Հայաստանին սպասվում է մեծ հարված դրսից, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ ներկայիս հարձակումները փորձ են՝ շեղելու հանրության ուշադրությունը։ Այսպիսի տեսակետ է հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս հարձակումը համակարգված է և ուղղված է ինստիտուցիոնալ կերպով հենց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ «Երբ Փաշինյանը սկսում է գործել «գժականի սահմանին», պետք է սպասել արտաքին վտանգի։ Սա արդեն օրինաչափություն է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ դրսից սպառնալիք է գալիս՝ մեծ հարված, նա ներսում արհեստական օրակարգեր է ստեղծում՝ հանրության ուշադրությունը շեղելու համար», — նշում է Մանուկյանը։ Նա համոզված է, որ այդ հարվածները հիմնականում վերաբերելու են Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը։
Մանուկյանի խոսքով՝ այն փաստը, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն չեն հրաժարվել Իրանի դեմ ռազմական տարբերակից, վտանգ է պարունակում նաև Հայաստանի համար։ «Երբ խոսքը գալիս է Իրանի վրա հնարավոր հարձակման մասին, դա կարող է ստեղծել շատ վտանգավոր իրավիճակ նաև Հայաստանի համար։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում, Իսրայելն ու ԱՄՆ-ն չեն հրաժարվել Իրանի դեմ ռազմական տարբերակից։ Իսկ եթե Իրանի վրա հարված լինի, դա կարող է ամբողջությամբ խառնել տարածաշրջանի խաղի կանոնները։»։
Այս իրավիճակին զուգահեռ, Ադրբեջանը շարունակաբար զինվում է՝ շատ ավելի արագ տեմպերով, քան Հայաստանը։ «Վերջին օրինակը՝ մի քանի օր առաջ Պակիստանից 40 կործանիչի գնման մասին լուրն էր։ Զավեշտն այն է, որ հենց իրենք են մեզ մեղադրում զենք ձեռք բերելու, պրովոկացիաներ կազմակերպելու և ռևանշիզմի մեջ, մինչդեռ իրենք նույնն են անում՝ կրկնակի, եռակի չափով։ Իսկ հայկական կողմից՝ որևէ արձագանք չկա», — ասաց Մանուկյան:
Նա նշեց, որ այս ամենի ֆոնին Բաքուն շարունակում է պնդել իր պահանջները։ «Ադրբեջանի պահանջները ուղղակի են։ Նրանք պահանջներ ունեն Նիկոլ Փաշինյանից՝ կապված ինչպես Եկեղեցու, այնպես էլ բանակի, ինքնության և պետական սուվերենության հետ։ Եվ Փաշինյանը արձագանքում է դրանց՝ անթաքույց կերպով։ Այս արշավը նաև Ադրբեջանի համար «ցուցադրություն» է. «Տեսեք, ներսում ձեր պահանջներն արդեն կատարվում են, եկեղեցին ապամոնտաժվում է՝ ի պատասխան Շվեյցարիայում արված հայտարարությունների»։ Նա այս ամենը մատուցում է որպես խաղաղության պայմանագիր ստորագրելու վճար», — նշում է ընդդիմադիրը։
Նրա խոսքով՝ անկախ այս ամենից, պայմանագրի ստորագրում չի լինի։ «Մարտից արդեն հայտարարվել էր, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց մինչ այժմ որևէ առաջընթաց չկա։ Փաշինյանի վերջին ելույթներում անգամ այդ պայմանագրի թեման գրեթե բացակայում է։ Չի լինելու այդ պայմանագիրը։ Ադրբեջանի կողմը նույնիսկ ընդգծեց, որ նույնիսկ եթե տեքստը համաձայնեցված լինի, դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են։ Իսկ այդ չլուծվածների մեջ են փախստականների վերադարձը, Մինսկի խմբի լուծարումը, մեր խորհրդանշաններից հրաժարվելու հարցը, Սյունիքի միջանցքը և այլն»։
Ադրբեջանը չի շտապում, վստահ է Մանուկյանը, քանի որ այս իրավիճակը նրան ավելի քան հարմար է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ «Առավել ևս, երբ հայկական կողմը ձայն չի հանում։ Միակ զբաղմունքը ներքին օրակարգեր ստեղծելն է։ Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը՝ Ադրբեջանը պահպանում է իր համար առավելագույնս նպաստավոր իրավիճակ՝ ճնշումները մեծացնելու համար, մինչդեռ Հայաստանը զբաղված է ներքին ուշադրության շեղմամբ», — եզրակացնում է նա։

