական օրենք Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում վիճելի փոփոխությունների փաթեթը։

Oրինագիծը նստակեցության ցենզ է սահմանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար։ Այսուհետ, ձայնի իրավունքը պահպանելու համար, Հայաստանի քաղաքացին պետք է վերջին մեկ տարվա (365 օրվա) ընթացքում ֆիզիկապես գտնվի երկրի ներսում առնվազն 183 օր։

Նախագիծը ներկայացվել է մեծ շտապողականությամբ, առանց պատշաճ հանրային քննարկումների։ Օրինագծի իրավական ձևակերպումների հետևում թաքնված է ցինիկ քաղաքական հաշվարկ՝ ուղղված երկու մարտավարական խնդրի լուծմանը. արտերկրում գտնվող ընդդիմադիր էլեկտորատի չեզոքացմանը և հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության երաշխավորված ընդունմանը։

Պաշտոնական հիմնավորում. «բովանդակային կապի» տեսությունը

Օրինագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում դասական պետաիրավական տեսությանը։ Նրանք պնդում են, որ քաղաքացիությունը չպետք է լինի լոկ «ձևական-իրավական կապ» կամ պարզապես անձնագրի առկայություն։

Որպես հիմք է ծառայում 2011 թվականի մարտի 15-ի ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-945 որոշումը, որտեղ քաղաքացիությունը սահմանվում է որպես «փոխադարձ իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության ամբողջությամբ արտահայտվող կայուն իրավական կապ»։

Իշխանությունների տրամաբանությունն այսպիսին է. ընտրողները պետք է գտնվեն պետության կողմից ընդունվող որոշումների ազդեցության դաշտում. նրանք, ովքեր ամենօրյա ռեժիմով չեն ապրում երկրում, չեն կրում իրենց ընտրության ուղղակի սոցիալ-տնտեսական, հարկային և պաշտպանական հետևանքները։ Նոր կարգավորումները, ըստ հեղինակների, վերացնում են օրենսդրության մեջ առկա «տրամաբանական խզումը»՝ համապետական ընտրությունները բերելով ընդհանուր հայտարարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների հետ, որտեղ բնակության ցենզն արդեն իսկ գործում է։

Տեքստում նախատեսված է ընդամենը երկու բացառություն. 183 օրվա սահմանափակումը չի տարածվի պետական ծառայության բերումով արտերկրում գտնվող քաղաքացիների (դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլն) և արտասահմանյան բուհերում սովորող ուսանողների վրա։ Մնացած բոլոր կատեգորիաները՝ աշխատանքային միգրանտները, բուժման նպատակով մեկնած կամ անձնական գործերով ժամանակավորապես մեկնած քաղաքացիները, հայտնվում են սահմանափակումների ճնշման տակ։

Քաղաքական համատեքստ. վախ սփյուռքից և «ՌԴ գործոնը»

Հեռացող խորհրդարանի շտապողականությունը հասկանալու համար բավական է հիշել խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները։ Ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցությանը լուրջ մրցակցություն ցույց տվեց «Ուժեղ Հայաստանը»։ Այն ժամանակ իշխող թիմը լայնածավալ մեդիա հարձակում ծավալեց՝ մրցակցին մեղադրելով «ՌԴ-ից հայերին կաշառելու» մեջ՝ նրանց Հայաստան բերելու և իրենց օգտին քվեարկելու համար։

Սակայն այս մեղադրանքների հետևում թաքնված էր իրական վախը։ Հայաստանի գործող իշխանությունը հետևողականորեն վարում է Մոսկվայից աշխարհաքաղաքական հեռացման կուրս։ Ակնհայտ է, որ նման քաղաքականությունը հարվածում է Ռուսաստանում ժամանակավոր կամ  աշխատող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների դրությանը, իրավական կարգավիճակին և անվտանգությանը։ Հասկանալով, որ ընտրողների այս հսկայական զանգվածը ցանկացած ընտրությունում քվեարկելու է գործող ռեժիմի դեմ՝ իշխանությունը գտավ խնդրի արմատական լուծում՝ «183 օրվա կանոնի» օգնությամբ պարզապես ջնջել նրանց ընտրողների ցուցակներից։

Հանրաքվեի թվաբանությունը. ինչպես իջեցնել նշաձողը Նոր Սահմանադրության համար

Փոփոխությունների հեղինակների երկրորդ և, թերևս, ամենագլխավոր դրդապատճառը կապված է նոր Սահմանադրություն ընդունելու իշխանությունների ծրագրերի հետ։ Հայաստանի գործող օրենսդրությունը խիստ կանոններ է սահմանում՝ սահմանադրական հանրաքվեի հաջողության համար. նախագծին կողմ պետք է քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, իսկ «կողմ» քվեարկածների թիվը պետք է կազմի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի (այսինքն՝ ընտրական ցուցակներում ընդգրկված բոլոր անձանց) առնվազն մեկ չորրորդը (ոչ պակաս, քան 25%-ը)։

Խորը հանրային ապատիայի և բարեփոխումների հանդեպ անվստահության պայմաններում անվանական ընտրողների ընդհանուր թվից (հաշվի առնելով նաև երկրից դուրս գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների) 25% «կողմ» հավաքելը իշխանության համար գրեթե անիրականանալի խնդիր է։

Ներդրվող նստակեցության ցենզը ավտոմատ կերպով կրճատում է ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը։ Այն բազան, որից հաշվարկվում է բաղձալի 25%-ը, արհեստականորեն նվազում է։ 

Համապատասխանաբար, հանրաքվեն կայացած համարելու համար անհրաժեշտ ձայների բացարձակ թիվը կտրուկ նվազում է։ Իշխող էլիտան հեշտացնում է իր խնդիրը՝ բարձրացնելով նոր Սահմանադրությունն անցկացնելու շանսերը՝ «անհարմար» և բացակայող էլեկտորատը ջնջելու հաշվին։

Մարդու իրավունքների խախտում. աշխատանքը և բուժումը՝ օրենքից դուրս

Հայաստանը պատմականորեն բնակչության բարձր շարժունակություն ունեցող երկիր է։ Հազարավոր մարդիկ ամեն տարի մեկնում են արտերկիր։ Ինչ-որ մեկը մեկնում է սեզոնային աշխատանքի՝ տանը մնացած ընտանիքին կերակրելու համար. ինչ-որ մեկը մեկնում է բարդ բժշկական վիրահատությունների. շատերը մեկնում են միջնաժամկետ մասնագիտական դասընթացների կամ հետազոտական ծրագրերի, որոնք չեն հանդիսանում դասական «բուհական ուսուցում»՝ այսինքն  ընդգրկված չեն բացառություններում։

Այս բոլոր մարդիկ, պահպանելով անձնագիրը, քաղաքացիությունը և տնտեսական կապը հայրենիքի հետ (այստեղ գումար փոխանցելով և իրենց ընտանիքների միջոցով ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելով), զրկվում են հիմնարար քաղաքական իրավունքից՝ մասնակցել իրենց պետության ապագային վերաբերող որոշումների կայացմանը։ Նրանց փաստացի համարում են երկրորդ կարգի քաղաքացիներ։

Գլխավոր պարադոքսը. պարտականություննե՞ր առանց իրավունքների

Նոր բարեփոխման ամենախոցելի և էթիկապես վիճելի հանգույցը քաղաքացու իրավունքների և պարտականությունների հարաբերակցությունն է։

Այն երկրները, որտեղ պատմականորեն պահպանվում են քվեարկության համար ֆիղիկական բնակության խիստ ցենղ, որպես կանոն, ունեն պայմանագրային, կամավոր բանակներ, քանի որ  չունեն արտաքին էկզիստենցիալ սպառնալիք։ Նման պետությունների արտերկրում գտնվող քաղաքացին, ըստ էության, չունի պարտավորություններ։

Ի տարբերություն այդ երկրների Հայաստանում գործում է պարտադիր զինվորական ծառայություն։ Ըստ օրենքի՝ ցանկացած երիտասարդ՝ ՀՀ քաղաքացի, անկախ նրանից, թե որտեղ է բնակվում և տարեկան քանի օր է գտնվում Հայաստանի սահմաններից դուրս, պարտավոր է ներկայանալ զինկոմիսարիատ և կատարել իր պարտքը Հայրենիքին։ Ավելին, զորահավաքի կամ պատերազմի դեպքում պետությունը զինված ուժերի շարքեր է զորակոչում բոլոր զինապարտ քաղաքացիներին՝ անկախ վերջին 183 օրվա ընթացքում նրանց փաստացի բնակության վայրից։

Այստեղ առաջանում է հիմնարար իրավական և բարոյական փակուղի. եթե պետությունը բնակության սկզբունքի հիման վրա քաղաքացուց խլում է իր ձայնի իրավունքը՝ պատճառաբանելով, թե նա «այստեղ չի ապրում և չի զգում հետևանքները», ապա ի՞նչ հիմքով է պահպանվում բանակում ծառայելու և հնարավոր պատերազմին մասնակցելու պարտականությունը։

«Պարտականություններ առանց իրավունքների» բանաձևը կործանում է հենց այն հասարակական պայմանագիրն ու բովանդակային կապը, որի մասին այդքան հոգում են օրինագծի հեղինակները։ Խլելով հարյուր հազարավոր հայերից իշխանություն ձևավորելու իրավունքը՝ պետությունն իրեն իրավունք է վերապահում նրանցից պահանջել զոհաբերել իրենց կյանքը այն որոշումների համար, որոնք այդ իշխանությունը կայացնելու է կամ կայացրել է։

Առասպել «միջազգային փորձի» մասին

Օրինագծի հեղինակների փաստարկները, թե 183-օրյա բնակության ցենզի ներդրումը երկիրը մոտեցնում է «առաջադեմ համաշխարհային չափանիշներին», ջախջախվում են գլոբալ իրավական պրակտիկայի օբյեկտիվ վերլուծության դեպքում։ Ժամանակակից միջազգային իրավական ճարտարապետության մեջ սփյուռքի արհեստական իզոլացումը համապետական ընտրություններից համարվում է ոչ թե հասուն պետականության, այլ ընտրական մանիպուլյացիայի նշան։

Եվրոպայում ընտրական չափանիշները կարգավորող գլխավոր փաստաթուղթը՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարեխիղճ գործելակերպի կանոնագիրքը», պարունակում է ուղղակի և միանշանակ կարգավորումներ այս հարցի վերաբերյալ։

Միջազգային իրավունքը հստակորեն տարանջատում է ընտրությունների մակարդակները. ՏԻՄ ընտրություններում բնակության ցենզը ճանաչվում է լիովին տրամաբանական և օրինական։ Համարվում է, որ քաղաքապետ կամ ավագանի պետք է ընտրեն նրանք, ովքեր անմիջապես ապրում են այդ համայնքում, օգտվում են դրա ենթակառուցվածքներից և վճարում տեղական հարկեր։ Ընդ որում, նույնիսկ այստեղ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս սահմանել ցենզի առավելագույն ժամկետ՝ ոչ ավելի, քան 6 ամիս։

Համապետական ընտրություններում, ինչպես նաև հանրաքվեներում իրավիճակը սկզբունքորեն այլ է։ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ քաղաքացիության առկայությունն ինքնին մարդուն իրավունք է տալիս մասնակցել պետական իշխանության բարձրագույն մարմինների ձևավորմանը, որոնք որոշում են ողջ ազգի ռազմավարական կուրսը։ Նշանավոր ընտրությունների համար ֆիզիկական ներկայության խիստ ժամկետների ներդրումը պաշտոնապես որակվում է որպես համընդհանուր ընտրական իրավունքի անհիմն սահմանափակում։

Երբ Հայաստանում բարեփոխումների հեղինակները հայտարարում են, թե իրենք պարզապես «վերացնում են տրամաբանական խզումը» և խորհրդարանական ընտրությունների կանոնները համապատասխանեցնում են տեղականին, նրանք նենգափոխում են Վենետիկի հանձնաժողովի մշակումները՝ ինքնակառավարման նեղ կանոնները տարածելով ողջ երկրի մասշտաբով, ինչն ուղղակիորեն արգելված է եվրոպական կառույցների կողմից։

Ավելին, XXI դարի համաշխարհային ընտրական միտումն ուղղված է լիովին հակառակ ուղղությամբ. զարգացած պետությունները ոչ թե նեղացնում, այլ, ընդհակառակը, հետևողականորեն ընդլայնում են արտերկրում գտնվող իրենց քաղաքացիների ընտրական իրավունքները։ Զարգացած ժողովրդավարությունները զանգվածաբար հրաժարվում են երկրի տարածքում ֆիզիկական ներկայության  պահանջից։ Դրա փոխարեն նրանք ստեղծում են ճկուն իրավական և տեխնոլոգիական ինստիտուտներ, որոնք հայրենակիցներին թույլ են տալիս մնալ հայրենիքի քաղաքական մարմնի մաս։ Դրա համար ակտիվորեն զարգանում են. հեռավար էլեկտրոնային քվեարկությունը, փոստային քվեարկությունը, ընտրական տեղամասերի ճյուղավորված ցանցը դեսպանատներում և հյուպատոսություններում։

Հայաստանի իշխող շրջանակների կողմից առաջարկվող օրենսդրական նորամուծությունը իրակոնում խորը իրավական ռեգրես է՝ ընտրական համակարգը XIX դարի չափանիշներին վերադարձնելու փորձ՝ քաղաքացիության գաղափարը փակելով ֆիզիկական սահմանների ներսում։

Տեխնոլոգիական անախրոնիզմ. սահմանների ջնջում՝ դռները փակելու փոխարեն

Հեղինակների այն փաստարկը, թե արտերկրում գտնվող քաղաքացիները «կտրված են համատեքստից», քննադատությանը չի դիմանում թվայնացման և տեղեկատվական հասարակության դարաշրջանում։ Այսօր Հայաստանի քաղաքացին Մոսկվայում, Փարիզում կամ Լոս Անջելեսում գտնվում է իր երկրի հետ միասնական տեղեկատվական դաշտում. նա հետևում է նորություններին, ամենօրյա կապ է պահպանում ընտանիքի հետ, ներդրումներ է կատարում հայրենիքի անշարժ գույքի մեջ, դրամական փոխանցումներ է կատարում (որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը) և օգտվում է պետական ծառայություններից թվային հարթակների միջոցով։

Սակայն, հեռավար, էլեկտրոնային կամ փոստային քվեարկության ինստիտուտները զարգացնելու փոխարեն, Հայաստանը ընտրում է իր իսկ քաղաքացիներին մեկուսացնելու ուղին։ Հայտարարությունն այն մասին, թե 183 օրվա բացակայությունը զրոյացնում է քաղաքացու քաղաքական գործունակությունը, արհեստական կոնստրուկտ է, որը քողարկում է իշխանության վախը սեփական ժողովրդից, որը հայտնվել է վարչական ռեսուրսի հասանելիությունից դուրս։

Scroll to Top