Հայ-ռուսական հարաբերությունները կարող են էլ ավելի վատանալ

Հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը բարդ է, և առաջիկայում այն կարող է ավելի վատանալ։ Այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրացման ներկա փուլի մասին։

Նրա խոսքով՝ այս պահին կողմերը չեն ձեռնարկում փոխադարձ քայլեր, որոնք կնպաստեին հարաբերությունների լարվածության թուլացմանը։ Այսպիսով չի բացառվում, որ առաջիկայում Ռուսաստանը Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկի ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Նրա կանխատեսմամբ՝ նոյեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի դեմ կարող են որոշում կայացնել կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ կազմակերպության մյուս հինգ անդամները, նրա գնահատմամբ, կարող են փորձել օգտվել կանոնադրության դրույթներից՝ սահմանափակելու Հայաստանի իրավունքները։ Բայց այսքանով ռուսական կողմը չի եզրափակվի

Գրիգորյանը չի բացառում, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում կարող է քննարկվել Հայաստանի անդամակցության կասեցման հարցը։

Նա ընդունել է, որ ԵԱՏՄ-ի գործող իրավական շրջանակը չի նախատեսում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հստակ մեխանիզմ։ Սակայն, նրա խոսքով, միության անդամ երկրները կարող են փորձել իրավական հիմքեր գտնել Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար։

Քաղաքագետը հիշեցրել է ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատրաստած զեկույցը, որում, ըստ նրա, փորձ է արվել հիմնավորել Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների ենթադրյալ չկատարումը՝ հղում անելով միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային։

Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի հասցեին այդ մեղադրանքներն անհիմն են։ Նա պնդել է, որ իրականում Ռուսաստանն է խախտում ԵԱՏՄ-ի միասնական շուկայի սկզբունքները՝ սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա։

«Իրականում ո՛չ ԵԱՏՄ-ի կանոնադրությամբ կա Հայաստանին հեռացնելու հնարավորություն, ո՛չ էլ Վիեննայի կոնվենցիայով կարելի է դա անել։ Բայց կասեցնել կարող են, և, իմ կարծիքով, կասեցումը կօգտագործեն մեր դեմ»,- նշել է քաղաքագետը։

Միաժամանակ նա չի բացառել, որ քաղաքական նման ցանկության առկայության դեպքում կարող են փորձել գտնել նաև համապատասխան իրավական հիմնավորումներ։

👉 Քաղաքականություն

Scroll to Top