IMEI գրանցումը կհանգեցնի վերահսկելիության աճի

Կառավարությունը որոշել է բոլոր բջջային հեռախոսների գրանցում իրականացնել։ IMEI-ը հեռախոսի 15-նիշանոց եզակի նույնականացման համարն է, որը հնարավորություն է տալիս նույնականացնել սարքը և դարձնել այն վերահսկելի։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս քայլը նշանակում է, որ վերահսկելիությունը տարածվում է ոչ միայն SIM քարտի, այլ նաև հենց հեռախոսի վրա, և ֆիզիկապես հնարավոր է դառնում պարզել, թե որ սարքն է օգտագործվում։

Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին փոխանցվելու են շատ մեծ ծավալի տվյալներ՝ հեռախոսի IMEI, SIM քարտի տվյալներ, անձնագրային տվյալներ, ինչպես նաև սահմանային շարժի վերաբերյալ տվյալներ։

Նա նշում է, որ եթե հեռախոսը պետական ռեեստրում գրանցված չէ, այն կարող է արգելափակվել։ Նրա խոսքով՝ սա կարող է խնդիրներ ստեղծել նաև զբոսաշրջիկների համար, քանի որ մարդը կարող է Հայաստան գալուց հետո որոշ ժամանակ անց հայտնվել իրավիճակում, երբ հեռախոսը անջատվում է և պետք է գնա գրանցման։

Մարտիրոսյանի խոսքով՝ սա հանգեցնում է անհամաչափ տվյալների հավաքագրման, որի վերահսկողության մեխանիզմները, նրա գնահատմամբ, հստակ չեն երևում։ Նա նաև հարցադրում է անում՝ արդյոք մի քանի հազար չգրանցված հեռախոսների խնդիրը լուծելու համար պետք է բոլորին դնել նման վերահսկողության համակարգի տակ։

Նա նշում է նաև, որ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել տուրք, որի չափը դեռ հստակ չէ, և դա լրացուցիչ բեռ է ընտանիքների բյուջեի վրա։

Մարտիրոսյանը նշում է, որ նման համակարգեր գործում են մի շարք երկրներում՝ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։

Նա ընդգծում է, որ խոսքը գնում է միջազգային փորձի մասին, և նման համակարգեր ներդրված են տարբեր պետություններում։

Scroll to Top