2026 թվականի ամռանը նախատեսված խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքային թեմաներից են։ Իշխանության վերարտադրության կամ փոփոխության հնարավորությունը արդեն այսօր դառնում է ակտիվ քննարկումների առարկա՝ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հանրային դիսկուրսում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը տեսականորեն հնարավոր է, սակայն դրա իրագործելիությունը ամբողջությամբ կախված է ընդդիմության աշխատանքից և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերաբերմունքից։
Ընտրություններով իշխանափոխություն՝ տեսականորեն հնարավոր
Բադալյանը ընդգծում է, որ ընդհանուր առմամբ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը գոյություն ունի։ Սակայն այդ հնարավորությունը ինքնաբերաբար չի իրականանում միայն այն պատճառով, որ գործող վարչապետի նկատմամբ հանրային անվստահությունը բարձր է։
«Նիկոլ Փաշինյանի հանդեպ այսօր կա հանրային մեծ անվստահություն, այսինքն՝ նրա անտիռեյտինգը բավականին բարձր է, սակայն դա ինքնին դեռ չի նշանակում, որ կա դրական ռեյտինգ ընդդիմության համար», – նշում է քաղաքական մեկնաբանը։
Ըստ նրա՝ սա հիմնարար սխալ ընկալում է, որը հաճախ կա ընդդիմադիր դաշտում․ բարձր անտիռեյտինգը գործող իշխանության համար ավտոմատ չի վերածվում քաղաքական կապիտալի ընդդիմության համար։
Հանրային անտարբերության խնդիրը՝ առանցքային խոչընդոտ
Բադալյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային հետաքրքրության մակարդակը ներկայումս բավարար չէ իրական փոփոխության համար։ Գործող հետաքրքրությունը հիմնականում սահմանափակվում է ընդդիմության համակիրների շրջանակով, ինչը չի կարող ապահովել ընտրական հաղթանակ։
Քաղաքական մեկնաբանը ուշադրություն է հրավիրում սոցիոլոգիական հարցումների վրա, որոնց համաձայն՝ հասարակության շուրջ 60–70 տոկոսը դռսևորում է քաղաքական անտարբերություն, չի վստահում քաղաքական ուժերին և չի մասնակցում քաղաքական գործընթացներին։
«Եթե այս շերտի հետ աշխատանք չտարվի, ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելու տրամաբանությունը այդպես էլ կմնա տեսական մակարդակում», – նշում է Բադալյանը։
Նոր հանրային շերտերի ներգրավման անհրաժեշտությունը
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ ընդդիմության առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը նոր հանրային շերտերի ներգրավումն է քաղաքական գործընթացներին։ Առանց դրա հնարավոր չէ ձևավորել այն լայն ընտրազանգվածը, որը կարող է որոշիչ դեր խաղալ ընտրությունների ժամանակ։
Այս նպատակով ընդդիմությունը, Բադալյանի կարծիքով, պետք է գտնի ռացիոնալ քաղաքական ձևաչափեր՝ հնարավորինս լայն ընդգրկում ապահովելու համար։ Խոսքը կարող է լինել մի քանի ընդդիմադիր, սակայն իրատեսական ու փոխլրացնող ձևաչափերի մասին, որոնք կկարողանան աշխատել տարբեր սոցիալական խմբերի հետ։
«Ինչպես կլուծվի այդ հարցը, դրանից էլ կախված կլինի՝ արդյոք հնարավոր կլինի ընտրության միջոցով հեռացնել Փաշինյանին», – ընդգծում է նա։
Փաշինյանի վերարտադրության համանականություն
Բադալյանի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու հնարավորությունը ավելի շատ պայմանավորված է ոչ թե իր սեփական ուժեղ կողմերով, այլ ընդդիմության աշխատանքի արդյունավետությամբ կամ դրա բացակայությամբ։
«Ըստ իս՝ Փաշինյանի վերարտադրվելու հնարավորությունն այսօր կախված է ընդդիմության աշխատանքից։ Եթե ընդդիմությունը չաշխատի արդյունավետ, հենց այդ դեպքում է, որ Փաշինյանը կարող է լուծել իշխանությունը պահելու հարցը», – նշում է քաղաքական մեկնաբանը։
Բադալյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հայեցակարգի դաշտում չունի իրական դաշնակիցներ, որոնք կարող են էապես համալրել նրա ընտրազանգվածը կամ բարձրացնել նրա վարկանիշը։
«Նա իր իշխանության դաշտում չունի այնպիսի աջակից գործընկեր, որը կարող է իրական էլեկտորալ արժեք բերել», – ասում է Բադալյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը կարող է հենվել միայն սեփական քաղաքական ռեսուրսի վրա, և դա էլ ունի իր սահմանները։
Տեղական ընտրությունները՝ որպես ազդակ
Որպես օրինակ նա հիշատակում է տեղական ընտրությունները՝ մասնավորապես Գյումրիում և Վաղարշապատում տեղի ունեցած գործընթացները։ Դրանք, նրա գնահատմամբ, ցույց են տալիս, որ Փաշինյանը չի կարող իր խնդիրները լուծել կոալիցիոն կամ գործընկերային մեխանիզմների միջոցով։
Վաղարշապատի օրինակը, ըստ Բադալյանի, հատկապես խոսուն է․ Փաշինյանին ակտիվորեն աջակցող ուժերից մեկը ընդամենը մի քանի տասնյակ ձայնի պակասի պատճառով չհաղթահարեց ավագանի անցնելու շեմը, սակայն վարչապետը որևէ կերպ չմիջամտեց իրավիճակին և չփորձեց կոալիցիոն մեխանիզմներով ապահովել այդ ուժի ներկայությունը։
Սա, Բադալյանի կարծիքով, վկայում է այն մասին, որ Փաշինյանը գիտակցում է՝ «իր քաղաքական դաշտում ինքը ամենաուժեղ ֆիգուրն է, իսկ մնացած դերակատարները չափազանց հեռու են նույնիսկ նրան լրացնող ուժ լինելու հնարավորությունից»։
Բադալյանի գնահատմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանափոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը կարողանա հաղթահարել քաղաքական անտարբերությունը, ներգրավել նոր հանրային շերտեր և առաջարկել արդյունավետ, ռացիոնալ քաղաքական ձևաչափեր։ Հակառակ դեպքում, գործող իշխանության վերարտադրությունը տեղի կունենա ոչ թե սեփական ուժեղության, այլ ընդդիմության թուլության հաշվին։

