Հայաստանում առավել թանկացել են սննդամթերքը, տրանսպորտն ու կրթությունը

Հայաստանում առավել թանկացել են սննդամթերքը, տրանսպորտն ու կրթությունը

Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին Հայաստանում պահպանվել է չափավոր, սակայն լայն սպառողական շերտերի վրա ազդող գնաճ։ Սննդամթերքի, տրանսպորտի և կրթության ոլորտներում արձանագրված թանկացումները շարունակում են մնալ սոցիալ–տնտեսական ամենազգայուն խնդիրներից մեկը, իսկ գնաճի կառուցվածքը վկայում է, որ հիմնական ճնշումը շարունակում է կրել առօրյա սպառումը։

Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է սպառողական գների 3.3 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակելով սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տարեկան ամփոփ տվյալները:

Միայն 2025 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական գների ընդհանուր մակարդակը աճել է 1.2 տոկոսով, իսկ տարվա ընթացքում միջին ամսական գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն բարձր է 2024 թվականի համապատասխան ցուցանիշից։

Սննդամթերքի շուկայում գնաճը շարունակվում է

Տարեսկզբից մինչև տարեվերջ առավել բարձր գնաճ է արձանագրվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում։ 2025 թվականին այդ խմբում գների աճը կազմել է 4.3 տոկոս, միայն դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 2.9 տոկոս։

Էապես թանկացել են մսամթերքը, ձուկն ու ծովամթերքը, կաթնամթերքը, ձուն և յուղերը։ Տավարի, խոզի և գառան մսի գներն աճել են 11–14 տոկոսով, իսկ ձվի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է ավելի քան 7 տոկոսով։ Ձկան շուկայում առանձնանում է «իշխան» տեսակը, որի գինը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 18 տոկոսով։

Միևնույն ժամանակ բանջարեղենի շուկայում արձանագրվել է հակասական պատկեր․ տարեկան կտրվածքով գրանցվել է 7.5 տոկոս գնանկում, սակայն դեկտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, բանջարեղենի գները աճել են 12.5 տոկոսով, ինչը պայմանավորված է սեզոնային գործոններով։

Ալկոհոլ, ծխախոտ և ոչ պարենային ապրանքներ

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների շուկայում նույնպես պահպանվել է գնաճի միտումը։ 2025 թվականին այդ խմբում գների աճը կազմել է համապատասխանաբար 5.5 և 8.7 տոկոս։

Ոչ պարենային ապրանքների շուկայում ընդհանուր գնաճը համեմատաբար զուսպ է եղել՝ տարեկան 0.9 տոկոս։ Հագուստի և կոշիկի գների փոփոխությունները հիմնականում աննշան են եղել, իսկ որոշ ապրանքների դեպքում նույնիսկ գրանցվել է գնանկում։ Միաժամանակ զգալի աճ է արձանագրվել ոսկերչական իրերի շուկայում, որտեղ գները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 39 տոկոսով։

Ծառայությունների ոլորտը՝ աճի առաջատարներից

Ծառայությունների սակագների շուկայում 2025 թվականին արձանագրվել է 3.1 տոկոս աճ։ Առավել նկատելի թանկացումներ են գրանցվել տրանսպորտի ծառայությունների, կրթության և առողջապահության ոլորտներում։

Տրանսպորտային ծառայությունների սակագները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 24 տոկոսով, իսկ բարձրագույն կրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում գների աճը գերազանցել է 8 տոկոսը։ Բժշկական ծառայությունների սակագներն աճել են շուրջ 2 տոկոսով, իսկ ստոմատոլոգիական ծառայությունները՝ ավելի քան 5 տոկոսով։

Վառելիք և փոխարժեք

Վառելիքի շուկայում 2025 թվականին պահպանվել է հարաբերական կայունություն։ Տարվա ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.2 և 4.1 տոկոսով։ Միևնույն ժամանակ հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան) գները տարեվերջին ամսական կտրվածքով կտրուկ աճ են արձանագրել՝ հասնելով միջինը 193.6 դրամի։

Տարեվերջին սպառողական գների 3.3 տոկոս աճը ուղեկցվել է դրամի արժևորմամբ։ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 381.5 դրամ՝ նախորդ տարվա 396.5 դրամի դիմաց։

Scroll to Top