Կուսակցությունների գույքի հարցը մնաց չլուծված. նոր ուժերը մրցում են անհավասար պայմաններում

Կուսակցությունների գույքի հարցը մնաց չլուծված. նոր ուժերը մրցում են անհավասար պայմաններում

Հայաստանում կուսակցական համակարգի առողջացման համար անհրաժեշտ էր անցումային արդարադատության գործիքների կիրառում, ինչը հնարավորություն կտար բացահայտելու ոչ մոիայ նախկին ընտրական գործընթացների խախտումները, այլ նաև անդրադառնալու կուսակցությունների կասկածելի ծագում ունեցող գույքի հարցին՝ ձևավորելով քաղաքական մրցակցության ավելի հավասար պայմաններ։ Նման կարծիքի է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը։ 

«Հայաստանում նոր ընդդիմություն է հարկավոր, ժողովրդավարական ընդդիմություն է անհրաժեշտ։ Այդ մասին պնդում ենք 2018 թվականից»,- նշել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ նոր քաղաքական ուժերի ձևավորման համար բավարար չէ միայն ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալը։ Կարևոր է նաև այն, թե ինչ մեկնարկային պայմաններում են նրանք մրցակցում արդեն կայացած կուսակցությունների հետ։

Աբրահամյանի գնահատմամբ՝ կուսակցական համակարգի առողջացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը նախկինում ձևավորված քաղաքական ուժերի ֆինանսական և գույքային ռեսուրսների անհավասարությունն է։ Նոր կուսակցությունները ստիպված են մրցակցել ուժերի հետ, որոնք ունեն զգալի ֆինանսական միջոցներ և անշարժ գույք, մինչդեռ մարզերում կուսակցական կառույցներ ստեղծելը և պահպանելը բավական թանկ գործընթաց է։

Կուսակցությունների գույքի հարցը մնացել է չլուծված

Աբրահամյանը հիշեցրել է, որ դեռևս պատգամավոր եղած ժամանակ՝ 2019 թվականի կեսերին, մեծածավալ փաստաթղթերի փաթեթ է ուղարկել դատախազություն՝ Հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գույքային ունեցվածքի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ հատկապես հարցեր կային համայնքներում կուսակցություններին պատկանող բազմաթիվ շենքերի ձեռքբերման և սեփականաշնորհման օրինականության, ինչպես նաև այն հանգամանքի վերաբերյալ, թե արդյոք համայնքային գույքը սեփականաշնորհվել էր իրական գներով։ «Այդ մասով այն ժամանակ դատախազությունը ոչինչ չարեց, ես հույս ունեմ՝ գոնե հիմա ինչ-որ բան կարող են դիտարկել»,- նշել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ նման հարցերի ուսումնասիրությունը պետք է դառնար քաղաքական դաշտի առողջացման գործընթացի մաս։ Խոսքը, նրա ընդգծմամբ, ոչ թե այլ կուսակցությունների համար քաղաքական դաշտը արհեստականորեն մաքրելու, այլ հնարավոր իրավախախտումներին պետության կողմից պատշաճ արձագանքելու մասին է։ Նա նշել է, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներ կան, սակայն դրանք վերաբերում են անհատներին, ոչ թե կուսակցություններին։ Մինչդեռ կուսակցությունների գույքային ռեսուրսների ծագման և ձևավորման հարցերը նույնպես կարևոր են քաղաքական մրցակցության պայմանները հասկանալու համար։ 

Ինչու՞ անցումային արդարադատությունը կարող էր կարևոր լինել

Աբրահամյանի համոզմամբ՝ կուսակցական համակարգի առողջացման հարցում անցումային արդարադատությունը կարող էր առանցքային դեր ունենալ, քանի որ որոշ դեպքերում սովորական դատական գործընթացներով հնարավոր չէր լուծել անցյալի բոլոր խնդիրները։

Նրա խոսքով՝ 1995 թվականից ի վեր Հայաստանում ընտրական գործընթացների վերաբերյալ եղել են քվեների խլման և պետական իշխանության զավթման մասին պնդումներ ու փաստարկներ։ Սակայն ժամանակի ընթացքում նման դեպքերին իրավական ճանապարհով վերադառնալը բարդացել է՝ ապացույցների բացակայության և վաղեմության ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։

«Ինչ-որ մի պահի, կարծում եմ, հասկանալի դարձավ, որ այդ մասով իրավական ճանապարհով առաջ գնալը գրեթե անհնար է։ Բավական շատ խնդիրներ կան՝ փաստերի բացակայություն, ժամկետների հարցեր և այլն»,- նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ սահմանափակումներն էին պատճառը, որ անհրաժեշտ էր կիրառել անցումային արդարադատության ավելի ճկուն մեխանիզմներ։ Դրանք չէին սահմանափակվի միայն դատական քննությամբ, այլ հնարավորություն կտային նաև հետաքննական այլ գործիքներով բացահայտել խնդիրները, հանրային քննարկում ծավալել և գտնել դրանց լուծման տարբերակները։

«Դրա համար էինք պնդում, որ անցումային արդարադատության մեխանիզմներ կիրառվեն, որովհետև դրանք բացառապես իրավական ճանապարհ չեն, այլ նաև հետաքննական և այլ տարրեր են պարունակում, որոնք հնարավորություն կտային խնդիրները վեր հանել, դրանց մասին խոսել և համատեղ լուծումներ գտնել»,- ասել է նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ գործընթացը կարող էր նպաստել նաև հասարակական հաշտեցմանը։ Ընդ որում՝ հաշտեցումը պարտադիր չէ, որ սահմանափակվեր ներողություն խնդրելով. հնարավոր էր քննարկել նաև նախկինում տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվության և հետագա քաղաքական մասնակցության բացառման հարցերը։

Նրա խոսքով՝ անցումային արդարադատության գործիքների կիրառումը հնարավորություն կտար մշակել տարբեր իրավիճակներին համապատասխան լուծումներ՝ չսահմանափակվելով այն դատական գործընթացներով, որոնք շատ դեպքերում այլևս հնարավոր չէր իրականացնել։

Աբրահամյանի գնահատմամբ՝ կուսակցական համակարգի առողջացման խնդիրը հենց այս համատեքստում է պետք դիտարկել․ առանց անցյալի խնդիրներին անդրադառնալու, հնարավոր իրավախախտումների քննության և քաղաքական պատասխանատվության հարցերը լուծելու՝ դժվար է ապահովել նոր ժողովրդավարական ուժերի ձևավորման ու կայացման համար անհրաժեշտ պայմանները։

Scroll to Top