Հայաստանի իշխանությունները կզիջե՞ն միջանցքը Թուրքիայի հետ սահմանը մասնակի բացելու դիմաց

Այս պահին որևէ քննարկվելիք լուրջ հարց Հայաստանն ու Թուրքիան չունեն, ամեն ինչ պարզ է: Այս կարծիքն է հայտնել Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցը Անկարա։

«Փաշինյանի՝ Անկարա հնարավոր այցը, ըստ ամենայնի, տեղի կունենա։ Դատելով նաև երեկվա մամլո քարտուղարի արձագանքից՝ կարելի է ենթադրել, որ այցի մասին կհայտարարվի ըստ սահմանված դիվանագիտական ընթացակարգի։ Սովորաբար նման մակարդակի այցերը նախապես հրապարակայնացվում են, երբ արդեն որոշում կայացված է։ Այս առումով, կարելի է կանխատեսել, որ այցը հավանական է։ Հարցն այլ է՝ ինչ օրակարգ է ակնկալվում, քանի որ այս պահին հայ-թուրքական երկխոսության կոնկրետ հարցեր կարծես թե չկան՝ Հայաստանը շարունակում է հանդես գալ սահմանների բացման առաջարկով, մինչդեռ Թուրքիան շարունակում է պայմանավորել այդ գործընթացը Ադրբեջանի համաձայնությամբ»։

Միրզոյանի խոսքով՝ չնայած օրակարգը մնում է անորոշ, չի բացառվում, որ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկման հիմնական առարկա դառնա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Թուրքական կողմը շարունակում է պնդել միջանցքի անհրաժեշտության մասին և այդ պահանջը դիտարկում է որպես նախապայման։ Ադրբեջանն էլ, ըստ էության, հանդես է գալիս նույն պահանջով՝ թուրքական կողմի աջակցությամբ։ Այնպես որ հավանական տարբերակներից մեկը Զանգեզուրի միջանցքն է, որը, ես չեմ բացառում, որ կփորձեն փոխկապակցել նաև հայ-թուրքական սահմանի ինչ-որ հատվածի բացման հետ», — նշեց նա։

Միրզոյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախապես չեն արձանագրվել ակնհայտ շփումներ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով, մինչդեռ նման այցերին սովորաբար նախորդում են համապատասխան դիվանագիտական նախապատրաստական աշխատանքներ՝ ԱԳՆ պաշտոնյաների մասնակցությամբ։

«Սա կարող է վկայել, որ պաշտոնական խողովակին զուգահեռ գոյություն ունի նաև ոչ ֆորմալ շփման մեխանիզմ, որը թույլ է տալիս անմիջական հաղորդակցություն երկու երկրների ղեկավարների միջև։ Եվ դա իմ կարծիքով բավականին վտանգավոր է, որովհետև նման խողովակները, եթե գոյություն ունեն, դրանք գտնվում են ամբողջովին հանրային վերահսկողությունից դուրս և կապված են սոսկ 1-2 մարդկանց քմաճույքից և գիտելիք մակարդակից, իսկ այդ առումով մենք բավականին խորհելու տեղ ունենք», – եզրափակեց Միրզոյանը։

Scroll to Top