Իսրայելի կառավարությունը ընդունեց Հայոց ցեղասպանությունը․ Ինչպե՞ս պետք է արձագանքի Հայաստանը

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին Իսրայելի կառավարությունը տասնամյակների մերժումից հետո միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Ի՞նչու այս որոշումն ընդունվեց հենց այս փուլում, արդյո՞ք այն բացառապես ուղղված էր Թուրքիային, թե ուներ նաև իրանական ենթատեքստ և ինչպիսի արձագանք պետք է տա Հայաստանը՝ հաշվի առնելով ինչպես Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները, այնպես էլ այն հանգամանքը, որ Թեհրանի գլխավոր հակառակորդը տարածաշրջանում Իսրայելն է։   Այս և այլ հարցեր մեկնաբանեց Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը։

Նրա գնահատմամբ՝ Իսրայելի այս քայլի հիմնական հասցեատերը Թուրքիան էր։ Նրա խոսքով՝ որոշումը պետք է դիտարկել վերջին տարիներին, հատկապես վերջին շրջանում, Իսրայելի և Թուրքիայի միջև կտրուկ սրված հարաբերությունների համատեքստում։

«Գլխավոր թիրախը, բնականաբար, Թուրքիան է՝ հաշվի առնելով վերջին տարիներին, հատկապես վերջին շրջանում, Իսրայելի և Թուրքիայի միջև առկա լարված հարաբերությունները։ Այն աստիճան, որ Բենիամին Նեթանյահուն պարբերաբար հայտարարում է, այդ թվում՝ վերջին հայտարարություններից մեկում, որ Էրդողանն ամեն օր խոսում է Իսրայելի վերացման մասին։ Սա հստակ քաղաքական նպատակ ունեցող հարված էր՝ ուղղված Թուրքիային»,– նշում է փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանի արձագանքին՝ փորձագետը նշում է, որ նման իրավիճակներում պետությունը պետք է կարողանա օգտագործել իր համար ստեղծված քաղաքական հնարավորությունները։

«Եթե քեզ համար ստեղծվել է նման բացառիկ հնարավորություն, ապա քաղաքականության ամենապարզ կանոններից ելնելով՝ պետք է այն օգտագործես։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությունների արձագանքին, որը մինչ այս պահը բացակայում է, ապա տրամաբանական կլիներ ողջունել նման որոշման ընդունումը»,– ընդգծում է նա։

Շահնազարյանի կարծիքով՝ պաշտոնական Երևանը կարող էր ողջույնի հայտարարությունը համատեղել տարածաշրջանում Իսրայելի վարած քաղաքականության վերաբերյալ սեփական գնահատականների հետ։

«Դրանից հետո Հայաստանը կարող էր հիշեցնել Իսրայելի ապակառուցողական դերակատարության մասին տարածաշրջանում՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած իրադարձություններին, 44-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի դերակատարությանը և իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին, որոնք ոչ միայն խախտել են ուժերի հավասարակշռությունը, այլև դարձել են տարածաշրջանի ապակայունացման գործոն։ Կարծում եմ՝ արձագանքը պետք է սահմանափակվեր հենց այդ շրջանակներում»,– նշում է նա։

Փորձագետի համոզմամբ՝ նման մոտեցումն ավելի հասկանալի և ընդունելի կլիներ նաև Իրանի համար։

«Այդ դեպքում, կարծում եմ, նույն տրամաբանությամբ հարցին կմոտենար նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ գիտակցելով, թե Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ նշանակություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Թեև, ինչպես արդեն նշեցի, գործող իշխանությունների քաղաքականության մեջ այս հարցը փաստացի մի կողմ է դրվել»,– ասում է Շահնազարյանը։

Խոսելով այն մասին, թե ինչ կարող է գործնականում տալ Իսրայելի որոշումը Հայաստանին, փորձագետը շեշտում է, որ կարևոր է ոչ թե միայն փաստը, այլ այն, թե որքան արդյունավետ Երևանը կկարողանա օգտագործել այն։

«Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այս հնարավորությունը։ Ընդհանրապես, ցանկացած քաղաքական քայլ կամ քաղաքական ակտ, որը հարվածում է Թուրքիային, Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգտագործել։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի ուղղությամբ ստեղծվող հնարավորություններին»,– նշում է նա։

Միևնույն ժամանակ, Շահնազարյանը կասկած է հայտնում, թե գործող իշխանություններն ընդհանրապես պատրաստ են օգտվել նման հնարավորություններից։

«Այստեղ հիմնական հարցն այն է՝ արդյոք գործող իշխանությունները նպատակ ունե՞ն օգտագործել նման հնարավորությունները, թե՞, ընդհակառակը, նախընտրում են դրանք անտեսել, չարձագանքել և մոռացության տալ՝ առաջնորդվելով իրենց այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությամբ, որը փորձում են ներկայացնել հանրությանը»,– եզրափակում է փորձագետը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top